COP17․ խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը Zarkerak - COP17․ խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը
Zarkerak Zarkerak - COP17․ խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը
COP17․ խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

COP17․ խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացվել է «Տեղեկացվածությունից դեպի փոփոխություն. միավորելով սնունդը, առողջությունը, կրթությունը և կենսաբազմազանությունը՝ հանուն կայուն ապագայի» գործնական աշխատաժողովը։

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։

Աշխատաժողովի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել առողջ սննդի ընտրությունը, պատասխանատու սպառումը և կենսաբազմազանության պահպանության կարևորության գիտակցումը։

Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ ուղղությամբ՝ «Խելացի գնումներ» և «Ամբողջահատիկ հաց»։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները գործնական առաջադրանքի միջոցով կազմել են ընտանիքի գնումների ցուցակ՝ կիրառելով «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները։ Նրանք կարևորել են տեղական արտադրանքի ընտրությունը, սննդամթերքի մակնշման և պիտանելիության ժամկետի ստուգումը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա սպառողական ընտրությունների ազդեցությունը։

ԴՍԵԲ հիմնարկի սննդի հիգիենիստ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ամբողջահատիկ մթերքների սննդային արժեքը՝ ընդգծելով դրանց դերը առողջ սննդակարգում և կապը կենսաբազմազանության պահպանության հետ։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի բազմազանությանը և տեղական արտադրանքի ընտրության կարևորությանը։

ՊՀԾ դաշտային առաքելությունների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահան Առաքելյանը ներկայացրել է ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացվող ամբողջահատիկ հացի արտադրության և դպրոցներ մատակարարման ծրագիրը։ Տավուշի մարզում մեկնարկած նախաձեռնության շրջանակում գործարկվել է ամբողջահատիկ ալյուր արտադրող ալրաղաց, Տավուշում և Գեղարքունիքում ստեղծվել են ուսուցման կենտրոններ, աջակցություն է տրամադրվել 23 հացի արտադրամասի։ Նախատեսվում է ծրագիրն ընդլայնել նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Աշխատաժողովն ամփոփել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն՝ կարևորելով դպրոցականների ակտիվ մասնակցությունն առողջ սննդի, կայուն գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություններին։ Նա տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրում այժմ փորձնական փուլով ընդգրկվել են նաև Երևանի դպրոցները:

Միջոցառումն ավարտվել է ամբողջահատիկ հացի և թխուկների համտեսով:

23 Հոկտեմբեր, 2026 20:07
Վեր