Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կորուստներ հայերի շրջանում չեն գրանցել, սակայն դեռևս պարզ չէ, թե այս գործողություններն ինչ մասշտաբ կստանան», - այս մասին Zarkerak.am-ին ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
«Լիբանանի ժողովուրդը բազմաթիվ ճգնաժամային նման արարներ է անցել, խուճապային մթնոլորտ չկա, անհանգիստ ու անորոշ վիճակ է և քանի որ տարածաշրջանային ընդգրկում ունի, նախորդ ռազմական գործողություններին նման չէ»,- նշեց նա և հավելեց.«Դպրոցները փակ են, հանրային որոշ դպրոցներ տրամադրվել են փախստականներին, փորձում են անցում կատարել առանց դասավանդման՝ հաշվի առնելով թե՛ անվտանգային վիճակը, թե՛ փախստականների հոսքը երկրի հարավային շրջաններից»:
Հիշեցնենք, որ Իսրայելը մարտի 2-ից պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանում տեղակայված «Հզբոլահ» շարժման կողմից պահվող օբյեկտներին այն բանից հետո, խմբավորումը ստանձնել է Իսրայելի հյուսիսում հրթիռային հարձակման և անօդաչու թռչող սարքի հարձակման պատասխանատվությունը: Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հզբոլահ»-ի օբյեկտներին ամբողջ Լիբանանի տարածքում:
«Լիբանանը ևս ներքաշվեց այս տարածաշրջանային մասշտաբով պատերազմին: Իսրայելի կողմից կային զգուշացումներ, որ «Հզբոլահ»-ը որևէ քայլ չանի իր դեմ, համենային դեպս, դա կարող էր նաև որպես պատրվակ ծառայել, քանի որ հանգամանքները պարզ չեն, նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: Իսրայելը, որ արդեն վաղուց հրադադարի համաձայնագիրը խախտում էր, և թիրախավորված գործողությունն էր իրականացնում, և որի ԱԹՍ-ներն անվերջ պտտվում էին Լիբանանի օդային տարածքներում, հայտարարեց, որ չեղարկվել է հրադադարի համաձայնությունը, որն արդեն միակողմանիորեն խախտվում էր, և արդեն անցել են պատերազմական փուլ: Այստեղ նորությունն այն է, որ հանրապետության նախագահը և Լիբանանի կառավարությունը որոշում ընդունեցին, որ չեն արտոնելու «Հզբոլահ» խմբավորման ռազմական և անվտանգային գործողությունները և հորդորում են, որ այն վերածվի զուտ քաղաքական կազմակերպության»,- ասաց Գանդահարյանը:
«Այս պահին թիրախային գործողությունները շարունակվում են ոչ միայն երկրի հարավային շրջաններում, այլ նաև Բեյրութի հարավային հատվածներում, այս առավոտ գործողություն է իրականացվել Բեյրութի քրիստոնյա հատվածում՝ հարվածելով հյուրանոցի, երևի այնտեղ ինչ-որ թիրախ ունին ճշտած: Գործողությունները շարունակվում են, բայց հիմնական առաջադրանքը, որն Իսրայելն իր առջև դրել է, ներխուժման տեսքով որոշ անվտանգային գոտի ձևավորելն է Լիբանանի հարավի հատվածում, որի առաջին քայլերն արվել են և Իսրայելը ուժերի տեղաշարժ է գրանցել դեպի Լիբանան»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ըստ պաշտոնական տվյալների, զոհերի թիվը Լիբանանում անցնում է 50-ը, կան հարյուրավոր վիրավորներ, մոտ 58 հազար մարդ ստիպված է եղել է տեղահանվել երկրի հարավային շրջաններից:
«Փախստականների հոսքը կարող է շարունակվել, հատկապես հարավային ուղղությամբ տարբեր գյուղերի շրջանում Իսրայելը կոչ է անում տարհանել ժողովրդին, լքել տները, հայտարարելով, որ այդ շրջանները պիտի հրթիռակոծվեն և թիրախավորվեն: Հարվածում են թիրախների, բայց տուժում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, շենքեր»,- ասաց մեր զրուցակիցն ու նկատեց, որ եթե գաղթականների հոսքը շարունակի մեծանալ, հարց կառաջանա՝ արդյոք սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ իրավիճակում գտնվող երկիրը կկարողանա դիմագրավել այդ հումանիտար մարտահրավերին:

