Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը բացարձակապես մտադրություն չունի Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային օրերս հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանը ինքն իրեն կվնասի, եթե վիզային ռեժիմ սահմանի:
«Նման բան մեր մտքով չի անցել: Մենք նման պատճառ չունենք: Մենք ընդհակառակը մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ նրանք հիմա Հայաստանի զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել: Հայաստանի հանրությունն էլ մեծ սիրով է ընդունում այդ մարդկանց, նրանք կարծես թե վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք: Ինչպես իրհարկե նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով լրագրողի հարցերին, թե ինչու են ՀՀ-ին պարտադրում ԵՄ ինտեգրվելու հանրաքվե կատարել, և թե ինչու Բիշկեքում ՌԴ նախագահի հետ վերջին բանակցություններից հետո Փաշինյանին կրկին կանչել են Մոսկվա նոր բանակցությունների, վարչապետը ասաց. «Ձեր հարցի մի շարք հասկացություններ ճշգրտման կաիրք ունեն: «Ձեզ կանչել են Ռուսաստան», այնպիսի տպավորություն է, որ ձեր առաջ կանգնած է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը և ինձ ասում եք. «ձեզ կանչել են Ռուսաստան»: Երկրորդ ասում եք. «մեզ կամ ձեզ պարտադրում են հանրաքվե»: Մեկ այլ տեղ էլ, որ ասացիք, որ մեզ առաջարկվում է հանրաքվե: Այսինքն կարող եք ասել, ինչպե՞ս է մեզ պարտադրվում հանրաքվե: Ինչպես կարող են Հայաստանին հանրաքվե պարտադրել, ուզում ես հասկանամ: Գիտեք՝ ես էլ եմ խիստ երկընտրանքի առաջ դնում: Ասում եմ. «այսպես չի կարելի, երկաթուղու կոնցենսիայի հարցը պետք է լուծվի»: Ինչու վերնագիր չկա, որ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին»: Գիտեք ինչու չկա, որովհետև մեր քաղաքական մտածողությունը շարունակում է մնալ ԽՍՀՄ Կենտկոմի տրմաբանության մեջ»:
Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել:


