Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և հստակ հայտարարություններ են արվել։ Անցյալ շաբաթ էլ, երբ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանի հետ, այդ հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց այդ հարցի կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,-նշել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանը հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի կնքման, ստորագրման համար:
«Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, այն գտնվում է ուսումնասիրության և կազմման փուլում: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները՝ հետագա ստորագրման ուղղությամբ։ Պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար և ԻԻՀ-ը մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը։
Այս փաստաթղթով, կարծում եմ՝ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ներդրումային, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական և հստակ ուղենշեր կտրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար»,-նշել է նա։


