Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական կողմի կիրառած սահմանափակումները միայն բացասական ընկալումներ է առաջացնում Հայաստանում կապված ԵԱՏՄ-ի հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում ԵԱՏՄ խորհրդի նիստից ռուսական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հավանականության մասին հարցին:
Փաշինյանը իր խոսքում կրկին ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում մայիսի 29-ի ԵԱՏՄ գործընկերների ընդունած այն որոշմանը, որով Հայաստանին կոչ էր արվում հանրաքվե կազմակերպել ԵՄ-ին միանալու մնալու վերաբերյալ:
«Ես արդեն ասել եմ, որ հանրաքվե կլինի, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին միանալու համար: Այս ուղղությամբ ինստիտուցիոնալ մոտեցում է պետք: Այսօր հանրաքվե անցկացնել հնարավոր չէ, քանի որ դրա համար դեռ հստակ հանգամանքներ չկան: Եկեք պատկերացնենք, որ կազմակերպում ենք հանրաքվե և ասում ենք, որ պետք է կողմնորոշվենք՝ գնանք դեպի ԵՄ, թե մնանք ԵԱՏՄ-ի կազմում: Ինչպիսին կլինի քաղաքացիների արձագանքը, նրանք կհարցնեն, իսկ ինչպիսի՞ն է ԵՄ դառնալու մեր հեռանկարը, ինչպիսի ճանապարհային քարտեզ ունենք: Շատ այսպիսի հարցեր կլինեն, որոնց պատասխանը մենք չունենք»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ իր գլխավորած Կառավարության նպատակը Հայաստանի համար այլընտրանքների ապահովումն է:
«Կարծում եմ սա ցանկացած երկրի օրիանական իրավունքն է՝ աշխատել, որպեսզի լինեն այլընտրանքներ: Կարծում եմ, ներկա պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը կլիներ այս գործընթացը չտորպեդահարելը, և ընդհակառակը, աջակցել, որպեսզի ապահովվեր ԵԱՏՄ-ի մրցունակությունը և գրավչությունը: Արդեն ասացի, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այս ուղղությամբ»,-ասել է ՀՀ վարչապետը:


