«Իրական Հայաստանից» մինչև «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյանի նոր քաղաքական բանաձևը Zarkerak - «Իրական Հայաստանից» մինչև «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյանի նոր քաղաքական բանաձևը
Zarkerak Zarkerak - «Իրական Հայաստանից» մինչև «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյանի նոր քաղաքական բանաձևը
«Իրական Հայաստանից» մինչև «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյանի նոր քաղաքական բանաձևը

«Իրական Հայաստանից» մինչև «Չորրորդ Հանրապետություն». Փաշինյանի նոր քաղաքական բանաձևը

Հայաստանի քաղաքական օրակարգում նոր փուլ է ձևավորվում․ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու «Չորրորդ Հանրապետության» տեսլականը ներկայացնում է ոչ միայն որպես քաղաքական կարգախոս, այլև որպես պետության զարգացման առաջիկա տարիների հիմք։ Այս մոտեցումն առանցքային տեղ է զբաղեցնում 2026-2031 թվականների կառավարության գործունեության ծրագրում։

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է դիտարկել որպես Հայաստանի պետականության ընկալման փոփոխության արտահայտություն։

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ստացել է ժողովրդի քաղաքական վստահությունը, իսկ երկիրը մտնում է մի փուլ, որն ինքը անվանում է «Չորրորդ Հանրապետություն»։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ «Իրական Հայաստանը» պետության առաքելությունը կապում է ոչ թե պատմական տարածքների կամ անցյալի խնդիրների վերականգնման, այլ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում քաղաքացիների համար անվտանգ, խաղաղ և ազատ կյանք ապահովելու հետ։ Այս հայեցակարգի կենտրոնում պետության գործառնական նշանակությունն է։ Այսինքն պետությունը պետք է առաջին հերթին ստեղծի պայմաններ քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության և երջանկության համար, ինչպես նաև ապահովի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը։

Վարչապետը հենց այս մոտեցումն է հակադրում  Երրորդ Հանրապետության ձևավորման այն տրամաբանությանը, որը, իր գնահատմամբ, մեծապես պայմանավորված էր հակամարտությամբ և Ղարաբաղյան շարժման քաղաքական օրակարգով։

Նոր տեսլականի հիմքում, հակառակը, դրվում է խաղաղության տրամաբանությունը։ Հենց այս տարբերությունն է Փաշինյանը ներկայացնում Երրորդ և Չորրորդ Հանրապետությունների միջև։

«Չորրորդ Հանրապետություն» եզրույթը Փաշինյանը առաջին անգամ չէ, որ օգտագործում է, սակայն կառավարության նոր ծրագրի համատեքստում այն ստանում է ավելի համակարգային նշանակություն։ Այստեղ խոսքը միայն խորհրդանշական անվանափոխության մասին չէ։ Իշխանության ներկայացրած տեսլականում խոսքը պետության նպատակների և առաջնահերթությունների վերաձևակերպման մասին է։

Կառավարությունը 2026-2031 թվականների ծրագիրը պաշտոնապես կապում է երեք հիմնական հիմքերի հետ՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման հիմնարար սկզբունքերի։

Այսինքն իշխանության քաղաքական տրամաբանության մեջ «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա ոչ միայն գաղափարական ձևակերպում, այլև կառավարման, տնտեսության, անվտանգության և պետական ինստիտուտների զարգացման ուղղություն։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունեն։ Իշխանությունը ընտրությունների արդյունքը դիտարկում է որպես նոր քաղաքական ուղղության մանդատ։ Այդ տրամաբանությամբ՝ քաղաքացիների քվեն ոչ միայն իշխանության ձևավորման, այլև պետության զարգացման որոշակի փիլիսոփայության ընտրություն է։

Փաշինյանի խոսքում առանցքային տեղ է զբաղեցնում խաղաղության գաղափարը։ Նրա ներկայացրած մոտեցմամբ, եթե Երրորդ Հանրապետության ձևավորման տրամաբանության առանցքում հակամարտությունն էր, ապա Չորրորդ Հանրապետության առանցքում պետք է լինի խաղաղությունը։

Սա ենթադրում է նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ընկալման փոփոխություն։ Պետության ուժը պետք է չափվի ոչ միայն ռազմական կարողություններով, այլև այն կարողությամբ, որով Հայաստանը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն, կայունություն և կանխատեսելի միջավայր իր քաղաքացիների համար։

Այս մոտեցումը միաժամանակ տնտեսական նշանակություն ունի։ Խաղաղության և կայունության պայմաններում իշխանությունը ակնկալում է զարգացնել ենթակառուցվածքները, առևտրային կապերը, խթանել ներդրումները և Հայաստանի տնտեսական մրցունակությունը։

Այսպիսով, առաջիկա տարիներին քաղաքական կարևոր հարցը լինելու է ոչ այնքան «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպման շուրջ բանավեճը, որքան դրա գործնական բովանդակությունը։ Եթե իշխանության ներկայացրած տեսլականը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք, ապա դրա արդյունքները պետք է արտահայտվեն քաղաքացիների անվտանգության, եկամուտների, տնտեսական հնարավորությունների, պետական կառավարման արդյունավետության և հասարակության կյանքի որակի մեջ։

Փաշինյանի հայտարարությունը, որ «Չորրորդ Հանրապետությունը» արդեն իրականություն է, հետևաբար, կարելի է դիտարկել որպես քաղաքական շրջադարձի հայտարարություն։ Իշխանությունը փորձում է Հայաստանի պետականության հաջորդ փուլը սահմանել ոչ թե անցյալի հակամարտությունների, այլ ներկա Հայաստանի շահերի շուրջ՝ պետության գլխավոր առաքելությունը համարելով իր քաղաքացիների խաղաղ, անվտանգ և ազատ ապագայի ապահովումը։

Այժմ այդ գաղափարի հիմնական փորձությունը գործնական արդյունքն է։ «Իրական Հայաստանը» որպես քաղաքական բանաձև արդեն ձևակերպված է, իսկ «Չորրորդ Հանրապետությունը»՝ որպես իշխանության ներկայացրած պետական տեսլական։ Առաջիկա հինգ տարիները ցույց կտան, թե որքանով այս գաղափարները կվերածվեն իրական կառավարման և քաղաքացիների առօրյա կյանքի փոփոխությունների։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

24 Օգոստոս, 2026 12:41
Վեր