Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պնդելով, որ կեղծ տեղեկությունների միջոցով վերջինս արատավորել է իր արժանապատվությունն ու բարի համբավը։
DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջի մեջ նշել էր, որ խնդրում է պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ֆեյսբուք սոցիալական հարթակում իրեն պատկանող Alen Simonyan/Ալեն Սիմոնյան անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող Alen Simonyan տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն հերքել «Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող իր կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները»։
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքում զրպարտություն կամ վիրավորանք առկա չէ և վճռել է.
1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի՝ հայցվորի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և վիրավորական արտահայտություններով արատավորելու համար ներողություն խնդրել պարտավորեցնելու, ինչպես նաև ոչ նյութական վնասների հատուցման պահանջների վերաբերյալ, մերժել:
2. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար:
3. Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճռում նաև նշված է.
«Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:


