Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի խորհրդարանի ընտրությունից առաջ Ռուսաստանը Հայաստանի դեմ լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսել։ «Կուբ»-ը հետաքննում է դրա նպատակներն ու մեթոդները՝ տեղեկացնում է Euronews-ը։
Մայիսի սկզբին հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա վերջին տարիների ամենախոշոր նման գործողություններից մեկն է. ավելի խոշոր է եղել միայն 2025 թվականին Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավը:
Հետազոտողների տվյալներով՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրյոշկա» ցանցի շրջանակներում, որը կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է և շատ ակտիվ օգտագործում է արհեստական բանականության գործիքները:
Կեղծ տեսանյութերից շատերում առաջ է քաշվում այն թեզը, թե, իբր, եվրոպամետ կարգախոսներով քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի:
Antibot4Navalny կոլեկտիվը, որը հետաքննում է բոտային ցանցերը, հայտնել է, որ հայտնաբերել են Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի կեղծ հոլովակներ: Դրանք կրկնում են երկու առաջնորդի միջև «գաղտնի գործարքի» մասին կեղծ պնդումը. Ֆրանսիան, իբր, աջակցում է Փաշինյանին ընտրություններում, փոխարենը նա խոստանում է իր հաղթանակից հետո Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել:
Օրինակ՝ մայիսի 11-ի կեղծ տեսանյութերից մեկում պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը Հայաստանում, և որ վարչապետն ինքը, իբր, մտադիր է «ռազմական հակամարտություն հրահրել Ռուսաստանի դեմ» խորհրդարանի ընտրությունից հետո։
Հետազոտողները շեշտում են, որ կեղծ տեսանյութերը քարոզարշավի միայն մի մասն են: Նրանց խոսքով՝ բոտ-ցանցերը ևս ակտիվորեն կեղծ հաղորդագրություններ են տարածում սոցցանցերում, այդ թվում ՝ Իքս-ում, ակնհայտորեն փորձելով խաթարել Փաշինյանի դիրքերը:
Ընդ որում՝ նման մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Վերլուծաբանները նաև նշում են, որ չնայած որոշ հրապարակումներ տասնյակ հազարավոր դիտումներ են հավաքել, այդ ակտիվության զգալի մասը, հավանաբար, արհեստականորեն ուռճացված է:
Քարոզարշավի նպատակը
Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում Հայաստանի և Եվրամիության միջև նկատելի մերձեցման ֆոնին։ Հիմնական պահերից մեկը մայիսի սկզբին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն էր։
Միջոցառմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու մտադրությունը:
«Այսօրվա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հստակ ազդանշան է ԵՄ-ի՝ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և նոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ, որոնք Հայաստանին և նրա քաղաքացիներին ավելի են մոտեցնում Եվրամիությանը»,- հայտարարել է Կոշտան։
Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թևակոխում է «խաղաղության և ժողովրդավարական համակարգի ամրապնդման նոր շրջան», ինչը, նրա խոսքով, բարենպաստ պայմաններ է ստեղծում ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Ապատեղեկատվական արշավի մեկնարկից երկու ամիս անց և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Նա զգուշացրեց, որ Եվրոպական միության հետ ավելի սերտ ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կարող են հանգեցնել ուկրաինականին նման հետևանքների։
«Մենք բոլորս հիմա զգում ենք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքները։ Որտեղի՞ց սկսվեց այս ամենը։ Ուկրաինայի անդամակցությունից, ավելի ճիշտ՝ ԵՄ-ին անդամակցելու փորձերից: Դա առաջին քայլն էր, ամենաառաջինը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ դրան հաջորդած քաղաքական ցնցումներն ու պատերազմն այդ կուրսի հետևանք են, որը նա անվանել է «լուրջ խնդիր»:
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկին։ Նախաձեռնությունն առաջ էր տանում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Իր հերթին, Մոսկվան բազմիցս մեղադրել է Արևմտյան երկրներին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Դեռ հունվարին ռուսական իշխանությունները հայտարարում էին, թե ԵՄ-ն, իբր, դրդում է Հայաստանի ղեկավարությանը՝ կեղծել խորհրդարանի ընտրությունը։
Հունվարի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստանին խոստացված ֆինանսական աջակցությունը որակել էր և՛ «ազնիվ խոստովանություն», և՛ «մեղքի ընդունում»։
Նման հռետորաբանություն արդեն հնչել էր Մոլդովայում կայացած վերջին ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում հաղթանակ տարան եվրոպամետ ուժերը։
«Մատրյոշկա» և Storm–1516
Ընտրությունների հետ կապված «Մատրյոշկա» արշավից բացի՝ հետազոտողներն արձանագրել են մեկ այլ կրեմլամետ ցանցի՝ Storm–1516-ի գործունեությունը:
Քլեմսոնի համալսարանի (Հարավային Կարոլինա նահանգ) Media Forensics լաբորատորիայի տվյալներով՝ այս արշավը նույնպես ուղղված է Փաշինյանին վարկաբեկելուն։
Գերմանական BND արտաքին հետախուզությունը և ֆրանսիական Viginum գործակալությունը, որը պետական կառույց է և զբաղվում է ապատեղեկատվական գործողությունների մոնիտորինգով, Storm–1516-ը բնութագրում են որպես տեղեկատվական մանիպուլյացիաների ռուսական ցանց, որն օգտագործում է համակարգված արշավներ՝ ժողովրդավարական ինստիտուտներն ապակայունացնելու համար:
Քլեմսոնի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ ցանցը գործում է առնվազն հունվարից: Այն կեղծ հայտարարություններ է տարածում Փաշինյանի նախընտրական խոստումների մասին, ինչպես նաև մեղադրանքներ, թե նա, իբր, թվայնացման համար Եվրասիական տնտեսական միության հատկացրած միջոցներից 11 մլն դոլարը (9,5 մլն եվրո) օգտագործել է՝ իր քարոզարշավը գաղտնի ֆինանսավորելու համար։
Քլեմսոնի համալսարանի թվային ազդեցության վերլուծաբան Էլլա Մուրի խոսքով՝ Storm-1516-ի մեթոդները Հայաստանում ցույց են տալիս, որ ցանցը շարունակում է զարգանալ։
«Մասնավորապես, նրանք ընդլայնել են իրենց ինֆլյուենսերների ցանցերի և կեղծ մարքեթինգային բոտերի շրջանակը»,- նշել է նա։ «Բացի դրանից՝ նրանք սկսել են օգտահաշիվներ օգտագործել, որոնք ներկայանում են որպես տեղական օգտատերեր, բայց կապված են կոնկրետ երկրների հետ»։
Մուրը կարծում է, որ ռուսական ապատեղեկատվական արշավների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նույն պատճառներով, ինչ նրանց միջամտությունն էր Մոլդովայի և Հունգարիայի ընտրություններին. արևմտամետ քաղաքական գործիչների վարկաբեկում և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը վերականգնելու ձգտում։


