Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում և առհասարակ բազմաթիվ երկրներում որոշ կրոնական կազմակերպությունների պարագայում նոր անդամագրումները կարող են տեղի ունենալ ֆինանսական օգնության շրջանակներում՝ այսպես ասած «հրապուրիչ եղբայրական օժանդակության» դիմաց։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով 21-րդ դարում առկա այն հարանվանությունների (քրիստոնեական տարբեր դավանությունների) գործունեությանը, որոնք հոգեորսությամբ են զբաղվում։
Աստվածաբանի խոսքով՝ աշխատանքի տեղավորման կամ հաշմանդամների դեպքում բուժման դեղորայքի ապահովման դիմաց հաճախ տվյալ անհատը կարող է պարտավորվել համացանցի կամ այլ միջոցներով քարոզչություն իրականացնել տվյալ կրոնական կազմակերպության օգտին։ Ըստ Հարությունյանի՝ ներկայումս հնարավոր է արձանագրել մի քանի հիմնական և ընդհանրական կետեր, որոնք գրավիչ են դարձնում նորաստեղծ կրոնական կազմակերպություններին կամ այսպես կոչված՝ «ազատ եկեղեցիներին»։
«Առաջին ու կարևոր հանգամանքն այն է, որ իրենք արդի հայերենով կամ նույնիսկ պարզեցված և հասկանալի բարբառներով են աղոթում։ Այսինքն՝ ծիսական արարողություններում բնավ չեն կիրառում Մաշտոցյան գրաբարը, ինչպես որ դա Հայ Առաքելական Եկեղեցում է պահպանված։
Երկրորդը՝ իրենց հոգևոր երգերի կատարումը համապատասխանեցված է ժամանակի համահունչ ձևաչափին։ Օրինակ՝ նրանք կարող են ներառել կիթառ, թմբուկ կամ էլեկտրական գործիքներ և դրանցով բավականին պարզ մեղեդիներ նվագել, ինչը ներկաների համար ավելի է հեշտացնում միասնական երգեցողությունն ու, բնականաբար, առավել գրավում երիտասարդներին։ Մինչդեռ ավանդական եկեղեցում երգում է հիմնականում հատուկ պատրաստված երգչախումբը, և դա արվում է միայն գրաբարով, այսինքն՝ շատերի համար անհասկանալի լեզվով։
Երրորդը՝ քարոզների աստվածաշնչային բովանդակությունը։ Համայնքին ուղղված խոսքում նրանց երեցները աշխատում են չխոսել քաղաքականությունից, պետության և եկեղեցու միջև հակասություններից, Արցախյան պատերազմում պարտությունից և վերստին ետ գրավելուց, չեն խոսում անգամ Հայոց Ցեղասպանության և 1915 թ. 1,5 միլիոն զոհերի սրբադասման մասին։ Սա գրավում է հատկապես այն մարդկանց, որոնք ցանկանում են միայն բուն հոգևորի մասին լսել և ոչ թե ազգային պատմության դասեր կամ էլ քաղաքական ուղղորդումներ ստանալ։
Կա նաև չորրորդ կետը, որն, անշուշտ, ոչ բոլոր կրոնական կազմակերպություններին է բնորոշ, բայց մի քանիսի պարագայում հստակ ֆիքսված է իբրև նրանց պաշտամունքային կյանքի մնայուն բաղադրամաս՝ դա էյֆորիան և էքստազն են, որոնք մարդու հուզական ոլորտի ամենաբարձր, դրականորեն երանգավորված հոգեվիճակներն են։ Այդպիսի պահեր ստեղծվում են տարբեր մեթոդներով, և տվյալ պահին կարծես թե կորչում է մարդու էգոն, ինչպես օրինակ՝ անհասկանալի «լեզուներ» խոսելու, բղավելու կամ էլ պարելի, թռչկոտելու և գետնին թավալվելու պրակտիկան։ Մարդու անհատականությունը նման պաշտամունքի ժամանակ կարծես թե ամբողջությամբ վերանում է։ Դա բնականաբար առօրյա կյանքի խնդիրներից հոգնած ուղեղին բավականին լավ վերաթարմացում է տալիս, ինչը նույնպես շատերի համար դուրեկան երևույթ կամ նույնիսկ մնայուն կախվածություն է դառնում», - ասաց աստվածաբանը։
Սակայն Հարությունյանը զգուշացրեց, որ ցանկացած կրոնական ուղղություն կարող է վտանգավոր լինել, երբ այն չարաշահվում է ու օգտագործվում իրենց հետևորդներին մանիպուլյացնելու և կառավարելու համար։ Ըստ նրա՝ սրանք կարող են հանգեցնել ֆինանսական խարդախության, սեռական ոտնձգությունների, ընտանեկան բռնության, քաղաքականացված շարժումների, ահաբեկչության, ռազմական հեղաշրջման և այլ տեսակի բռնարարքների։
«Այդ վտանգները հաճախ կարող են դրսևորվել նաև ընտանեկան մակարդակում։ Եղել են դեպքեր, երբ կազմակերպության հոգևոր առաջնորդները պահանջել են նախապես հստակեցնել ու իերնց պատմել, թե երիտասարդ անդամները ում են հավանում, և միայն տվյալ երեցի թույլտվությունից հետո է արտոնվել շարունակել զույգի հարաբերություններն՝ ամուսնության նպատակով, կամ էլ ընդհանրապես խզել կապը։ Սա ինքնին բռնություն է անհատի ազատ կամքի դեմ։
Եղել են նաև դեպքեր, երբ ամուսիններից միայն մեկն է հարել տվյալ կրոնական կազմակերպությանը, ինչը կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել և հանգեցրել ընտանիքի քայքայմանը, քանի որ ծեսերին տրամադրվող ժամանակը, դրամական հանգանակությունները կամ առհասարակ պահանջվող վարքականոնը հաճախ զույգերին հեռացրել են միմյանցից», - ասաց բանախոսը։
Հարությունյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում տարբերակվում են նաև այսպես կոչված «բռնատիրական աղանդներ» (տոտալիտար սեկտաներ), որոնց ղեկավարների համար բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում սահմանված է քրեական պատասխանատվություն, քանի որ դրանց ներսում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ՝ հետևյալ չափորոշիչների համաձայն՝
ա․ Ազատ կամքի դեմ բռնության դրսևորումներ՝ ղեկավարին կուրորեն հնազանդվելու պատրվակով։
բ․ Ֆինանսական զեղծարարություն (օրինակ՝ երբ պահանջում են բանկային քարտի և գաղտնաբառի հասանելիություն կամ էլ պարզապես մեծ չափով հանգանակություններ և չի տրամադրում որևէ հաշվետվություն)։
գ․ Սեռական հողի վրա համակիրների շահագործում, որոնց դեպքում արձանագրվում են անգամ մանկապղծության կամ բազմակնության դեպքեր։
Ըստ բանախոսի՝ տվյալ խնդիրները հաճախ պատճառ են դառնում, որպեսզի նման բռնատիրական աղանդները քողարկեն իրենց իրական գործունեությունը լայն շրջանակների առջև և ամեն կերպ խուսանավեն տվյալ երկրի դատաիրավական համակարգից։
Հարությունյանը նշեց, որ անձամբ իրեն հայտնի չէ, թե կոնկրետ Հայաստանում կա՞ն նման գործունեություն ծավալող տոտալիտար սեկտաներ կամ կրոնական հիմք ունեցող, սակայն քաղաքացիներին շահագործող այլ կազմակերպություններ։ Նման խնդիրներով պետք է զբաղվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի կից կրոնի հարցերի բաժինը և Արդարադատության նախարարությունը, որտեղ գրանված են բոլոր կրոնական կազմակերպությունները։
Աստվածաբանի գնահատմամբ՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված կազմակերպություններից մի քանիսին, ինչպիսիք են, օրինակ՝ «Կյանքի խոսքը», «Եհովայի վկաները» կամ «Մորմոնները» («Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»), միջեկեղեցական շրջանակներում հաճախ չեն համարում ավանդական հարանվանությունների հետ առնչություն ունեցող ուղղություններ, ինչպես որ դա տեղի է ունենում Լյութերական-Բողոքական, Կալվինական-Բարեկարգյալ կամ, ասենք՝ Հայ Ավետարանական եկեղեցիների պարագայում։
Նրա խոսքով՝ առհասարակ համեմատաբար նորաստեղծ կրոնական կազմակերպությունների պարագայում մասնագետների կողմից առավել հաճախ օգտագործվում է «ազատ եկեղեցի» սահմանումը, քանի որ նրանք չեն պատկանում քրիստոնեական չորս հայտնի ընտանիքներից որևէ մեկին՝
ա․ Արևելյան Ուղղափառ,
բ․ Բյուզանդական Ուղղափառ,
գ․ Հռոմեական Կաթոլիկ,
դ․ Բողոքական։
Սակայն եթե տվյալ հարանվանությունները ևս մտնում են ներկայումս Հայաստանում գրանցված 65 կրոնական կազմակերպությունների մեջ, ապա դա նշանակում է, որ նրանց որպես «աղանդ» անվանելը իրավաբանորեն ճիշտ չէ և կարող է նույնիսկ որպես վիրավորանք գնահատվել ու դատական գործընթացների հանգեցնել։ Հարությունյանը նշեց, որ հավանաբար կան նաև չգրանցված կրոնական կազմակերպություններ, և եթե դրանք էլ հաշվենք, թիվը կարող է 100-ից ավել լինել։ Եվ այն տարեցտարի գնալով աճում է։
Ըստ աստվածաբանի՝ Հայաստանում առկա են նաև նեոհեթանոսական ուղղություններ (նեոպագանիզմ), որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից, սկսեցին հանրային դաշտում քարոզչությամբ զբաղվել։ Նրանցից առնվազն մեկն այժմ պաշտոնապես գրանցված է իբրև լիարժեք կրոնական կազմակերպություն։ Նոր հեթանոսական հավատքի հետևորդները հաճախ իրենց հանրային ելույթներում պնդում են, որ տվյալ կրոնական ուղղության դավանաբանությունը հայկական նախաքրիստոնեական հավատալիքների շարունակությունն է։ Դրա համար իրենց գլխավոր ներկայացուցիչը «քուրմ» է կոչվում։ Ըստ հեթանոսական տոնացույցի՝ այդ պաշտոնը կրողի գլխավորությամբ ծիսական արարողություններ են կատարվում Գառնու տաճարի առջև՝ որպես հին հայկական հեթանոսական հավատքի վերակենդանացման սիմվոլի։
Աստվածաբանը նաև նշեց, որ որոշ միջազգային հետազոտողների գնահատմամբ՝ Հայաստանում առկա են նաև այսպես կոչված «շամանիզմի» դրսևորումներ, որոնք կարելի է տեսնել «հրաշքով բուժող հեքիմների», «վախ չափողների», «մոմ թափողների», «բախտ նայողների» կամ գուշակության այլևայլ ձևերով գործող անհատների պարագայում։ Վերջիններս չունեն որևէ ինստիտուցիոնալ կապվածություն որևէ կրոնական կազմակերպության հետ։
«Այդպիսի անձանց մոտ հաճախ նաև որոշակի քրիստոնեական հենք կա, քանի որ իրենցից շատերն ասում են, որ, օրինակ՝ անհատական տեսիլքում Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին կամ մեկ այլ սուրբ և կամ էլ մի հրեշտակ է հայտնվել ու տվել այդ հատուկ շնորհը։ Դրա համար նրանք հաճախ սրբապատկերներ են տեղադրում իրենց մատուռներում կամ աշխատանքային սենյակներում։ Ուստի, ըստ ուսումնասիրող կրոնագետների, դա ոչ թե ամբողջովին շամանիզմ է, այլ չտարբերակված (սինկրետիկ) հին ժողովրդական ավանդույթների և ժողովրդական քրիստոնեության (առանց քահանայական միջնորդության) միաձուլման դրսևորում», - նշեց աստվածաբանը։
Բանախոսը պարզաբանեց, որ, չնայած Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից շատերը հաճախ են կիրառում «աղանդներ» սահմանումը տարբեր կրոնական կազմակերպությունների վարկաբեկման համար և պահանջում պայքարել նրանց ներկայացուցիչների դեմ, որպես այդպիսին պայքարի հստակ ու համակարգված միջոցներ չեն նշմարվում, որոնք հնարավորություն կտային իրենց իսկ հետևորդներին ավելի ամուր համախմբված մնալ ավանդական եկեղեցու շուրջը։
«Գարեգին Ա կաթողիկոսը (1995-1999) այս խնդրի մասով դիպուկ բնութագրում էր տվել։ Նա մեր ճեմարանական ուսման վերջին տարում, երբ քարզոխոսություն էր անձամբ դասավանդում, անընդհատ կրկնում էր. «Եթե դուք ունեք հոգևոր լույս ձեր ներսում, ապա ցույց տվեք ձեր միջից բխող լույսը և մի փորձեք սևացնել այլ հարանվանության հետևողներին»։ Այդ ժամանակ մեզնից շատերը հասկացան, որ իրականում չունեն այդ հոգևոր լույսը և դրա փոխարեն իրենց քարոզներում միայն պախարակում էին օտար կրոնական շարժումները։
Այսօր ևս մեր ավանդական եկեղեցում մենք ունենք գեղեցիկ բառապաշարով խոսող հոգևորականներ, տպավորիչ զգեստավորմամբ, որոնք առաջին հայացքից ազդեցիկ արարողություններ են անցկացնում, սակայն դրանց մեջ հաճախ բացակայում է այն հոգևոր խոսքն ու հուսո լույսը, ինչին կարոտ է հավատացյալ մարդու հոգին։ Ես բազմաթիվ քաննադատություններ եմ լսել այս մասին մեր քաղաքացիներից և կարծում եմ, որ հոգևորականներից շատերը չունեն անգամ էլեմենտար գիտելիքներ այդ 21-րդ դարում հոգևոր փնտրտուքին ճիշտ ձևով արձագանքելու վերաբերյալ։ Դրա պատճառով նրանք գործում են միայն ֆորմալ եղանակով կամ պարզապես ֆունկցիոնալ ծառայություններ մատուցում։ Ոմանք հետաքրքրված են միայն այդ ծառայության դիմաց անկընկալվող դրամական վարձատրության չափով։ Նման եկեղեցականը չի կարողանում անգամ մի կարճ հոգևոր խոսք ասել, էլ ուր մնաց բորբոքել աստվածային սիրով և քրիստոնեական խնամք ցուցաբերել իրեն դիմողների հանդեպ։ Այս պատճառներով էլ մարդկանց մեծ մասը գալիս են պատարագի պահին պարզապես երկու րոպեով մոմը վառում, խաչակնքվում ու հեռանում կամ էլ առավելագույնը՝ կնունք, պսակադրություն և թաղման կարգ կատարում ու հետո ընդհանրապես չեն էլ մասնակցում որևէ արարողության։ Շատ քաղաքացիներ, որոնք իրենց քրիստոնյա են համարում, չգիտեն անգամ թե ինչ է Սուրբ Հաղորդությունը», - ասաց բանախոսը։
Հարությունյանը բացատրեց, որ տվյալ համատեքստում համայնքային կյանքով չապրող անհատը ինքնին պաշտպանված չէ տարատեսակ քարոզիչների ազդեցություններից կամ էլ կրոնական հողի վրա բխող շահարկումներից ու դրանցից եկող վտանգներից, եթե նա չի զբաղվում ինքնազարգացմամբ ու չի կարդում համապատասխան հոգևոր գրականություն կամ համացանցի միջոցով չի լսում աստվածաբանական որակավորում ունեցող խոսնակներին։ Բացասական ազդեցություններն ու շահարկումները կարող են սկսել հատկապես այն դեպքերում, երբ մարդը լուրջ հիվանդության ախտորոշում ունի և մխիթարության կարիք է զգում, կախվածությունների մեջ է ընկել ալկոհոլից և թմրանյութերից ու ելքի ճանապարհներ է փնտրում, ունի պարտքեր և ֆինանսական աջակցություն է սպասում, հարազատի կորուստ է ունեցել և մահվան վախը չի կարողանում միայնակ հաղթահարել, որևէ դժբախտություն է ապրել և փորձում է վերարժևորել իր կյանքը կամ ուղղակի հայտնվել է ինչ-որ փակուղային իրավիճակում և օգնության ձեռքի կարիք ունի։ Այս բոլոր պարագաները, ի տարբերություն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության մեծամասնության, գերազանց կերպով օգտագործվում են վերոնշյալ կրոնական կազմակերպությունների հմուտ քարոզիչների կամ բախտագուշակների և նման անհատական կրոնավորության ներկայացուցիչների կողմից։