Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին հարցին:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ ձևաչափով, այլ հակառակը՝ ցանկանում է կարգավորել առաջացող բոլոր հարցերն առողջ, կառուցողական մթնոլորտում։
Կատարվածը լարված հարաբերություններին, Հայաստանի եվրոպամետ քաղաքականությանը կամ նույնիսկ ընտրություններին վերագրելու փորձերը նախարարը կտրականապես հերքել է և պնդել, որ նման արգելքներ կիրառվել են նաև 5-10-15 կամ 25 տարի առաջ։
«Ահա, ասում են՝ ալկոհոլի արգելք։ Արգելքը դրված է ոչ թե ամբողջ գինու արտադրանքի վրա, այլ մեկ ընկերության արտադրանքի մի մասի։ Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,-հայտարարել է Միրզոյանը՝ նկատելով, որ արտադրողն էլ երբեմն կարող է անբարեխիղճ լինել։ Միաժամանակ նա մատնանշել է ինչպես մատակարարման աղբյուրների, այնպես էլ իրացման շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։


