Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարդիկ սովորաբար մտածում են, որ ԱԲ-ն է սպառնալիք, սակայն սպառնալիք են իրականում այն մարդիկ ովքեր ունեն ԱԲ-ի հզորություններ և գաղափարներ հասարակությունները վերահսկելու ու ձևափոխելու համար: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիորսյանը՝ անդրադառնալով արհեստական բանականության առաջացրած մարտահրավերներին։
«Միջազգային մակարդակում արհեստական բանականությունը վերահսկելուն ուղղված խոսակցություններն ու դրա շուրջ բանակցությունները շատացան, երբ պարզվեց, որ մի շարք նոր ստեղծված մոդելներ կարողացել են կոտրել ու ներթափանցել բավականին լուրջ անվտանգային համակարգեր, այսինքն կատարել էին «կիբերդրվերսիոն» գործողություններ՝ առանց մարդուն զգուշացնելու»,-ասաց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ հասկանալի է դառնում, որ աշխարհը նոր մարտահրավերի առաջ է կանգնել, որովհետև անվտանգությունը որևէ երկիր դեռ չի հասցրել այն մակարդակին, որը կկարողանա դիմակայել ԱԲ-ի կողմից բխող նմանատիպ վտանգներին:
«Այս ամենի պատճառով ԱՄՆ-ը առաջին քայլով արգելեց նոր մոդելների ազատ տարածումը: Միայն մի քանի ընկերությունների հատուկ թույլատրվեց տրամադրել դրանք: Սակայն, պարզ է, որ նման ԱԲ մոդելները պահելը դժվար է, որովհետև ամիսներ կամ թեկուզ տարիներ հետո ուրիշները դրանց ևս կհասնեն: Սրանից հետո արդեն խոսակցություններն այլ ուղղությամբ սկսեցին գնալ՝ մարդկանց անաշխատանք թողնելուց մինչև մարդկության ոչնչացում: Այս ողջ իրավիճակը հանգեցրեց նրան, որ մի շարք ընկերություններ հայտարարեցին, որ պետք է դանդաղեցնել ԱԲ զարգացման գործընթացը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս թեման փակեց՝ հայտարարելով, որ եթե իրենք դանդաղեցնեն միևնույնն է նույնը չի անելու իրենց հիմնական մրցակից Չինաստանը: Սա հստակ է դարձնում, որ ԱԲ-ի զարգացման ոլորտում այս պահին մրցակցությունը այս երկու երկրների մեջ է գնում, իսկ մնացած երկրները շարունակում են բավականին հետ մնալ: Բոլորն էլ հասկանում են, որ խոսքը չի գնում տնային տնտեսուհիների համար «ChatGPT»-ի մասին, այլ այն վերաբերվում է ռազմական ու հետախուզական ոլորտում կիրառումանը, ինչը դառնում է լուրջ մտահոգությունների առարկա»,-ասաց մեդիափորձագետը:
Ըստ նրա այս մտահոգությունների համար դեռևս իրական լուծումներ չկան, որովհետև Դոնալդ Թրամփը մի կողմից հորդորում է այս մրցավազքում անցնել ու հնարավորինս առաջ լինել Չինաստանից, մյուս կողմից պահանջում է ստեղծել վերահսկողության մխանեզիմներ որպեսզի ինչ-որ ձևով կարողանան անհրաժեշտության դեպքում չեզոքացնել առաջացած ռիսկերը:
Մարտիրոսյանի խոսքով՝ այս ամենի արդյունքում էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ին Թրամփը և տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարները ստորագրեցին անվտանգության վերաբերյալ կամավոր, բայց և իրավական պարտադիր ուժ չունեցող համաձայնագիր՝ արհեստական բանականության զարգացման գործընթացն ինքնակարգավորելու մասին։ Ըստ նրա՝ այս պայմանագրի այսպես ասած «միջավայրեր» են ձևավորվելու, որոնք թույլ կտան այնպես անել, որ առնվազն առանց մարդու թույլտվության ԱԲ-ն ինքնակամ գործողություններ չանի:
Մարտիրոսյանի գնահատմամբ ԱԲ-ի զարգացման ոլորտում ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը որոշակիորեն հանգեցրել է համաշխարհային բևեռացվածության:
«Դեռ 2024 թվականին Եվրամիությունն ընդունել է արհեստական բանականության մասին ակտը (Artificial Intelligence Act), որի նպատակը ԱԲ օգտագործող հավելվածները դասակարգելն ու կարգավորելն է՝ հիմնված օգտատիրոջը վնաս հասցնելու ռիսկի չափերը տեսանելի դարձնելու վրա։ Այն նաև որոշակի պարտականություններ է սահմանում ԱԲ համակարգեր մատակարարների և այն կազմակերպությունների համար, որոնք այն օգտագործում են մասնագիտական գործունեության շրջանակում: Իհարկե սա բավականին լավ բան էր, սակայն հանգեցրեց նրան, որ ԵՄ-ում ԱԲ զարգացումը կասեցրեց: ԱՄՆ-ն ու Չինաստանը այս օրինակը իրենց աչքի առաջ ունեն: Ճիշտ է այս երկրները նույնպես փորձում են սահմանափակումներ մտցնել, բայց դրանց իմաստը կայանում նրանում, որ պետությունը կարողանա պահպանել վերահսկողության լծակները: Այստեղ նաև լուռ հակամարտություն է գնում: Հասկանալի է, որ ԱԲ-ի կարևոր մասը այսպես ասած երկաթն է, որն օգտագործվում է սարքավորումների մեծ մասի պատրաստման համար, սա գիտակցելով Թրամփը փաստացի փորձում է Չինաստանին չգրված սանկցիաների տակ դնել ու թույլ չտալ այնտեղ տեխնոլոգիաներ արտահանել որպեսզի ինչ որ չափով դանդաղեցնի չինական առաջընթացը»,-ասաց մեդիափորձագետը:
Բանախոսը նաև ընդգծեց, որ Արհեստական բանականությունը արդեն լայն կիրառում է ստացել ռազմական ոլորտում, որի դրսևորումները հատկապես նկատվել է 2023 թվականից Գազայում Իսրայելի վարած պատերազմի ժամանակ:
«Կարող եմ ասել, որ ռազմական ոլորտում որոշ չափով ԱԲ կիրառում եղել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն խոսքը այսպես ասած «կետային դրվագների» մասին է, այն ժամանակ դա լուրջ բան չէր և խոսքը չի գնում լուրջ գործողությունների մասին: Այդ ժամանակ Թուրքիան սկսել էր մատակարարել հարվածային փորձնական դրոններ, որոնք արհեստական բանականության տարրեր ունեին իրենց մեջ: Այս պահին ԱԲ-ն արդեն շատ ակտիվ սկսել է կիրառվել: Խոսքը գնում է ինչպես դրոնների, այնպես էլ այլ՝ ավելի լուրջ ռազմական տեխնիկաների մեջ կիրառելու մասին: Սա առաջնային կետն է: Երկրորդն էլ վրաբերում է հետախուզության ոլորտում կիրառելուն, ընդ որում շատ լայն իմաստով՝ սկսած տվյալների հավաքագրումից վերջացրած եղած տվյալների հիման վրա որոշումներ կայացնելը: Սրա օրինակը տեսնում ենք ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, քանի որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը՝ հատկապես ԱՄՆ զինվորականները շատ ակտիվ հավաքագրում են տվյալներ որպեսզի օգտագործեն ռազմական և հետախուզական ԱԲ-ի զարգացման համար»,-բացատրեց Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետի խոսքով՝ Հայաստանում 2026-ին բացված Firebird-ի և NVIDIA-ի ԱԲ գործարանների իմաստը կայանում է նրանում, որ մեր երկրում կա ԱԲ հաշվարկային շարժիչ:
«Առաջին կարևոր հանգամանքը նրանում է, որ որպես երկիր ունենք հատված, որը կարող ենք օգտագործել, ընդ որում ինչպես պետական, այնպես էլ ԱԲ օգտագործող հայաստանյան ստարթ-ափների մասով, որը գնային որոշակի դիվերսիֆիկացիա է տալիս և այս առումով բավականին լավ է: Երկրորդ կարևոր հանգամանք էլ նրանում է, որ Հայաստանին այս ոլորտում դարձնում է դերակատար: Ամեն երկիր չէ, որ կարող է այս քանակի չիպեր ունենալ, այսինքն այս ամեն ինչի վրա մենք ունենք ազդեցություն և կարող ենք հետագայում նոր ներդրումներ բերել: Իհրակե դա ենթադրում է շարունակական աշխատանք, որովհետև այս ամենը արագ հնանում է»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը ԱԲ ոլորտում ԱՄՆ-Չինաստան համաշխարհային մրցակցության ֆոնին կարող է որևէ կողմի համար գործիք դառնալ Մարտիրոսյանը նշեց. «Միանշանակ կարող է: Հաշվի առնելով ներդրողներին քիչ հավանական է, որ օրինակ ռուսական սերվիսները կկարողանա դրանցից օգտվել, նույնը կարող է որոշ վերապահումներով ասել նաև չինականի մասի: Պարզ է, որ առաջնայնությունը տրվելու է ԱՄՆ-ԵՄ ուղղությանը»:


