Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գ.Ծ.-ն և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։
Այնուհետև, հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը՝ դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:
Բացի այդ, Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:
Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գ.Ծ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները:
Գ.Ծ.-ն և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:
ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են: Խուզարկություններն ավարտվել են նաև Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ:


