Հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանից աստիճանաբար տեղափոխվում է մարզեր և արդեն 2025 թվականին այն ամբողջությամբ կգործի միայն մարզերում: Այս ծրագրով զարկ կտրվի մարզերում բնակարանաշինության ակտիվացմանն ու զարգացմանը:

Որքանով մարդկանց համար գայթակղիչ կդառնա մարզերում բնակարան ձեռք բերելը, հիմնականում ո՞ր մարզերում կարձանագրվի բնակարանաշինության ակտիվացում և որքանո՞վ այն ձեռնտու կլինի և՛ գնորդին, և՛ կառուցապատողին, այս հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցեց «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի հետ:

Արմեն Սաքապետոյան
«Մարզերում բնակարանաշինությունը պետք է բաժանել պայմանական 2 մասի: Հենց դասական բնակարանաշինություն, այսինքն՝ տարածք, որտեղ մարդիկ հետո բնակվում են և բնակարանաշինություն արդեն կոմերցիոն նպատակներով, այսինքն՝ բնակարաններ են կառուցվում, բայց այդ բնակարանները կառուցվում են այնպիսի տեղերում, օրինակ՝ Ծաղկաձոր կամ Դիլիջան, որն ավելի ներդրումային ֆակտոր է իր մեջ ներառում, մարդիկ հիմնականում գնում են ոչ թե նրա համար, որ բնակվեն, այլ որպես բնակելի տուն վարձով տան և եկամուտ ստանան: Եթե վերցնում ենք այս տարբերակը, այսինքն՝ այն բնակարանաշինությունը, որը հետագայում կոմերցիոն նպատակներ է ենթադրում, ապա որպես մարզային քաղաքաշինություն դա սկսել է իրականացվել 2019-20 թվականներից, այսինքն՝ Ծաղկաձորում և Դիլիջանում այս սեգմենտի մեջ ունենք բավականին մեծ կառուցապատում: Մարզերում կառուցապատման զարգացումը պայմանավորված է հիմնականում այս հանգամանքով»:

Խոսելով եկամտային հարկի վերադարձի օրենքի մասին՝ Սաքապետոյանը նշեց. «Օրենքի ընդունումից հետո միտում է նկատվում, որ դասական բնակարանաշինության մոտ 80 տոկոսն իրականացվում է երևանամերձ հատվածներում (Զովունի, Ավան-Առինջ և այլն), մնացած 20 տոկոսը՝ Երևանին մոտ մարզերում՝ Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզկենտրոններում կամ խոշոր քաղաքներում՝ Էջմիածին, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արտաշատ, հիմնականում այս ուղղություններն են, այսինքն՝ Երևանից մոտ 50-60 կմ շառավղով հեռու գտնվող քաղաքները: Այստեղ որոշակի աճ ունենք, նոր նախագծեր կան, կառուցապատում իրականացվում է, բայց ես վստահ եմ, որ այդ շառավղից դուրս կառուցապատում այս օրենքի տրամաբանության մեջ չի կարող իրականացվել, որովհետև արդեն առաջարկի և պահանջարկի խզում է տեղի ունենում։ Այն ինքնարժեքը, որով շինարարություն կարող է իրականացվել, այդ գնով ուղղակի օրինակ՝ Վայքում, Գորիսում կամ Նոյեմբերյանում կառուցապատում իրականացնելու պահանջարկ չկա»:

Սաքապետոյանի խոսքով՝ մարզերում բնակարան ձեռք բերելը մարդկանց համար գայթակղիչ կլինի, եթե գները մարզի շուկայում ձևավորված գներին մոտ լինեն. «Օրինակ՝ Աբովյանում բնակարանի 1քմ-ը միջինացված 350-400 հազար դրամով հնարավոր է կառուցել և վաճառել, բայց նունը չեմ կարող ասել Կապանի, Գորիսի, Տաշիրի կամ Վանաձորի մասին, որովհետև այնտեղ նմանատիպ գին գոյություն չունի, այդ շուկան շատ սահմանափակ է, այդ քաղաքները փոքր են՝ 10-20 հազար բնակչությամբ և ես չեմ կարծում, որ շատ մեծ քաղաքաշինական բում կլինի այնտեղ, ինչպես Երևանում է: Այսօր մակերեսի ինքնարժեքը բոլոր ծախսերը ներառյալ՝ դարձել է ոչ պակաս քան 300 հազար դրամ, մենք Վայք քաղաքի հետ կապված հաշվարկ ենք արել, այնտեղ լավագույն գինը, որը մարդկանց կհետաքրքրի՝ 250 հազար դրամն է, այս դեպքում՝ բնականաբար կառուցապատողին ձեռնտու չի լինի 300 հազար դրամով կառուցել և 250 հազար դրամով վաճառել»:

Արմեն Սաքապետոյանն ընդգծեց, որ հեռավոր մարզերում կառուցապատումը կակտիվանա, եթե պետությունը սուբսիդավորում իրականացնի. «Պետությունը հեռավոր մարզերում քաղաքաշինությունը խրախուսելու համար պետք է սուբսիդավորման քաղաքականություն իրականացնի, որպեսզի այնտեղ կառուցապատումը զարգանա, դա պետք է տեղի ունենա: Այսօրվա շուկայական գներով հնարավոր չի կառուցել և վաճառել բնակարան այդ մարզերում, որովհետև չկա նման պահանջարկ»:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ ներկայումս մարզերում բնակարան ձեռք բերելու հիմնական խթան է հանդիսանում հենց եկամտային հարկի վերադարձի օրենքը. «Մարզերում հիմա շինարարությունը խթանող գործիքը եկամտային հարկի վերադարձի օրենքն է, որը վերջին տարիներին արդեն Երևան քաղաքից աստիճանաբար դուրս է գալիս և գործում է նաև մարզերում: Դա կօգնի մարզի բնակիչների համար ապահովել բնակարան ձեռք բերելու հասանելիություն, այսինքն՝ այն ավելի շատ մատչելիության գործիք է հանդիսանում»:

Տանյա Արզումանյան
Խոսելով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզերում իրականացվող բնակարանաշինության մասին՝ Արզումանյանը նշեց. «Քաղաքաշինության կոմիտեն ունի մարզերում պետական միջոցների հաշվին կառուցվող մի քանի ծրագիր: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում անցյալ տարի բազմաբնակարան շենք շահագործման հանձնվեց պետական միջոցների հաշվին՝ նպատակը այնտեղի 2 վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելն էր: Նմանատիպ շենք այս տարի շահագործման կհանձնվի Սպիտակ քաղաքում, որտեղ երկու վթարային փայտյա հանրակացարանային շենքերի փոխարեն նոր շենք է կառուցվում և կվերաբնակեցվի: Մենք պետական միջոցներով նախորդ տարի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ փայտաշեն, վթարային թաղամասի փոխարեն իրականացրել ենք նոր թաղամասի նախագծման աշխատանքները, այն արդեն ավարտական փուլում է, որից հետո կմեկնարկի շինարարությունը: Նմանատիպ ծրագիր ունենք նաև Շիրակի մարզի Աշոցք համայնքում, կրկին փայտյա, վթարային թաղամաս է, նախագծման աշխատանքներ են տարվում և նախագծումից հետո արդեն շինարարական աշխատանքները կսկսվեն»:

ՀՀ մարզերում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին բնակելի շենքերի գործարկմանը և իրականացված շինարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Աննա Բզնունի


