Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչև օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու և օրինականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաև, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլևս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով:
Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը:
«Կսահմանվի ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար վերջնաժամկետ՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ կսահմանվեն Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկման և հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա և ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաև օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը»,- հայտնել է զեկուցողը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև ինքնակամ կառույցների օրինականացման համար տեղական տուրքերի նոր տեսակներ: Ըստ նախագծի՝ Երևանում և մայրաքաղաքին հարակից համայնքներում ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում կգանձվի օրենքով սահմանված փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված վճարի եռապատիկը, ինչպես նաև 100 մլն դրամի չափով միանվագ տեղական տուրք: Մարզերում և Երևանին ոչ հարակից համայնքներում նույն տուրքի չափը կկազմի 50 մլն դրամ:
Պատգամավորների հարցերը վերաբերել են տուրքերի չափերի հիմնավորմանը, նախագծում կադաստրային արժեքների գործոնը հաշվի առնելուն, ոչ իրավական ճանապարհով կառուցված շինությունների քանակին ու դրանց հաշվառման հնարավորություններին: Զեկուցողը հարցերին տվել է մանրամասն պատասխաններ՝ միաժամանակ ընդգծելով, որ պետությունը չի խրախուսում ինքնակամ շինությունների կառուցումը, ինչի մասին է վկայում նաև տվյալ իրավակարգավորման շրջանակում տեղական տուրքերի առավել բարձր չափերի սահմանումը:
Նախագծերի փաթեթի հարակից զեկույցը ներկայացրել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:
Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:


