Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարզերում ֆուտբոլի զարգացում, հայ ֆուտբոլիստների ներգրավում. Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում նոր անուն՝ «Օլիմպիա», ակումբն առաջին անգամ կմասնակցի առաջնությանը:
««Օլիմպիա» ակումբի նախագահ Գոռ Սևաչյանի հետ քննարկում էինք, թե ինչու մեր հայ ֆուտբոլիստները եվրոպական երկրներում շատ չեն հանդես գալիս, փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել հայ ֆուտբոլիստներին, որպեսզի տեղավորվեն եվրոպական թիմերում, քննարկումներից հետո Սևաչյանն ասաց՝ ինչու չստեղծենք մեր թիմն ու մենք դաստիարակենք, մարզենք տղաներին, որ հետո մեր մոտից գնան եվրոպական թիմեր, ինչին ես հավանություն տվեցի, առաջարկեցի նոր թիմ հավաքել, կամաց-կամաց զարգացնել ու առաջ գնալ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում պատմեց «Օլիմպիա» ակումբի զարգացման ղեկավար, սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքով՝ առաջին միտքն այն է եղել, որ հայ ֆուտբոլիստներին ներգրավեն թիմի մեջ. «Քանի որ մեր մանկապատանեկան թիմերը նոր ենք ստեղծում, դժվար էր հավաքել բոլոր հայ ֆուտբոլիստներին, մասնակցել առաջնությանը, այդ պատճառով փորձում ենք այլ երկրներից ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավել, բայց քիչ քանակությամբ: Ակումբն այս պահին ունի հինգ մանկապատանեկան թիմ, մոտավորապես 100 սան: «Օլիմպիա»-ն արդեն մի քանի տարի գործում է Աշտարակում՝ որպես մանկապատանեկան թիմ, բայց արդեն այս տարի մեր միջնորդությամբ կարողացավ ստանալ իրավունք՝ Հայաստանի առաջին խմբում խաղալու: Առաջնությունը կսկսվի օգոստոսին»:

Արթուր Ոսկանյանը նշեց, որ ինչպես մարզումները, այնպես էլ առաջնության հանդիպումներն անցկացվելու են Աշտարակի կենտրոնական մարզադաշտում. «Սա միանշանակ կնպաստի մարզերում ֆուտբոլի զարգացմանը: Մեծ ցանկություն էր, որ մարզում թիմ ունենանք: Մեր պլանների մեջ մտնում է, որ Նոր Հաճնում էլ մարզադաշտը նորոգենք, այնտեղ էլ ունենանք մանկապատանեկան թիմեր»:

Առաջնությունում լավ հանդես գալու պարագայում կա ցանկություն հանդես գալու նաև Բարձրագույն առաջնությունում՝ ասաց Ոսկանյանը և նշեց, որ փորձում են մարտունակ թիմ ստեղծել:


