Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Այնուհետև, Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հազար ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար փոխանցել նրանց:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ շուրջ մեկ տասնյակ հասցեներում:
Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ):
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


