Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն ռազմավարության նախագծի բաղադրիչի՝ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ համանման կազմով քննարկվել է քաղաքացիության բաղադրիչը՝ ինստիտուտը վերարժևորելու տրամաբանությամբ, այն կապելով Իրական Հայաստանի, Հայաստանի հետ իրական կենսական կապի և ՀՀ-ն՝ որպես սուբյեկտի հետաքրքրությունների ու շահերի կենտրոն լինելու հետ։ Նախարարի խոսքով՝ այս հայեցակարգի շրջանակում մշակվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ ամփոփման փուլում է։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին, նշել է, որ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է հստակեցումներ անել, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ընդունող երկրի՝ մարդկանց ներհոսքով, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։
«Միգրացիայի կառավարումը ռազմավարական մակարդակում հստակեցնելը բխում է երկու կարևոր հանգամանքից: Առաջին՝ որքան խստացնում ենք քաղաքացիություն ստանալու պայմանները, այնքան օտարերկրացիների հոսքն ուղղվելու է դեպի կացության ինստիտուտ, առավել ևս, երբ խստացման հիմնական միջոցը կացության ու մշտական բնակության պահանջներ սահմանելն է։ Երկրորդ՝ միգրացիոն միտումներն ինքնին մեծապես փոխվել են մեր երկրում՝ ձևավորելով նոր պատկեր. տասնամյակներ շարունակ լինելով ելքի ուղղություն՝ ՀՀ-ն վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը շատ ավելի ընդգծված երևում է 2022 թ.-ից ի վեր։ Ընդ որում՝ առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում իմիգրացիայի արդյունավետ կառավարման նոր մարտահրավերներ են առաջացել. ավելացել են գործարքների և դիմումների ցուցանիշները բոլոր միգրացիոն գործընթացներում՝ սկսած սահմանահատումներից մինչև ապաստան՝ ներառելով կացության դիմումներն ու բնակությունն օրինականացնելու միտումները։
Նախարարի դիտարկմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ առավել արդյունավետ պայքարել անօրինական ու անկանոն միգրացիայի դեմ՝ ինտեգրելով կանխարգելիչ գործողություններ, ավելացնելով կարողություններն ու ամրակայելով ինստիտուտներն ու կառուցակարգերը։ Ըստ այդմ, միգրացիայի արդյունավետ կառավարման մեջ առաջարկվում է կիրառել ժամանակակից թվային գործիքակազմ, մասնավորապես՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Բնակչության պետական ռեգիստրի և միգրացիոն այլ թվային պլատֆորմների (քաղաքացիություն, կացություն, ապաստան և այլն) մշտական ու կայուն փոգործելիության միջոցով։ Այս համատեքստում, նախարարի խոսքով, սահմանների կառավարման մոդելի ու գործիքակազմի վերանայումը ռազմավարական մակարդակում փոխլրացնում է միգրացիոն ռազմավարությունը։
Հաջորդիվ՝ ներկայացվել են միգրացիոն հոսքերի և շարժունության կառավարման միասնական ռազմավարական ուղղորդման և պետության համար անհրաժեշտ տեսանելիության ապահովմանն ուղղված իրավական, ինստիտուցիոնալ քայլերը: Մանրամասներ են ներկայացվել նաև միգրացիոն գործող համակարգում առկա մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք կապահովեն միգրացիոն հոսքերի և շարժունակության կառավարման համապարփակ վերանայումը: Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները, որոնք են՝ միգրացիայի միասնական կառավարման համակարգի ձևավորումը, թվային, փոխգործունակ և անվտանգ միգրացիոն կառավարման համակարգի ստեղծումը, մուտքի, վիզայի և կացության ռեժիմների նպատակային վերափոխումը և սահմանային կառավարման ու իրավակիրառման կարողությունների ամրապնդումը:
Ծավալվել է քննարկում առաջարկվող ուղղություններով նախատեսվող վերափոխումների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է և միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված։ Երկրի ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության արդյունքում ընդունված որոշումների հիման վրա կատարել համապատասխան կարգավորումներ ռազմավարության նախագծում և ապահովել նախագծի ընդունման հետագա ընթացքը:


