Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատվող դրական շարժը պատահական չէ։ Այն ոչ միայն երկու երկրների քաղաքական կամքի արդյունք է, այլև մի շարք գործընկեր պետությունների ու ղեկավարների հետևողական ջանքերի։ Այդ շրջանակում առանձնանում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դերը, որը կարող է համարվել միանշանակ առանցքային։
Տոկաևը դեռևս առաջին իսկ օրերից հանդես է եկել որպես հավասարակշռված և կառուցողական առաջնորդ՝ մշտապես շեշտելով, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելը ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրասիական անվտանգության անբաժան մասն է։ Նրա դիրքորոշումն առանձնանում է մարդկային ջերմությամբ և անկեղծ վերաբերմունքով թե՛ Հայաստանի ղեկավարության, թե՛ հայ ժողովրդի հանդեպ։ Տոկաևը երբեք չի առաջնորդվել մերկ քաղաքական հաշվարկներով, այլ փորձել է գտնել այն լուծումները, որոնք երկարաժամկետ շահ են բերում բոլոր կողմերին։
Նրա միջնորդական և աջակցող դերը հատկապես զգալի էր Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ տարանցիկ ճանապարհների բացման հարցում։ Ղազախստանի ակտիվ ներգրավվածությունն ու վստահելի միջնորդական հարաբերությունները երկու երկրների հետ՝ օգնեցին մեղմել լարվածությունը և ձևավորել փոխվստահության մթնոլորտ։ Այս գործընթացը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև խորհրդանշական է՝ այն ցույց է տալիս, որ գործակցությունը կարող է հաղթել հակասություններին։
Բացի քաղաքական միջնորդությունից, Տոկաևի ղեկավարած Ղազախստանը նաև գործնական քայլեր է ձեռնարկում՝ ամրապնդելու տնտեսական կապերը Հայաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է ղազախական ցորենի ներմուծման ծրագրի իրականացումը, որը ոչ միայն ապահովում է Հայաստանի պարենային կայունությունը, այլև բացում էգործակցության նոր հեռանկարներ գյուղատնտեսական ոլորտի համար։
Տոկաևի կերպարը, կարելի է ասել, դարձել է այն հանգիստ, բայց հզոր կամուրջը, որի վրա թե՛ Երևանը, թե՛ Բաքուն՝ կարող են «քայլել» դեպի խաղաղություն։ Նրա մոտեցումը՝ «շահել կարող են բոլորը», դարձել է այն բանաձևը, որ այսօր կարծես նոր շունչ է հաղորդում ամբողջ տարածաշրջանին։
Հայաստանը և Ղազախստանը ունեն պատմական, մշակութային և տնտեսական ընդհանրություններ, որոնք այժմ նոր մակարդակի են բարձրանում՝ շնորհիվ Տոկաևի նախաձեռնողական և հավասարակշռված քաղաքականության։ Իսկ ամենակարևորը՝ նա ցույց տվեց, որ նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում հնարավոր է պահպանել մարդկային ջերմությունը և կառուցողական մոտեցումը՝ առաջնորդվելով խաղաղության գաղափարով։
Տոկաևի օրինակն ապացուցում է՝ իսկական առաջնորդը ոչ թե շահերի բախման գիծն է քաշում, այլ կամուրջ է կառուցում նրանց միջև։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


