Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի սահմանափակումները երկարաժամկետ հեռանկարում չեն շարունակվի: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսությունը, որքան էլ փոքր լինի միևնույնն է շատ մեծ հետաքրքրություն ունի և Եվրամիության տնտեսության և Ռուսաստանի տնտեսության համար:
Անդրադառնալով հարցին թե արդյո՞ք Ռուսաստան չարտահանված և Հայաստանում մնացած ապրանքները իրենց ազդեցությունն ունեցել են երկրի ներսում տարվող գնային քաղաքականության վրա, տնտեսագետը նշեց, որ չնայած շուկայի ուսումնասիրություն դեռ չի կատարել, սակայն որպես քաղաքացի նկատել է, որ բոլոր դեպքերում պտուղ-բանջարեղենի գների անկում չկա և դրանք շարունակում են մնալ բավականին բարձր, ինչը նշանակում է, որ պահանջարկը երկրի ներսում նույնպես բարձր է:
«Կարող եմ ենթադրել, թե ինչու է բարձր, որովհետև բացի այն որ հանրությունը պտուղ-բանջարեղեն է սպառում թարմ վիճակում, նաև տնտեսվարողներն ու վերամշակողներն են պահանջարկը մեծացրել, որովհետև Հայաստանի ներսում մնացող պտուղ-բանջարեղենը բնականաբար կունենար որոշակի գնանկում և այդ գնանկումը կմոտիվացներ վերամշակման մեջ ներգրավված գործարար հատվածին ձեռք բերել դրանք և վերամշակում իրականացնել: Կարծում եմ այս բալանսավորումը ինչ-որ չափով պահպանվեց: Գյուղացիական տնտեսությունները և արտահանողները իհարկե ունեցան որոշակի կորուստներ, այդպիսի հաշվարկներ չկան, թե որքան են կորուստները, բայց դրանք եթե դիտարկենք տնտեսության ընդհանուր մակարդակի համատեքստում, լուրջ բացասական ազդեցություն չեն ունեցել»,-նշել է Խաչիկյանը:
Տնտեսագետը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ չնայած որոշ ապրանքատեսակներ չեն արտահանվել Ռուսաստան, արտահանվել են դեպի ԵՄ և անգամ Սինգապուր, ինչը բավականին կարևոր հանգամանք է տնտեսության դիվերսիֆիկացման առումով:
Պատասխանելով հարցին, թե որքանով են տնտեսվարողները տուժել, և թե արդյո՞ք կարող է սա նպաստել, որպեսզի կրճատվեն դեպի ՌԴ արտահանումների թվերը Խաչիկյանը նշեց. «Տեսականորեն հնարավոր է, որ տնտեսվարողները և արտահանողները տուժեն, բայց ոչ խոշոր սեգմենտի համար: Սա հնարավոր է շատ քիչ տնտեսվարողների համար, որովհետև եթե տնտեսվարողը կամ գործարարը ֆիքսվում է ընդամենը մեկ շուկայի ուղղությամբ՝ դա կլինի Ռուսաստանը, կլինի նույն ԵՄ-ն կամ Կենտրոնական Ասիայի երկրները, միևնույնն է, դա բիզնեսի համար ռիսկային է: Եվ ես չեմ կարծում, որ որևէ գործարար միլիոնավոր դոլարների ներդրում կատարելով կֆիքսվի ինչ-որ կոնկրետ շուկայի վրա, որովհետև անկախ ամեն ինչից, երրորդ երկրների պատճառով խոչընդոտներ միշտ էլ կարող են լինել»:
Տնտեսագետը միևնույն ժամանակ հավելեց, որ վիճակագրական տվյալների չհրապարակման պատճառով հաշվարկներ չունի և փորձագիտական կարծիքներ էլ չկան, թե Հայաստանում որքան է կազմում այն բիզնեսների թիվը որոնք կախված են մեկ շուկայից, և թե որքան կորուստներ են կրում դրանք:
Խաչիկյանը իր խոսքում նաև նշեց, որ որպես տնտեսագետ և որպես փորձագետ չէր ցանկանա, որպեսզի Ռուսաստան արտահանվող ամբողջ ապրանքը տեղափոխվի դեպի ԵՄ, քանի որ կարող է խնդիր առաջանալ արդեն ԵՄ-ից կախվածության շրջանակում: Ըստ տնտեսագետի նման պարագայում խնդիրը տարբեր հարթություններ կունենա՝ կապված դեպի ԵՄ արտահանման լոգիստիկ հնարավորությունների և եվրոպական արագ զարգացող շուկայի պայմաններին հայկական արտահանողի հարմարվողականության հեռանկարների հետ:
