Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը։ Այդ նպատակով առանցքային է բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ երեխաների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի և երեխայակենտրոն մոտեցումների առնչությամբ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայությունը:
Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից: Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորում է պատասխանատու անձանց և ներգրավված բոլոր դերակատարների պրոֆեսիոնալիզմը, ներառյալ նրանց կարողությունների մշտական զարգացումը։


