Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հանրության համար կարևոր են ոչ միայն և ոչ այնքան օրենքների դրույթները, որքան դրանց կիրառումը և այստեղ իրավակիրառ պրակտիկան բավականին դանդաղ է ընթանում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գործող հաշտության հնարավորությունը, որով այժմ պետությանը պետք է վերադարձվի ոչ թե 75, այլ 100 տոկոսը՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:
Ըստ Խալաթյանի՝ դատաիրավական համակարգի դանդաղընթացությունը և ոչ արդյունավետությունն է այսօր Հայաստանում խնդիրների խնդիրը. «Այս հարցը թերևս կապ չունի օրենսդրական կարգավորումների հետ: Նույնիսկ, եթե մենք խստացնում ենք գործող օրենսդրությունը, դրանով չի լուծվում ամենակարևոր հարցը, այսինքն, եթե չի բռնագանձվում 75 տոկոսը, չի բռնագանձվի նաև 100 տոկոսը, այստեղ խնդիրն օր առաջ դատական և իրավապահ համակարգի արմատական վերափոխումն է՝ հատկապես շեշտը դնելով պաշտոնյաների բարեվարքության և շահերի բախման ուսումնասիրության վրա, որպեսզի նրանք որևէ աֆիլացիա չունենան այն անձանց հետ, ում գույքի բռնագանձումն իրենց պաշտոնեկան իրավասության մեջ է մտնում»:
Խալաթյանը նշեց, որ տարիներ առաջ եղել է քաղաքական առաջարկ, որպեսզի վերադարձնելով թալանածը՝ ինտեգրվեն նոր հեղափոխական իրողություններին. «Այս անձանց վարքաբանությունը ցույց է տալիս, որ իրենք հեռու են ժողովրդավարական պետության գաղափարից և ընդհանրապես պետականկենտրոն մտածելակերպից և դեռևս իրենց քաղաքական գործունեությունն ավարտված չեն համարում, հետևաբար նրանց հետ որևէ հույս կապելը վաղուց արդեն ժամանակվրեպ է»:
Արտաշես Խալաթյանը նաև ընդգծեց, որ ներկայիս իշխանությունների կողմից արվում են գործողություններ ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ. «Մենք որոշակի դրական արդյունքներ ունենք, բայց այն նշաձողը, որը դրված է՝ շատ ավելի բարձր է, քան դրանց սպասարկմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը: Խանգարում է ոչ թե դատաիրավական համակարգի անկախությունը քաղաքական իշխանությունից, այլ անկախությունն այն սուբյեկտներից, որոնց գույքի բռնագանձմամբ իրենք պետք է զբաղվեն, այլ կերպ ասած՝ աֆիլացվածությունն այլ քաղաքական շրջանակների հետ: Նրանք անգամ այսօր կարողանում են դա անել: Պետք է վեթինգ արվի և ամբողջական վերանայում իրականացվի դատական, դատախազական և քննչական համակարգերում, այսինքն՝ զրոյից այս համակարգերի կադրային բազան պետք է վերանայվի»:


