Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ծնունդների թիվը նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին ծնվել է 33 648 երեխա՝ 2942-ով պակաս 2023 թվականի համեմատ։ Հղիության ընդհատումների թվերը գրեթե նույնն են․ առողջապահության նախարարության տվյալներով տարեկան միջինում կատարվում է 7 000–9 000 աբորտ։
Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխաների միջազգային օրն է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է՝ վերջին 30 տարիներին սեռով պայմանավորված աբորտների հետևանքով 80 հազար աղջիկ չի ծնվել Հայաստանում»։ Չծնված տղաների մասով վիճակագրությունը լռում է։ Իսկ թվերից այն կողմ մարդիկ են և զուգահեռ իրականություններ։
Իրականություն 1- Առաջնեկս երեք ամսական էր, դժվար ծննդաբերություն էր, կրկին հղի էի, բժիշկս ասաց՝ օրգանիզմդ պատրաստ չէ, մայրիկս՝ ֆինանսապես դժվար փուլում ես, երկրորդին ո՞նց ես մեծացնելու...բոլոր կողմերից խորհուրդ էին տալիս չունենալ, կայացրի ծանրագույն որոշում, ինձ չէի կարողանում ներել, դա ինձ համար մարդասպանություն էր, խորհուրդս՝ երբեք չգնալ դրան...
Ըստ «Առողջապահության և առողջության վիճակագրական տարեգիրք 2024»-ի՝ 2023-ին հղիության ընդհատման՝ վիժման դեպքերը կազմել են 10666, որից 5603-ը՝ արհեստական-թույլատրված, 1579-ը՝ արհեստական-բժշկական ցուցումով, 1543-ը՝ դեղորայքի միջոցով, 1739-ը՝ սպոնտան: 2022-ին հղիության ընդհատման դեպքերը կազմել են 11314:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով՝ հղիության ընդհատումը թույլատրելի է մինչև հղիության 12-րդ շաբաթը՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն, իսկ 12-ից 22-րդ շաբաթներում թույլատրելի է միայն բժշկական ցուցումներով:
Հղիության ապօրինի արհեստական ընդհատում կատարելը պատժվում է տուգանքից մինչև հանրային աշխատանք և ազատազրկում:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից հայտնեցին, որ ապօրինի աբորտների վերաբերյալ բացահայտումներ չեն ունեցել,դիմում-բողոքներ չեն ստացվել:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր Ծաղիկ Վարդանյան.«Իրական աբորտների թիվն արտացոլված չէ ցուցանիշներում, մինչդեռ էմպիրիկ փորձը ցույց է տալիս, որ անգամ ամեն երկրորդ հղիությունն ավարտվում է աբորտային միջամտությամբ։ Կանայք աբորտներ անում են բոլորի աչքից թաքուն՝ առանց բուժհաստատություն դիմելու՝ դեղերը ոչ օրինական ձեռք բերելով։ Լինում են նաև դեպքեր, երբ այդ քայլին գնում են անչափահասները, և ոչ ոք այս թվերի մասին չի իմանում»։

Ծաղիկ Վարդանյան
Բացի բժշկական միջամտությունից, հղիության ընդհատման աբսուրդ տարբերակներ են եղել․ փետուր օգտագործելուց մինչև տարբեր տեսակի խառնուրդներ խմելը, բարձր տեղից թռչելը, արգանդի մեջ աղ ներարկելը։
Իրականություն 2-Չորս աղջիկ ունեցա, կողքից ասում էին՝ այդքան աղջիկ ի՞նչ ես անում, անգամ՝ ընդհատելու հորդորներ կային: Սկզբում ամուսնուս կողմից ևս ճնշում կար, հետո հասկացանք՝ երեխան երեխա է: Մի բան գիտեմ՝ թող 10 բալիկ ունենամ 10-ն էլ՝ աղջիկ: Մամաս աբորտ արել է, ու ես տեսել եմ իր տանջանքները...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան.«Պատերազմից հետո որոշակի փոփոխություն եղավ սելեկտիվ աբորտների մասով․ աղջիկ երեխաների վիճակագրությունը փոխվեց հօգուտ տղաների»:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ-ում 2024 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է շուրջ 110 տղա, վերջին տարիներին թվերը նույնն են։ Գնահատական չտվեցին, թե սելեկտիվ աբորտների առումով իրավիճակը որքանով է մտահոգիչ, բայց ծրագրեր իրականացվել և իրականացվում են, որոնք վերաբերում են կանխարգելմանը, բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխությանը, հանրային իրազեկմանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյան.«Աշխարհում սեռերի հարաբերակցության լավագույն ցուցանիշն է 105 ծնված աղջկա համամասնությամբ 100 ծնվող տղան: ՄԱԿ-ը Հայաստանում սելեկտիվ աբորտների պայքարի բազմաթիվ ծրագրեր է իրականացրել․ վերապատրաստվել են բուժաշխատողներ, սոցիալական, մեդիա ոլորտի աշխատողների հետ իրազեկման արշավներ են անցկացվել, ինչը որոշակի դրական դինամիկա է ապահովել։ Ծնվող առաջին երեխայի պարագայում մեր ցուցանիշները գրեթե մոտ են իդեալականին, բայց արդեն 3-րդ և 4-րդ երեխայի պարագայում շեղումներն ակնհայտ դրսևորվում են»:

