Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը շատ ֆունդամենտալ խնդիր է, որին պետք է առերեսվել և լուծումներ գտնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին խոսել է «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին։ Նրանք, ովքեր ունեն փող, նրանք, ովքեր ունեն կապեր, նրանք, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է, այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ։ Ես կարծում եմ, որ նաև մենք պետք է հստակ առերեսվենք այս խնդրին։ Եթե արդարությունը, արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ուրեմն դրանք ուղղակի չկան»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը չի կարող այս մասին իրավական վերլուծություններ կատարել, սակայն կարող է փոխանցել հանրության հետ շփումների արդյունքում ձևավորված տպավորությունը։
«Տպավորությունը ընդհանուր առմամբ շատ վատ է, հարգելի՛ գործընկերներ, և ես էլի եմ ասում՝ դա տեսել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞վ է առանձնահատուկ նախընտրական քարոզարշավը․ կարճ ժամանակահատվածում շփվում ես հանրապետության բնակչության բոլոր շերտերի հետ, և երբ այս հարցն ամեն օր ծագում է, նշանակում է՝ մենք այստեղ համակարգային խնդիրներ ունենք։ Նաև ուզում եմ ասել, որ համակարգային խնդիրը նաև այն է, երբ շատ հաճախ առաջնորդությունը փոխվում է, բայց համակարգը, մեկ է, գործում է իր տրամաբանությամբ։ Առնվազն այն պահին, երբ հայացքդ այս կողմ ես անում, համակարգը էլի սկսում է գործել իր տրամաբանությամբ, իսկ որևէ մեկը չի կարող 24 ժամ հայացքը նույն կետի վրա պահել և մանրադիտակով հետևել այս ամենին»,- ասել է վարչապետը։
Այսուհանդերձ, նա գոհունակությամբ արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների առկայությունը, ինչը ցույց է տալիս, որ, ի վերջո, համակարգը սկսել է գործել։
«Եկեք սա էլ խոստովանենք, որ համակարգի լիարժեք գործարկումը շատ երկար է տևել իրականում։ Ինչո՞ւ է երկար տևել՝ նորից համակարգային դիմադրության պատճառով, որովհետև այս թեմայի շահառուների քավորները, սանիկները և այլն և այլն դեռ շարունակում են մնալ այն համակարգերում, որտեղ որոշումները կայացվում են։
Այս իմաստով մենք պետք է արագ գործենք, այդ թվում՝ այս նախընտրական քարոզարշավը, ընտրությունները ձևակերպել են հարցեր, իսկ դատաիրավական համակարգը այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի, որովհետև եթե այդ հարցերին երկար ժամանակ չհնչեն պատասխաններ, նշանակում է՝ Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով, բայց մյուս կողմից ես հավատում եմ և հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում։ Լավ լուրն այն է, որ պրոցեսը փակուղի չի մտել, և ելքը միշտ էլ կա։ Ես հույս ունեմ, որ այդ թվում այսօրվա քննարկումների ընթացքում մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք այդ ելքը կգտնենք»,- նշել է վարչապետը։
Նա շեշտել է, որ իր նշած ամեն ինչը, իհարկե, որևէ միլիմետրով չպետք է շեղվի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Նա հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ ոլորտային համագործակցությունն ավելի կընդլայնվի։


