Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խնդրում եմ անչափահաս երեխաներին անընդհատ մեջ չբերել: Եթե երեխաների հետ կապված ինչ-որ միջադեպ կամ դրվագ եղել է, ասեք՝ այդ դրվագն առանձին քննարկենք, բայց Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, էս Ազգային ժողովի շենքից մեծ է:
Հազար ներողություն, որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխաները, ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ նույն տան մեջ»:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն իրականացնելիս նրա երեք անչափահաս երեխաները տանն են եղել:
Ալեքսանյանը հորդորել է ամեն անգամ երեխաների հանգամանքը չշահարկել:
«Խնդրում եմ ամեն անգամ երեխաներին մեջ մի բերեք: երեխաները բոլորը երեխաներ են, Աստված թող առողջություն տա: Բոլոր երեխաները պետք է զերծ մնան ցանկացած բացասական բանից, բայց ՀՀ քաղաքացին ինչո՞վ է մեղավոր: Մարդիկ 2004 թվականին 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8,3 հա հողամաս Երևանի Աճառյան փողոցում»,- ասել է նա՝ կարդալով գործից մի դրվագ:
Ալեքսանյանի խոսքով՝ Ավանում երբեք 44 միլիոն դրամ չի արժեցել 8,3 հեկտարը:
«Խնդրում եմ, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորել: Ինչով է մեղավոր եղել ՀՀ քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ վրեժ են լուծել ՀՀ քաղաքացուց: Էդ իրենք են վրեժ լուծել, ինձ համար դեռ անհասկանալի է՝ ինչի: Բա Լևոն Քոչարյան, ինչի՞ չէիր գնում ասում՝ հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյան, էդ ոնց է լինում, որ Երևանում 44 միլիոնով 8,3 հա հողատարածք է ծախվում, հետո այդ ընկերության 50 տոկոսը նվիրաբերվում է իմ ավագ եղբորը»,- ասել է Ալեքսանյանը:

