Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները Zarkerak - Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները
Zarkerak Zarkerak - Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները
Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները

Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները

Քաղաքացիական պաշտպանության կառույցները պատսպարանները՝ թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգն օրակարգ բերեց ապաստարանների, թաքստոցների հետ կապված հարցերը․ դրանք քննարկվում են նաև սոցիալական հարթակներում, որից պարզ է դառնում՝ հանրությունը խիստ մտահոգ է այս հարցով։  

Հայաստանում ի՞նչ վիճակում են ապաստարանները, թաքստոցները, որքա՞ն ժամանակը մեկ են ստուգվում և որո՞նք են առկա խնդիրները, այս հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցեց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի հետ:

«Մեր աշխատանքներն ապաստարանների հետ կապված տարեկան պլանով պլանավորված են: Այդ պլաննեերի համաձայն մեր մասնագետները պարբերական այցելություններ են կատարում համապատասխան տարածքներ, օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կամ համատիրության աշխատողների հետ շրջայցեր են կատարում, արձանագրում են առկա թերությունները, տալիս են առաջարկություններ, որ այդ կառույցները բերվեն պատրաստ վիճակի: Մենք ուսումնասիրում ենք և՛ բազմաբնակարան շենքերի, և՛ մասնավոր տների, և՛ կազմակերպությունների պատսպարվելու վայրերը: Արձանագրված թերությունները ներկայացնում ենք պատկան մարմիններին համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

Սնգրյանի խոսքով՝ ամեն կազմակերպության ղեկավար, ամեն կառույցի ղեկավար ինքն է պատասխանատու իր բնակչության պատսպարման միջոցառումների կազմակերպման և իրականացման համար.«Մեր այցելություններն ավելի շատ մեթոդական բնույթ են կրում, օրինակ՝ մեր մասնագետը մտնում է որևէ տարածք, եթե տեսնում է ինչ-որ մի բան, որը նվազեցնում է բնակչության պաշտպանվածության մակարդակը, օրինակ կիսանկուղային հատված, որն ունի պատուհանաբացվածքներ, դրանք արդեն իսկ ռիսկը մեծացնում են այդտեղ գտնվող մարդկանց համար, մենք հասցեական ասում ենք, որ օրինակ ավազե պարկերով փակեն այդ տարածքները: Մեր առաջարկությունները ներկայացնում ենք համատիրության միջոցով պատկան մարմիններին, որ իրենք լուծում տան այդ հարցերին, կամ հենց նույն տնտեսվարող սուբյեկտներին բացատրում ենք՝ իրենք ինչ անեն»:

Էդան Սնգրյան

Սնգրյանը նշեց, որ ամեն ամիս բոլոր մարզերում   ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվում են 500-600 շենք-շինություններ կամ պատսպարման վայրեր և նույն չափով էլ Երևան քաղաքում. «Ուսումնասիրության արդյունքներն ամեն ամսվա կտրվածքով անում ենք և զեկուցում մեր ղեկավարությանը, այս գործընթացը շարունակական է:  Եթե ինչ-որ վտանգավոր բան ենք նկատում և զգուշացնում ենք, ապա որոշ ժամանակ հետո նորից ենք ուսումնասիրություն անցկացնում՝ տեսնելու արդյոք այդ թերությունները վերացվել են, թե՝ ոչ»:

Էդան Սնգրյանն անդրադարձավ նաև ապաստարանների և թաքստոցների տարբերությանը. «Ապաստարաններ կառուցված են այն հիմնարկ-ձեռնարկություններում, որոնք ռազմական դրության ժամանակ պետք է անցնեն շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Թաքստոց են համարվում նկուղները, հանքախորշերը, մետրոպոլիտենը, ավտոկայանատեղիները, այսինքն՝ գետնից ցածր տարածքները: Այն հատվածներում, որտեղ չկան պաշտպանական կառույցներ ՏԻՄ-ը տվյալ տարածքի բնակչության հետ ձեռնամուխ է լինում պարզագույն թաքստոցների շինարարությանը: Պարզագույն թաքստոցը գետնից ցածր ինչ-որ հողատարածք է, որը վերևից ծածկված է: Մեր ամբողջ աշխատանքի իմաստն այն է, որ նախօրոք մարդկանց պատրաստենք, թե իրենց ինչ է սպասվում»:

ԱԻՆ պաշտոնյան շեշտում է, որ մարդիկ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն իրենց վարվելակերպի կանոններին. «Մարդիկ  այսօր տանն են, վաղը փողոցում, հաջորդ օրը երթուղայինում և այդպես շարունակ, կարևորը, որ նրանք իմանան տվյալ իրավիճակում ինչպես գործեն, պետք է խուճապի չմատնվեն և արագ կողմնորոշվեն»:

Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ևս տեղեկատվություն ստանալ, թե ինչ քայլեր են իրենց կողմից ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ այս պահին վարչական շրջաններում ընթանում են կցագրման ճշգրտման աշխատանքներ, թե որ շենքի բնակիչների թաքստոցը որտեղ է լինելու: Միաժամանակ, ուսումնասիրություններ են արվում, տեսնելու համար, թե արդեն մաքրված տարածքներում արդյոք նորից շինաղբ չի թափվել, որպեսզի, ըստ անհրաժեշտության դրանք ևս մաքրվեն: Այս աշխատանքներին մասնակցում են վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը՝ համատիրությունների հետ մեկտեղ: Զուգահեռաբար, արդեն ունենք որոշակի վարչական շրջաններ, որտեղ բուն թաքստոցների տարածքների մաքրման աշխատանքները կամ ավարտվել են, կամ արդեն ընթանում են: Ըստ շենքերի գտնվելու վայրերի՝ այս կամ այն թաքստոցների կոնկրետ տեղերի մասին բնակիչները կիրազեկվեն շենքերի մուտքերի մոտ, տեսանելի վայրերում փակցված թերթիկներով: Այս օրերին, ըստ կրթադաստիարակչական շենք-շինությունների քաղպաշտպանության պլանների, նաև ուսումնասիրվություններ են ընթանում քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում, որպեսզի դարձյալ, անհրաժեշտության դեպքում  թաքստոցները պատսպարմանը պատրաստ լինեն»:

Zarkerak.am-ի հետ զրույցում կառուցապատող ընկերության նախագահ Արմեն Սաքապետոյանն էլ անդրադարձավ թաքստոցների հետ կապված նորակառույց շենքերում տիրող իրավիճակին. «Գրեթե բոլոր նորակառույցներն իրենց մեջ ներառում են ավտոկայանատեղիներ ստորգետնյա հարկերում՝ առնվազն 1-ից մինչև 3 հարկ: Այդ տարածքներում կան օդափոխության համակարգեր, հրդեհաշիջման համակարգեր ու, ըստ էության, ցանկացած նկուղային տարածքներն ու ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոցներ: Բայց, թե դրանք ինչքանով են համապատասխանում նախատեսված թաքստոցների տեխնիկական պայմաններին, ես չեմ կարող ասել»:

Սաքապետոյանի խոսքով՝ նախագծերով իրենց երբևէ չի պարտադրվել, որ օրինակ ստորգետնյա ավտոկայանատեղիները պետք է համապատասխանեն ինչ-որ նորմերի, որոնք սահմանված են թաքստոցների համար. «Կարող եմ ասել, որ նորակառույց շենքերն ունեն բոլոր պայմանները, որպեսզի պատերազմական այս կամ այն աղետի ժամանակ մարդիկ կարողանան այնտեղ պատսպարվել: Այն պահանջները, որոնք կառուցապատողի առջև դրվում են որպես քաղաքաշինական նորմեր բավարար են, որպեսզի այդ տարածքները ծառայեն որպես թաքստոցներ»:

Իսկ թե ինչ վիճակում են Երևանում բազմաբնակարան շենքերի նկուղները, կառուցապատող ընկերության նախագահը նշեց. «Ըստ իմ տեղեկությունների՝ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը հիմնականում զավթած են կամ գտնվում են անմխիթար վիճակում և երևի 20 տոկոսն է, որը հնարավոր է շահագործել որպես թաքստոց: Հիմա, միգուցե, վերանորոգման աշխատանքներ են տարվել, բայց 2020 թվականի դրությամբ այդ վիճակն էր»:

 

Աննա Բզնունի

 

 

23 Սեպտեմբեր, 2022 17:07
Վեր