Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տասնամյակների հակամարտությունից հետո ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, թե այս պահին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ինչ քայլեր են արվում:
՛՛Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։
Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝ այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են՛՛,-նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։
՛՛Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին՛՛,-ասել է նա։


