Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ ներկայում նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը դեռ այն փուլում չէ, երբ քաղաքացիներին հնարավոր լինի ներկայացնել հստակ ընտրություն։
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր նման ընտրությունը դեռևս տեսական բնույթ է կրում։
«Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է հանգիստ և գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ շրջանակում։
«Հետևաբար, մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- հայտարարել է նա։


