ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր Zarkerak - ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր
Zarkerak Zarkerak - ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր
ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր

ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունների զարգացմանը և նոր ծրագրերի  իրագործմանը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:

Դեսպան Ամալ Աֆիֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքերի ներդրման պատրաստակամությունը: Այս համատեքստում նա նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է նաև պատվիրակության կազմում ընդգրկված եգիպտացի մտավորականների գործունեությանը՝ նրանց հետ կապերի ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության և Եգիպտոսի հայ համայնքի պատմության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործում։

Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը, ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում արաբալեզու ընթերցողների շրջանում։

Գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը ևս ներկայացրել է իր գործունեությունը։

Նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ։  

Հանդիպմանը  քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

01 Հուլիս, 2026 19:41
Վեր