«Նախ տեսականորեն և գործնականորեն ողջ արտահանումը ԵՄ ուղղորդել հնարավոր չէ: Միանշանակ դա պետք է բացառել, բայց այն որ ԵՄ-ն անմիջապես առաջարկեց որոշակի գործիքներ մաքսատուրքերի տեսքով, սուբսիդիաների տեսքով ազատ առևտրի շրջանակում Հայաստանից արտահանելի արտադրանքների նկատմամբ, դա նշանակում է, որ դեպի Եվրոամիություն արտահանելու հնարավորությունները կտրուկ աճել են»,-հավելեց նա:
Խաչիկյանի գնահատմամբ ռուսական սահմանափակումների պատճառով Բրյուսելը Երևանին հնարավորություն է տվել Հայաստանից-ԵՄ ապրանքների արտահանումը էսպես ավելի ինստիտուցիոնալիզացնել ու դյուրացնել: Միևնույն ժամանակ տնտեսագետը ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի արտոնությունները տվել է կարճ ժամկետի համար, սակայն դրա պահպանումն ու երկարաժամկետի վերածելու հնարավորությունը կախված է, ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի հետագա քայլերից:
Ըստ տնտեսագետի պետք է դիտարկել նաև տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունը դեպի արաբական երկրներ, և դեպի ասիական երկրներ:
Անդրադառնալով հարցին, թե ինստիտուցիոնալիզացման դեպքում ԵՄ շուկան որքանով կկարողանա փոխարինել ռուսական շուկային բանախոսը պատասխանեց. «Մեծապես կփոխարինի, որովհետև այստեղ մի քանի հանգամանք կա: Նախ ԵՄ շուկան բավականին մեծ է՝ մոտ 450 միլիոնանոց շուկա կարելի է ասել: Բացի այս ԵՄ շուկան արժեքային առումով ավելի բարձր արժեքներով ապրանքներ սպառող շուկա է և շահույթը համեմատաբար կարող է ավելի մեծ լինել: Փոխարինելու առումով կարող է 60-70 տոկոսով փոխարինել, եթե թվերով գնահատենք: Բայց այս փոխարինելիությունը բոլորի համար չի կարող աշխատել»:
Խաչիկյանը նաև նշեց, որ հայկական ապրանքները չընդունելը կարող է ազդել ՌԴ-ի տնտեսության դիվերսիֆիկացման վրա: «Ռուսաստանը տուժում են այնքանով, որ օրինակ մամուլում հրապարակումների համաձայն, որոնց շուրջ այնքան վստահություն չունեմ, բայց բոլոր դեպքերում հրապարակումներ կային, որ հայկական միրգ-բանջարեղենի փոխարեն ադրբեջանական միրգ բանջարեղենն է այսպես ասած լրացնում տեղը: Այս առումով, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարողացել են երկար ժամանակ որոշակի ազդեցություն ունենալ ռուսական տնտեսության վրա, սա կարծում եմ ռուսական տնտեսության դիվերսիֆիկացման համար է, ինչ-որ առումով վտանգավոր, որովհետև եթե նախկինում կախված էր և ադրբեջանական, և հայկական գյուղմթերքից, ապա հիմա կախված է միայն ադրբեջանականից»,-հավելեց բանախոսը:
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ ԵՄ շուկան բավականին լայն հնարավորություններ ունի, եթե հայկական կողմը չկենտրոնանա պտուղ-բանջարեղենի վրա, որովհետև դա Հայաստանի ՀՆԱ-ի շատ փոքր մասն է կազմում և դա մեծ տնտեսական ազդեցություն չունի երկրի համար:
«Այլ սեգմենտներ, եթե բացվեն և ազատ առևտրին մոտ կարգավորումներ իրականացվեն, ապա այս առումով կարծում եմ շատ ավելի լայն հնարավորություններ կարող են բացվել: Եվ ոչ թե միայն պտուղ բանջարեղենը կարող է արտահանվել, այլ վերամշակված՝ ավելի մեծ արժեք ունեցող պտուղ բանջարեղենը: Սա նշանակում է, որ ֆինանսական ներգրավվածության և տնտեսական կարգավորումների առումով, ՀՀ-ի տնտեսությունը և ԵՄ տնտեսությունը կունենան ավելի մեծ չափով ինտեգրացիա: Այստեղ կարևորը ոչ թե այն է, թե Հայաստանի տնտեսությունը որքան մեծ եկամուտ կունենա, այլ այն, թե որքան ՀՀ տնտեսությունը կունենա այսպես ասած փոխգործակցող մեխանիզմներ ԵՄ-ի հետ»,-ավելացրեց տնտեսագետ Սոս Խաչիկյանը:


