Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, թե ինչպես կմեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե իրենք խաղաղության ամենամեծ սպառնալիքն են ու հիմա պատերազմի վերսկսվելու մասին լուրերով շանտաժի են ենթարկում հանրությանը:
«Որ ասում են՝ շանտաժ, ի՞նչն է սխալ մեր ասածի: Բոլորը՝ ինքը, Կարապետյանները, Սերժի Թաթոյանը, Սերժը, Ծառուկյանն իր Դոնբասի Անդրանիկ Թևանյանով, ասում են՝ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, ասում են՝ ԹՐԻՓՓ-ի համար պետք է Ռուսաստանից ու Չինաստանից անվտանգության երաշխավորություն բերել: Ես չեմ պատկերացնում՝ ոնց են իրենք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք, հրաշքով ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անել, ու Քոչարյանը գնում Թրամփին ասում է՝ Ռուսաստանից ու Չինաստանից երաշխավորություն եմ բերել, կամ որ ասում են՝ Արարատը մերն է: Ես հասկանում եմ՝ հուզական առումով դա հաճելի է լսելը մեր քաղաքացիներին, բայց երբ դա ասում է քաղաքական գործիչ, որը հավակնում է երկրի ղեկավարության, դա տարածքային ուղիղ պահանջ է Թուրքիայից՝ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակից»,- հայտարարեց պատգամավորը՝ դա որակելով պատերազմի հրահրման փորձ:
«Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ, որի ժամանակ էլ հակառակորդ կողմը ստանալու է ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, այլ երկրներից»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պատասխանեց՝ ԼՂ-ն դատարկվել է հենց նրանց իշխանության օրոք:


