Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազգային հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչներն ու մարզիչները։

Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։

«Սա շատ կարևոր մասնակցություն էր։ Բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։

Անդրադառնալով պատանի մարզիկների ապագային՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ աշխարհի առաջնությունում արձանագրված արդյունքները նրանց մարզական ճանապարհի միայն սկիզբն են։ «Այս մասնակցությամբ դուք ապացուցեցիք, որ դեռ շատ բարձունքներ ունեք նվաճելու»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել բարձր նվաճումների սպորտի զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել նաև մարզիչների և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներդրումը՝ նշելով, որ գրանցված հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետության համար սպորտի զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություններից մեկը. նա վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է կանգնել մարզիկների կողքին՝ նրանց աջակցելով միջազգային բոլոր կարևոր մրցաշարերում և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ՝ նոր հաջողությունների հասնելու համար։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական աջակցության համար՝ նշելով, որ նպատակը պատանի մարզիկների հետ հասնելն է մինչև Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ նշելով, որ վերսկսվել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։

Նախարարի խոսքով՝ նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր, որը հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել խոշոր միջազգային մրցաշարեր։ Այդ համատեքստում նա առաջարկել է արդեն սկսել աշխատանքները՝ մարզահամալիրի շահագործման առաջին տարում ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ ներկայացնելու ուղղությամբ։

«Նման մրցաշարերը չենք դիտարկում միայն որպես մեկանգամյա միջոցառում։ Դրանք ներդրում են մեր մարզական համակարգի զարգացման, մարզական միջավայրի բարելավման և ապագա հաջողությունների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն Ջանես Նազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար: Նազարյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր Հայաստանն արժանավայել ներկայացնելը:

Նախարարը նաև առանձնահատուկ գնահատել է բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանի կամային հատկանիշները, որը վնասվածքով շարունակել է պայքարը մինչև վերջ։

«Երբ տեսնում էի, թե ինչպես էիք պայքարում մինչև վերջ՝ նույնիսկ վնասվածքներով, հասկանում էի, թե որքան մեծ կամքի ուժ և նվիրում են պահանջվում՝ նման արդյունքների հասնելու համար։ Հենց այդ հատկանիշներն են ձևավորում մեծ մարզիկին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ ըմբիշների հաջողությունները շարունակական կլինեն։

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչները նաև կիսվել են աշխարհի առաջնությունից ստացած տպավորություններով և ներկայացրել մրցաշարի կազմակերպման վերաբերյալ իրենց գնահատականները։

 

 

07 Օգոստոս, 2026 17:30
Վեր