Բռնարարը մեկուսացրել է և փորձել սովամահ անել կնոջը.  Մարո Մաթոսյանը՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության օրինակների և պատճառների մասին Zarkerak - Բռնարարը մեկուսացրել է և փորձել սովամահ անել կնոջը. Մարո Մաթոսյանը՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության օրինակների և պատճառների մասին
Zarkerak Zarkerak - Բռնարարը մեկուսացրել է և փորձել սովամահ անել կնոջը. Մարո Մաթոսյանը՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության օրինակների և պատճառների մասին
Բռնարարը մեկուսացրել է և փորձել սովամահ անել կնոջը.  Մարո Մաթոսյանը՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության օրինակների և պատճառների մասին

Բռնարարը մեկուսացրել է և փորձել սովամահ անել կնոջը. Մարո Մաթոսյանը՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության օրինակների և պատճառների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ծանր ծեծ, այրել, ոտքին տոկ միացնել, շնչահեղձ անել, հղի ժամանակ փորին հարվածել և նմանատիպ շատ այլ դաժան վերաբերմունքի դեպքերի կարող ենք հանդիպել: Շատ են դեպքերը, երբ կանայք մեկուսացվում են, նույնիսկ իրավունք չունեն հեռուստացույց դիտել կամ հեռախոս ունենալ: Ունեցել ենք դեպքեր, որ բռնարարը մեկուսացրել է և փորձել է սովամահ անել, հարևանները պատուհանից ուտելիք են տվել զոհին»,-Zarkerak.am-ի հետ զրույցում պատմեց «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի ղեկավար Մարո Մաթոսյանը:

Մաթոսյանի խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ շրջապատի կողմից կա անտարբերություն. «Դա երկու պատճառ ունի. առաջինը՝ մտածում են՝ իրենց գործը չէ կամ ամոթ է խառնվել ուրիշի ընտանեկան հարցերին, լինում են դեպքեր, երբ նույնիսկ հարևաններն են բողոքում, բայց զոհն է ասում, որ նման բան չի եղել՝ վախենալով հետևանքներից: Օրինակ՝ դու բռնության ականատես ես ու զանգում ես ոստիկանություն, նրանք գալիս են, բայց դու  ցանկության դեպքում անանուն կերպով չես կարող այդ հաղորդումը ներկայացնել, հետո սկսվում է քաշքշուկ, շատերը նաև այս պատճառով են խուսափում: Բոլոր երկրներում կարելի է անանուն հաղորդում տալ, դա ավելի է նպաստում, որ մարդիկ հաղորդում ներկայացնեն դեպքերի վերաբերյալ»:

Անդրադառնալոով մարզերում ընտանեկան բռնության դեպքերին՝ Մաթոսյանը նշեց. «Գյուղերում կա բարեկամության հարց, կարող է այնտեղ օրինակ՝ ոստիկանը լինել այդ ընտանիքի հարազատը և փակել այդ հարցը, բռնության ենթարկվողն էլ գիտի այդ մասին և չի կարող դիմել:  Գյուղերում նաև ամոթի խնդիրն է, կինը հաճախ մտածում է, թե ուր պետք է գնա, շատ դեպքերում անգամ հայրական տունը չի ընդունում զոհին, որովհետև մտածում է, որ ամուսնու սեփականությունն է և ամոթ է, որ հետ վերադառնա: Գյուղերում կանայք իրոք շատ անգամ ելք չունեն և միակ ձևը, որ իրենք կարող են դրանից դուրս գալ՝ տնից փախչելն է»:

Ըստ Մարո Մաթոսյանի՝ շատ անգամ մարդիկ ասում են՝ այսքան տարի ինչու դուրս չի եկել, բայց շատ դժվար է քայլ անելը և կանայք, որ այդ քայլն անում են, իսկապես շատ քաջ են. «Յուրաքանչյուր մարդու համար անորոշությունը շատ դժվար է, այդ վիճակում երեխաների հետ ուր ես գնալու, բայց դրա համար աջակցման կենտրոնները գոյություն ունեն, որ օգնեն զոհին դուրս գալ այդ իրավիճակից: Ֆինանսական կախվածության դեպքեր կան, բայց շատ դեպքերում ընտանիքներն աղքատ են, նույնիսկ կանայք կան, որ ամուսինները չեն աշխատում, հարբեցող են, կանայք գումարը տալիս են նրանց, բայց էլի դժվար են բարձրաձայնում, որովհետև բռնարարն իրենց հոգեբանական բռնության միջոցով ճնշում է, այնպես է անում, որ մտածեն իրենց ինքնագնահատականը ցածր է, ինքնավստահություն չունենան, դրա համար շատ անգամ հարմարվում են: Կանայք երբեմն այնքան տրավմատիզացված են, որ չեն կարողանում որոշումներ կայացնել, որովհետև իրենց միշտ ասվել է՝ դու ոչինչ ես առանց ինձ, ոչ ոք քեզ չի նայելու»:

Խոսելով նման միջավայրում երեխա մեծացնելու մասին՝ Մաթոսյանն ասաց. «Դա միֆ է, որ երեխան պետք է մեծանա հոր ու մոր հետ, շատ ընտանիքներ կան, որ մի ծնողը կամ տատիկը կարող է մեծացնել երեխային և ավելի առողջ կերպով, որովհետև երեխան կարող է զարգանալ և առողջ լինել այն ժամանակ, երբ ընտանիքում սեր կա: Ընտանեկան բռնությունը ցիկլային է, այսինքն՝ լարվածություն կա, բռնություն, հետո մեղրամիս: Այդ ժամանակ բռնարարն ասում է՝ ներողություն, սիրում է նրան, երեխան տեսնում է և՛ բռնություն, և՛ սեր, ինքը չի հասկանում՝ առողջ հարաբերությունն ինչ է: Դրա համար տղաների մեծամասնությունը դառնում է բռնարար, աղջիկներն էլ մտնում են այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ տղամարդն իշխողն է: Մենք ապացույցներ ունենք, որ երեխաները շատ տրավմատիզացված են, գիշերամիզություն, վախեր ունեն, գիշերները չեն կարողանում քնել»:

Ըստ մեր զրուցակցի՝ անգործությունը, կախվածությունը, խաղամոլությունը, պատերազմից հետո տրավմաները դրդող հանգամանքներ են. «Շատ անգամ լսում ենք, կանայք ասում են՝ ամուսինս լավն է, բայց երբ ծեծում է, այդ ժամանակ լավը չէ, բայց հետո հասկանում ենք, որ երբ ինքը սթափ է, նորից ուժ է կիրառում: Ընտանեկան բռնության պատճառը գենդերային անհավասարությունն է, երբ մեկը մյուսի վրա ուժ ու վերահսկողություն է օգտագործում: Սա գալիս է կարծրատիպերից, որ կինը  ոչ արժեքավոր անձնավորություն է, պետք է հնազանդվի և ենթարկվի, անկարող է,  հայրիշխանության մոտեցումը տեղի է տալիս գենդերային անհավասարության»:

 

 Աննա Բզնունի

14 Հոկտեմբեր, 2026 16:07
Վեր