Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան Zarkerak - Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան
Zarkerak Zarkerak - Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան
Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան

Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անդորրա լա Վելլայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող։

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք սկսել մի խոստովանությամբ։ Այս ելույթը գրելիս ես օգնություն խնդրեցի արհեստական բանականությունից։ Նրա առաջին խորհուրդն էր՝ «Ասեք, որ արհեստական բանականությունը երկսայրի սուր է»։ Ուրեմն արհեստական բանականությունն արդեն սովորել է խոսել քաղաքական գործիչների պես։ Մի՛ անհանգստացեք, կփորձեմ մի փոքր ավելի ինքնատիպ լինել։

Արհեստական բանականությունը սուր չէ։ Այն դուռ է։ Եվ բուն հարցն այն է՝ ո՞վ է առաջինն անցնելու այդ դռնով։

Նախ՝ հնարավորությունների մասին: Նիգերիայում արհեստական բանականությամբ աշխատող ուսուցիչն օգնեց աշակերտներին վեց շաբաթում սովորել այն, ինչը սովորաբար տևում է մինչև երկու տարի: Եվ ամենամեծ առաջընթացն ունեցան աղջիկները։ Շվեդիայում արհեստական բանականությունն օգնեց բժիշկներին հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր 29 տոկոսով ավելի շատ: Իսկ Հայաստանում մենք հենց նոր բացել ենք մեր տարածաշրջանի արհեստական բանականության խոշորագույն գործարաններից մեկը:

Այս տարվա հուլիսին Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն ասաց. «Ճիշտ օգտագործվելու և լայնորեն տարածվելու դեպքում արհեստական բանականությունը կարող է տասնամյակների զարգացումը խտացնել մի քանի տարվա մեջ»։ Ճիշտ օգտագործել և լայնորեն տարածել։ Սա է մեր պատասխանատվությունը։

Երկրորդ՝ ռիսկերի մասին։ Այսօր 9-ից 17 տարեկան երեխաների 86 տոկոսն օգտվում է արհեստական բանականությունից։ Բայց նրանց միայն 35 տոկոսը գիտի, որ արհեստական բանականությունը միշտ չէ, որ կարողանում է տարբերել ճշմարիտը կեղծից։ Երեխաների սեռական բռնության՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը մեկ տարվա ընթացքում աճել են 260 անգամ: Հանրային կյանքում ներգրավված յուրաքանչյուր տասը կնոջից չորսն այսօր ինքնագրաքննություն է անում համացանցում՝ բռնությունից խուսափելու համար: Միայն մեկ երկրում տարեցները մեկ տարում առցանց խարդախությունների հետևանքով կորցրել են գրեթե 8 միլիարդ դոլար, ընդ որում՝ նրանցից ոմանք՝ իրենց թոռան՝ արհեստական բանականությամբ կեղծված ձայնի պատճառով:

Սա անվտանգության հարց է։ Այսօր անվտանգությունը միայն բանակների և զենքի մասին չէ: Այն նաև տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբեռանվտանգության մասին է: Իսկ համակարգն այնքան ուժեղ է, որքան իր ամենաթույլ օղակը. չաթբոտի հետ մենակ մնացած երեխան, կին թեկնածուն, այն տատիկը, որը պատասխանում է հեռախոսազանգին:

Ուստի, ես ունեմ երեք առաջարկ։

  • Վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Արհեստական բանականության մասին կոնվենցիան։ Հայաստանն այն ստորագրել է այս տարվա հունվարին։ Կոնվենցիայի 18-րդ հոդվածը մեզ պարտավորեցնում է հոգ տանել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների մասին։
  • ԵԱՀԿ յուրաքանչյուր երկրում հանցագործություն համարել մերկ կեղծ պատկերներ ստեղծող հավելվածների և երեխաների նկատմամբ բռնության արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների օգտագործումը:
  • Սովորեցնել արհեստական բանականության հմտություններ բոլոր տարիքի մարդկանց և արհեստական բանականության կանոններ մշակել երիտասարդների հետ, ոչ միայն նրանց համար:

Թույլ տվեք եզրափակել մեկ պարզ սկզբունքով. ոչ մի մարդ չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա:

Մեր գործն ապահովելն է, որ հնարավորությունները հասնեն ամենախոցելիներին առաջինը, իսկ վնասը՝ վերջինը: Կամ էլ ավելի լավ՝ երբեք:

Շնորհակալություն»,- ասել է Լիլիթ Մինասյանը։

09 Հոկտեմբեր, 2026 23:52
Վեր