Թագուհի Հարությունյան
Պետական քաղաքականության շրջանակում բժիշկներին հորդորում են՝ չհայտնել սեռը մինչև հղիության 12-րդ շաբաթը:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր Ծաղիկ Վարդանյան.«Որտեղի՞ց են սկիզբ առնում սելեկտիվ աբորտները, եթե սեռը չեն հայտնում։ ՀՀ-ում չկա մի հղի, որ ցանկության դեպքում պտղի սեռը չիմանա: Թեև 2000-ականների համեմատ բարելավում կա, բայց ասել, որ մեզ մոտ այդ խնդիրը չկա, փարիսեցիություն է»:
Գինեկոլոգ Հայկուշ Դավթյան. «Սեռն ավելի ճիշտ է որոշել 14,15 շաբաթականում, իսկ այդ դեպքում ընդհատման մասին խոսք լինել չի կարող։ Հիմա մի այլ տարբերակ կա, մինչև նշված ժամկետը մոր արյունով որոշում են պտղի սեռը, իսկ դա հնարավոր է նույնիսկ չհասնելով 12-րդ շաբաթին, բայց սա էլ դեռ 100-տոկոսանոց չէ: Մի դեպք մտաբերեցի՝ զոհված զինվորի ծնողը «էկոյով» հղի էր, այս հետազոտությունը ցույց էր տվել, որ պտուղն աղջիկ է, ընդհատել էր հղիությունը:
Եթե կինը դիմում է հղիության ընդհատման, տալիս ենք երեք օր ժամանակ, ներկայացնում բացասական կողմերը, և լինում են դեպքեր, որ կինը որոշումը փոխում է: Հղիության ընդհատումների հիմնական պատճառը դրանց անցանկալի լինելն է, աղջիկները փոքր են, ամուսնացած չեն: Բժիշկները սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ շատ վաղուց չեն անում»:

Հայկուշ Դավթյան
Իրականություն 3- 7 տարի է՝ քնում-արթնանում եմ մտքով, թե ինչու մեզ վիճակված չէ երեխա ունենալ: Եկեղեցիներ, գուշակներ, դեղեր, բուժումներ՝ ոչինչ չի օգնում: Ունեցել եմ 2 չստացված «էկո», պետական աջակցություն կար, բայց հետազոտությունները, էմբրիոնը «սառեցնելը» մեզ վրա էր, այդ գումարն արդեն 1 միլիոնն անցնում էր։ Շատ եմ հոգնել անարդյունք պայքարից, ես ու ամուսինս փակում ենք մեր չստացված «էկոների» համար վերցված վարկերը, ո՛չ ուժ ունեմ, ո՛չ ֆինանս, ո՛չ առողջություն:
ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյան. «Ամեն տարի ունենում ենք ծնունդների թվի որոշակի անկում։ Զույգերի շրջանում ունենք մոտ 10 տոկոս անպտղություն՝ ՀՀ-ում 100 զույգից 14-ի մոտ խնդիրներ են առաջանում: Պատճառները բազմաթիվ են՝ հիվանդություններ, անհամատեղելիություն, առաջին հղիության ժամանակ կնոջ մեծ տարիքը և այլն»։

Վրույր Գրիգորյան
Ժողովրդագիր Արտակ Մարկոսյան.«Ծնելիության անկման ավանդական պատճառներն են՝ սոցիալ-տնտեսական, արտագաղթ, մտածելակերպի փոփոխություն։ Ամուսնական տարիք է մտնում 1990-ականների սերունդը, որոնց թիվը փոքր է։ Ընդ որում՝ վերջին 4 տարում ամենաբարեկեցիկ քաղաքում՝ Երևանում է գրանցվում ծնելիության գործակցի ամենացածր ցուցանիշը: Ծերացող երկրի կարգավիճակը փոխելու համար պետք է ծնվի 50-55 հազար երեխա, ամեն ընտանիք պետք է ունենա առնվազն երկու երեխա»։

