Կոռուպցիայի դեմ պայքար՝ ձերբակալություններից մինչև համակարգային փոփոխություն Zarkerak - Կոռուպցիայի դեմ պայքար՝ ձերբակալություններից մինչև համակարգային փոփոխություն
Zarkerak Zarkerak - Կոռուպցիայի դեմ պայքար՝ ձերբակալություններից մինչև համակարգային փոփոխություն
Կոռուպցիայի դեմ պայքար՝ ձերբակալություններից մինչև համակարգային փոփոխություն

Կոռուպցիայի դեմ պայքար՝ ձերբակալություններից մինչև համակարգային փոփոխություն

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում հայտնվում են հերթական ձերբակալությունները, քրեական վարույթներն ու աղմկահարույց բացահայտումները։ Բայց այս ամենի հետևում կա ավելի կարևոր հարց՝  արդյո՞ք պետությանը հաջողվում է ոչ միայն բացահայտել կոռուպցիոն դեպքերը, այլև փոխել այն միջավայրը, որտեղ նման երևույթները հնարավոր են դառնում։

Նոյեմբերի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց, որ մի խումբ անձինք ձերբակալվել են 20 միլիոն դրամի ենթադրյալ կաշառք ստանալու և տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվածների թվում են Պետական եկամուտների կոմիտեի և Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյաներ։

Գործի մանրամասները դեռ ամբողջությամբ հրապարակված չեն, և այս փուլում հնարավոր չէ վերջնական գնահատական տալ յուրաքանչյուր անձի գործողություններին։ Հատկանշական է նաև, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարել է՝ իր աշխատակցի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ։ Բնականաբար այս դեպքի իրավական վերջնական գնահատականը պետք է տա դատարանը։

Այնուամենայնիվ, այս դեպքը կրկին ուշադրություն է հրավիրում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի խնդրին։ Խոսքը երկու կարևոր ոլորտների՝ հարկային վարչարարության և հարկադիր կատարման համակարգերի մասին է։ Դրանք այն կառույցներն են, որոնց որոշումներն ու գործողություններն անմիջականորեն առնչվում են պետության ֆինանսական շահերին, տնտեսվարողների գործունեությանը և քաղաքացիների իրավունքներին։

Միևնույն ժամանակ, արդարացի չի լինի անտեսել, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը բավական մեծ աշխատանք է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի և այն պետական համակարգից դուրս մղելու ուղղությամբ։ 2018 թվականից հետո այդ պայքարը հռչակվեց պետական քաղաքականության առաջնահերթություն, ձևավորվեցին նոր հակակոռուպցիոն ինստիտուտներ, ներդրվեցին պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման ու ստուգման նոր մեխանիզմներ, ընդլայնվեցին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորությունները, խստացվեցին շահերի բախման և պետական գնումների վերահսկողության կանոնները։

Այս փոփոխությունները նկատվել են նաև միջազգային գնահատականներում։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի»  տվյալներով՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 2012 թվականի 34 միավորից 2025 թվականին հասել է 46-ի։ ՏՀԶԿ-ի 2025 թվականի մոնիթորինգի զեկույցն էլ արձանագրել է առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների 9 ուղղություններից վեցում՝ մասնավորապես գույքի հայտարարագրման, պետական գնումների, բիզնեսի թափանցիկության և իրավախախտումների բացահայտման ոլորտներում։

Այս ամենը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում կատարվել է ոչ միայն հայտարարությունների, այլև ինստիտուցիոնալ փոփոխությունների մակարդակի աշխատանք։ Սակայն բարեփոխումների առկայությունը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Նույն միջազգային գնահատականները մատնանշում են նաև թերություններ՝ հայտարարագրերի ոչ լիարժեք ստուգում, ազդարարների պաշտպանության մեխանիզմների անբավարար արդյունավետություն, ինչպես նաև դատական և իրավապահ համակարգերում անկախության ու հաշվետվողականության հետ կապված խնդիրներ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ նոյեմբերի 9-ին ներկայացրած տվյալների համաձայն՝ կառույցն իր գործունեության հինգ տարիների ընթացքում քննել է 7524 քրեական վարույթ, որոնցից 1050-ն ուղարկվել է դատարան՝ 2481 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով։ Միայն 2026 թվականի առաջին ինը ամիսներին դատարան է ուղարկվել 286 վարույթ՝ 799 անձի վերաբերյալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 170 վարույթ և 431 անձ։

Կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ և ավարտված գործերով վերականգնվել է շուրջ 327 միլիոն դրամ, իսկ մոտ 24.3 միլիարդ դրամի շարժական և անշարժ գույքի վրա արգելանք է դրվել։ Նշվել է նաև համայնքներին 19 ապօրինի օտարված հողատարածքների վերադարձի մասին։

Այս թվերը ցույց են տալիս հակակոռուպցիոն մարմնի քննչական աշխատանքի ծավալը և դատարան ուղարկված գործերի աճը։ Սակայն դրանք ինքնին դեռ չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ որքանո՞վ է նվազել կոռուպցիոն ռիսկը պետական համակարգում։ Հարուցված վարույթների և մեղադրական եզրակացություններով դատարան ուղարկված գործերի թվերը կարևոր ցուցանիշներ են, բայց դրանք չեն կարող փոխարինել դատական վերջնական արդյունքների, կանխարգելման արդյունավետության և հանրային վստահության գնահատմանը։

Այստեղ է նաև իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարված է պետական քաղաքականության առաջնահերթություն, ապա դրա արդյունքները պետք է տեսանելի լինեն ոչ միայն իրավապահ մարմինների հաղորդագրություններում, այլև պետական կառավարման որակի փոփոխության մեջ։

Պետական համակարգը պետք է ոչ միայն բացահայտի և պատժի օրենքը խախտողներին, այլև ստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ պաշտոնեական դիրքը անձնական շահի վերածելը հնարավորինս դժվար կլինի։ Դրա համար անհրաժեշտ են անկախ վերահսկողություն, թափանցիկ որոշումներ, շահերի բախման արդյունավետ կառավարում և պետական ծառայողների նկատմամբ հստակ պատասխանատվության մեխանիզմներ։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող սահմանափակվել պատժիչ գործողություններով։ Այն պետք է դառնա պետական կառավարման որակի փոփոխության գործընթաց։

Ի վերջո, պետության հաջողությունը պետք է չափվի ոչ միայն նրանով, թե քանի պաշտոնյա է ձերբակալվել կամ քանի քրեական գործ է հասել դատարան, այլև նրանով, թե որքանով է հաջողվել կանխել կոռուպցիան, սահմանափակել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հնարավորությունները և վերականգնել հանրային վստահությունը։

Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի իրական արդյունքը ոչ թե ձերբակալությունների քանակն է, այլ այն պետությունը, որտեղ կոռուպցիայի համար ավելի ու ավելի քիչ տեղ է մնում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

18 Նոյեմբեր, 2026 12:14
Վեր