Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարելի է ասել կամ «կրակն են ընկել» իրենց շուրջ ստեղծված աղմուկի ձեռքը, որը բորբոքել են սեփական թիմակիցները, կամ ուղղակի որոշել են մինչև ընտրություններ վառ պահել այսպես ասած թշնամանքի կրակը։
Երկու նախկին նախագահների թիմակիցների մոտ շաբաթներ առաջ սկսված գզվռտոցը, նոր թափ է հավաքում և այսօր արդեն ռինգ են մտել առաջին դեմքերը։ Թեպետ ռինգում ավելի հարձակվողական դիրքերից հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որն իր վերջին բոլոր ելույթներում կարճ հարվածներ է հասցնում Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը, որն ավելի շատ փորձում էր խույս տալ Քոչարյանի ուղիղ «հարվածներից», արդեն ստիպված, կամ գուցե մտածված, սկսել է պատասխան հարվածներ հասցնել։ Համենայնդեպս, դատարանի տարածքում լրագրողների հետ երեկվա ճեպազրույցն էապես տարբերվում էր Սարգսյանի նախորդ ելույթներից և ակնհայտ էր, որ Սարգսյանը որոշել է ընդունել Քոչարյանի նետված ձեռնոցը։
Երկու նախկին նախագահների այսպես ասած թշնամանքի կրակի վրա յուղ է լցնում «ինպիչմենտ» գործընթացը։ Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ այս գործընթացը, կամ ավելի ճիշտ կատագերկությունը, ոչ թե հակաիշխանական բեմադրություն է, այլ ներընդդիմադիր։
Իմպիչմենտի ստվերային հեղինակը, որոշել է այս գործընթացով «մաշեցնել» հակառակորդին։ Թեպետ «մինչև քոքը մաշեցնելու» հայտնի արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, սակայն ակնհայտ է, որ իմպիչմենտով փորձ է արվում «մաշեցնել» հենց Քոչարյանին, որն այս օրերին բավական ծանր դրության մեջ է հայտնվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առումով։
Հայտնի է, որ նախկին նախագահների թիմակիցները իմպիչմենտի վերաբերյալ այդքան էլ համակարծիք չեն և այդ գործընթացն օգտագործում են մեկ նպատակով՝ միմյանց վրա քարեր նետելու համար։
Բավական երկար ժամանակ կողմերից ոչ մեկը չէր համարձակվում թեկնածու նշանակել կամ թեկնածուի անուն ասել, լավ հասկանալով, որ ի սկզբանե տապալված գործընթացում ով էլ լինի վարչապետի թեկնածու առաջինն է վարկաբեկվելու և մաշվելու ու իր հետ «մինչև քոքը մաշեցնելու» է նաև այն ուժին, որը կառաջադրի նրան։
«Իմպիչմենտի» սցենարիստը որոշեց այս շախմատային պարտիայում խաղարկել «զինվորին», Էդմոն Մարուքյանին, որի ճանապարհը բավական կոշտ ձևով փակեց Սերժ Սարգսյանի խորհրդարանական ուժը։
Էդմոն Մարուքյանի հարցը փակելուց հետո «շախմատիստ» Սերժ Սարգսյանը ձիով քայլ արեց և հայտարարեց, որ պատրաստ են սատարել Ռոբերտ Քոչարյանի, կամ նրանց թիմից որևէ մեկի թեկնածությունը: Ինչպես ասում են ժամանակը գնաց, և Սերժ Սարգսյանի ձիով քայլին պետք է պատասխանեն արդեն քոչարյանականները, որոնք այս օրերին մի կողմից ստիպված են անձնազոհությամբ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, իսկ մյուս կողմից էլ պաշտպանվել Սարգսյանի թիմակիցների հարվածներից։
2026 թվականի ընտրությունը ընդդիմության, ավելի ճիշտ Քոչարյան-Սարգսյան զույգի համար էական նշանակություն է ունենալու։ Նրանք որքան էլ, որ հայտարարեն, թե իբր իրենց գերնպատակը Փաշինյանին հեռացնել է, միևնույնն է հասկանում են, որ առաջիկա ընտրություններում պայքարը լինելու է ԱԺ ընդդիմադիր հատվածում առաջինը մնալու համար, որպեսզի ևս հինգ տարի՝ խորհրդարանում «ռազմահայրենասիրական» ներկայացումներ բեմադրելու մանդատ ստանան։
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։