Արտակ Մարկոսյան
2019 թվականին ՀՀ վարչապետը հայտարարել էր 2050-ին բնակչությունը 5 միլիոնի հասցնելու մասին։ Կառավարությունն ընդունել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարություն, որով կստեղծվի ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայր, և յուրաքանչյուր երեխայի ծնունդ կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:
Այդ ճանապարհին, բացի մայրերին տրամադրվող նպաստից, մինչև երկու տարեկան երեխայի նպաստից, պետությունը տրամադրում է նաև 300 հազար դրամ՝ որպես առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Նպաստին զուգահեռ՝ ամեն երկրորդ և հաջորդ երեխաների դեպքում հիփոթեքային վարկը մարելու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու աջակցություն։ Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում նպաստը 1,000,000 դրամ է։ Երրորդ երեխայից սկսած՝ տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում միանվագ նպաստը 1,500,000 դրամ է։
Գործում է անպտղության հաղթահարման ծրագիր (առավել հայտնի՝ «էկոյի» ծրագիր), շահառուներն են՝ 20-44 տարեկան կանայք, որոնց պետական աջակցությունը տրամադրվում է անվճար կան արտոնյալ պայմաններով։
Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ ծրագրով 2020-2024 թվականներին ծնվել է 951 երեխա, որից 83-ը` զոհված զինծառայողի ընտանիքում, 2025-ի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 242 երեխա, 11-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: Զոհված զինծառայողների ընտանիքների համար այս և փոխնակ մոր ծառայության ծրագրերն անվճար են, և 2024-2025-ին փոխնակ մայրությամբ, Պտղաբերության կենտրոնում օրինակ, լույս է աշխարհ է եկել 33 նորածին։
Պտղաբերության կենտրոնի վարչական բաժնի ղեկավար Իլոնա Բադալյան.«2024-2025-ին անպտղություն ունեցող մյուս զույգերը 93-ից ավելի փոխնակ մոր հետ կնքել են պայմանագիր: Այժմ ավելի շատ է դիմելիությունը, նաև շատ են դիմում փոխնակ մայրեր դառնալու ցանկությամբ: Փոխնակ մայրության միջին վճարը 20-25 հազար դոլար է, շատերը նախընտրում եմ հարևան Վրաստանը, այնտեղ վճարը հասնում է մինչև 70 հազար դոլարի: Հիմնականում դիմում են՝ ելնելով սոցիալական խնդիրներից»:
Իրականություն 4- «Ես իմ ծնողներին դատի եմ տալիս, որ այլևս երեխա չունենան»․ սա «Կափառնայում» ֆիլմից 12-ամյա գլխավոր հերոսի՝ դատարանում ասված խոսքերն են, որը դատի էր տվել իր ծնողներին` իրեն լույս աշխարհ բերելու համար, քանի որ այլևս ի վիճակի չէր հանդուրժել մեծերի անպատասխանատու պահվածքը։
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: ՀՀ Սահմանադրություն, հոդված 3:
Կյանքի իրավունքը պաշտպանված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեցիայով:
Տեր Մխիթար քահանա Հարոյան․«Քրիստոնության տեսանկյունից բոլոր ժամանակներում աբորտը մեղք է համարվել: Եկեղեցական հայրերի տարբեր մեկնաբանություններով՝ 40 կամ 80 օր հետո որովայնում ձևավորված սաղմի մեջ մտնում է հոգին։
Ձևավորված սաղմը գնում է դեպի կյանք, մարդն իրավունք չունի Աստծո տված կյանքն ընդհատել. մարդասպանություն է։ Եթե սաղմը կա, պետք չէ դիպչել ոչ մի ձև, ոչ մի բան արդարացում չէ՝ անգամ, եթե աթեիստ ես, հավատում կամ չես հավատում Աստծուն, միևնույն է, մեղք է: Մարդուն կյանք է տալիս Աստված, եկեղեցին սա հրաշք է համարում՝ ստեղծվում է մարդ՝ Աստծո նմանությամբ, որի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել, անգամ՝ արգանդում»:
Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի չի ծնվում 73 միլիոն երեխա, օրական միջինում կատարվում է 200 հազար աբորտ:
Թեմայի վերաբերյալ մեր նախորդ անդրադարձները կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
https://zarkerak.am/show/123520
https://zarkerak.am/show/121233
https://zarkerak.am/show/121974
https://zarkerak.am/show/123234
https://zarkerak.am/show/123520
https://zarkerak.am/show/131645
https://www.zarkerak.am/show/121806