Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՌԴ-ի արձագանքը դրական էր, պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը ոչ միայն արձագանքեց Հայաստանի քաղաքական որոշումներին, այլև՝ ԱՄՆ-ի, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ եղած դրական վերաբերմունքն ուղերձ էր ԱՄՆ-ին, որ մենք ողջունում ենք ձեր քաղաքական կուրսը մեր ազդեցության գոտում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Ըստ Արշակյանի՝ այսօր ՌԴ-ն այնպիսի կարգավիճակ ունի, որ չի կարող ԱՄՆ-ի և Հայաստանի դեմ մերժող կուրս որդեգրել. «Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ այլ բան անելու այստեղ, նրա ռեսուրսները բավարար չեն, որպեսզի ինքը միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք ունենա: Կարծես թե աջակցելով այդ ծրագրին՝ բարյացկամություն է ակնկալում ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրեն նույնպես հրավիրեն այդ կերակրատաշտակի մոտ: Ռուսաստանը նրա համար է աջակցում ԱՄՆ-ին, որ Սյունիքի միջանցք կոչվածի բանալիներն ամերիկացիները վերցրին իրենց ձեռքը, դա չմնաց Իրանի կամ Թուրքիայի ձեռքում: Այդ իմաստով Ռուսաստանն անկեղծորեն ողջունում է ԱՄՆ-ի մուտքը Զանգեզուր, որովհետև իր համար շատ ավելի ծանր կլիներ, եթե այդ բանալին Թուրքիայինը լիներ»:
Ազատ Արշակյանը նկատեց, որ Ռուսաստանը փորձում է մրցել Արևմուտքի հետ՝ այդ թվում և մեր տարածքում. «Նրա դիրքերի շատ լուրջ թուլացում կա: Ամերիկացիները եկան և ասացին՝ եթե դու չես կարող այստեղ կառավարել, ուրեմն կառավարող կա, դա Թուրքիան և Իրանը չէ, այսինքն՝ Ռուսաստանի խեղճության, թուլության, անզորության պատճառով առաջացած տարածությունն ԱՄՆ-ն ինքը զբաղեցրեց: Ռուսաստանը որոշակի ազդեցություն անպայման պետք է ունենա՝ որպես Արևմուտքի գործընկեր և ոչ մրցակից, Արևմուտքը կհրավիրի Ռուսաստանին ճիշտ այնպես, ինչպես 200 տարի առաջ հրավիրեց այստեղ, ռուսական բանակի հաջողությունները պայմանավորված էին Արևմուտքի թույլտվությամբ: ՌԴ-ն հենց որ հարգի Արևմուտքի արժեքները և շահերը, ուրեմն ինքն այստեղ որպես գործընկեր կլինի, իսկ եթե չհարգի՝ չի լինի»:
Անրադառնալով ՌԴ-ի կողմից սպասվող հնարավոր մարտահրավերներին՝ Արշակյանն ասաց. «Ռուսական շահերից չի բխում հայկական պետությանը խեղճացնել: Հնարավոր է այնտեղ իշխանությունում խելագարներ լինեն, նման նախադեպ եղել է. 1920 թվականին ռուսական բանակը թուրքական բանակի հետ համատեղ հարձակվեց հայկական պետության վրա: Հայաստանը պետք է շատ զգույշ լինի: Այսօր Ռուսաստանը հաճոյանում է ԱՄՆ-ին և մեզ աջակցում է, նա մեզ չի պատժելու, պատժելու է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, եթե այդպիսի հնարավորություն ունենա, սակայն ՌԴ-ն ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին միասին վերցրած պատժելու հնարավորություն չունի: Եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն աջակցում են Հայաստանի գոյությանը, անվտանգությանը, Ռուսաստանն այստեղ պատժիչ սանկցիաներ կիրառելու դեպքում պատժում է նաև նրանց, այդպիսի բան առայժմ չի կարող լինել»:
Խոսելով նաև տնտեսական հնարավոր վտանգների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ռուսաստանը պետք է ինչ-որ գայթակղող բան պահպանի: Ռուսաստանի համար տնտեսական հարաբերությունները և 2 միլիոն հայերի գոյությունը ՌԴ-ում շատ կարևոր է: Ըստ տրամաբանության՝ կտրուկ քայլերի չպետք է գնա, բայց մենք պետք է տնտեսական դիվերսիֆիկացիա իրականանցնեք, որովհետև ՌԴ-ն անհավասարակշիռ վարքագիծ ունի»:


