«Մորս հետ նստած մի ուզբեկական շատ տխուր ֆիլմ էինք նայում։ Իմ աչքերից արցունք է իջնում։ Հետո ես մի տեսակ սևեռուն հայացք եմ զգում, շրջվում եմ, նայում եմ մորս։ Մամաս զարմացած ինձ է նայում, ասում է ՝ բալա՛ ջան, դու էնքան ջահել մահեր ես տեսել, ինձ թվում էր, որ ես մեռնեմ դու իմ վրա չես կարա լացել, դու էս ֆիլմի համար լացու՞մ ես»,- Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ, գնդապետ, բուժքույր, «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը պատասխանում է Zarkerak.am-ի այն հարցին, թե պատերազմում այդքան մահեր տեսնելով մարդը չի՞ քարանում։

Աիդա Սերոբյանը
Հետո հիշողության անիվը հետ ենք պտտում դոխտուրին (Արցախում նրան այդպես էին դիմում)՝ Աիդա Սերոբյանին, տանում Շուշի, Լաչին, Աղդամ, Քարվաճառ, Օմարի լեռնանցք, Ֆիզուլի ու էլի շատ շրջաններ, որտեղ մարտական գործողություների է մասնակցել․«Հասել եմ մինչև Միջնավան գյուղ՝ Պարսկաստանի սահման, ու իմ արյունոտ ձեռքերը լվացել Արաքս գետի մեջ»,- պատմում է տիկին Աիդան։
Իսկ Տիկին Աիդայի ձեռքերը շատ անգամներ են արյունոտվել, սրտից էլ ամեն անգամ արյուն է կաթացել, երբ ծանր վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել․ «Ամեն մի մահացողի հետ դու մահանում ու վերակենդանանում ես։ Երբ Մոնթեն զոհվեց շատ եմ լացել,Խաչակիրների Կարոն զոհվեց լացել եմ, իմ մարտական ընկերուհիներից, ովքեր իմ կողքը զոհվել են, լացել եմ»,- հետո արցունքները մաքրել է Աիդա Սերոբյանն ու գործի անցել․ պետք էր ռմբակոծության տակից վիրավորներին դուրս բերել, զոհվածների մարմինները հանել։

«Ես առաջին պատերազմում տարիներ շարունակ եղել եմ կռվի դաշտում, Արցախում քանի չես զոհվել, կռվի դաշտում ես ու վերջ, ես եղել եմ պարտիզանական ջոկատում, Մարտակերտի գնդում, Արցախի փրկարար ծառայությունում, Շուշիում, բուն կռվի դաշտում եմ եղել»,- պատմում է Տիկին Աիդան․ ահա այսպես կռվի դաշտում՝ մահվան շնչի տակ էլ, շատերին երկրորդ շնչառություն է պարգևել ազատամարտիկ-բուժքույրը։
Հետո տիկին Աիդան պատասխանում է մեր այն միամիտ հարցին, թե կռվի դաշտում սպիտակ խալաթո՞վ եք եղել․ «Ես համազգեստով էի։ Կռվի դաշտում ի՞նչ սպիտակ խալաթ։ Համազգեստով էինք, ավտոմատով զինված ու բոլորս կռվում էինք։ Այնտեղ կապ չունի, թե դու ինչ մասնագիտություն ունես»: Պատերազմով անցած տիկին Աիդան պատմում է, որ երբ վիրավորի կյանքին վտանգ էր սպառնում անձամբ էր տեղափոխում հոսպիտալ, իսկ եթե վերքը թեթև էր, կապում էր ու ուղարկում հոսպիտալ, ու կրկին ձեռքն էր վերցնում ավտոմատը։

Ավտոմատը ձեռքին էլ, պատերազմի փոշու ու վշտի մեջ տիկին Աիդան շատերի վերքերը չէր կարողանում մտքից հանել․ «Վիրավորված մարդիկ կային, որ 100 տարի էլ անցնի չես կարող այդ վերքը մոռանալ»։
Հիմա էլ տիկին Աիդան երբեմն լսում է․ «Ինչ-որ մեկը հարցնում է բժի՛շկ, ինձ հիշու՞մ եք, Դուք այսինչ տեղում իմ կյանքն եք փրկել, ասում եմ՝ ո՞ր մասից էիր վիրավոր»,- հետո տիկին Աիդան բացատրում է՝ վիրավորները չեն պատկերացնում, որ այդ ժամանակ իր ուշքն ու միտքը վերքն է․ «Ես ոչ թե իրենց դեմքին եմ նայում, այլ վերքին»։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Աիդա Սերոբյանը 4 անգամ վիրավորվել է, ձեռք է բերել երկրորդ կարգի հաշմանդամություն․ «Ես պատերազմից 10 տարի հետո եմ հանել բեկորներն իմ մարմնից»։
«Ես ինքս վիրավոր, ծանր վիրավորներին առաջին բուժօգնություն եմ ցույց տվել»,- պատմում է տիկին Աիդան։ Գերմարդկային ուժեր պետք չե՞ն, սեփական ցավը մոռանալու ու ուրիշին օգնելու համար․ «Էդ ժամանակ ո՞վ է մտածում սեփական կյանքի մասին, միայն մտածում ես՝ ո՞նց փրկես վիրավորի կյանքը»։

Ռմբակոծության, մահերի ու փրկվող կյանքերի մեջ, Աիդա Սերոբյանը Աստծուն հաճախ է դիմել, իսկ Աստված Գանձասարի վանքում էր․ «Որտեղ մարտերի էի գնում, իմ պատկերացումով, թե որտեղ է Գանձասարի եկեղեցին, շրջվում էի ու ասում՝ Տեր աստված, ես գնացի, մնացածը դու գիտես»։ Երևի Աստված գիտե՞ր, որ բուժքույր Աիդան պետք է Արցախին ու փրկում էր, որ տիկին Աիդան էլ հազարավորներին փրկի։
«Առաջին պատերազմի ժամանակ էնքան քիչ էին այնտեղ կանայք, որ երբ ես վիրավորին տարել էի Ստեփանակերտ, ոտքով պետք էի բարձրանայի պոստ՝ մորս զանգելու, մի աղջիկ՝ 6-7 տարեկան, նայում էր դեմքիս ասաց՝ ձյաձյա, ձյաձյա, մի հատ պատրոն կտա՞ս »,- ժպիտով է հիշում տիկին Աիդան։
Պատերազմում,սակայն, վերապրած քիչ պահեր է հնարավոր ժպիտով հիշել․ «Ես երբ պառկում եմ քնելու, ժապավենի նման վերապրում եմ պատերազմները»։
Արցախյան առաջին ազատամարտում շատերի վերքերը բուժած տիկին Աիդայի սրտում պատերազմների թողած վերքերն այդպես էլ չեն փակվում։ 44-օրյային էլ ինքը Թալիշում էր՝ որպես բժիշկ։ 44-օրյայից Աիդա Սերոբյանին շատ հարցեր չենք տալիս, վերքերը թարմ են, չենք ցավեցնում։
Տիկին Աիդան Արցախյան առաջին պատերազմի դաշտում մնաց այնքան մինչև չլսվեց այդքան բաղձալի լուրը․ «Դոխտուր, աչքդ լույսի լինի, կռիվը պրծել ա»։
«Կռիվ է սկսվել»,-ահա այս բոթով էլ սկսվեց Գերցինա Պետրոսյանի 24-ժամյա հերթապահությունը Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնի ընդունարանում։ ԵՊԲՀ ուսանող, մասնագիտությամբ մանկաբարձ Գերցինային հիվանդանոցի պատերի ներսում իրարանցում ու անորոշություն էր սպասում․ «Գալիս եմ հիվանդանոց, բոլորն անտրամադիր են, բժիշկներն իրենց արագընթաց գործողություններն են անում»,- սեպտեմբերի 27-ն է հիշում Գերցինան։

Գերցինա Պետրոսյանը
Սկզբում սարսուռ անցավ Գերցինայի մարմնով, հետո մի հստակ որոշում էլ մտքով անցավ՝ «Հաջորդ օրը հանձնեցի հերթապահությունս ու միանգամից գնացի իմ զինկոմիսարիատ։ Պետք է բուժքույրերի ջոկատ հավաքեին»։ Կրտսեր սերժանտ Գերցինան, իհարկե, կուզեր Արցախ գնալ, բայց զիջեց հայրիկին, որովհետև հայրիկի «դու իմ միակն ես» արտահայտությունը լսելով, ներսում համառությունը նահանջել էր։ Որոշվեց Գերցինային ուղարկել Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Երիտասարդ բուժքույրը գալիս է տուն, հավաքում է իրերը, բայց զինկոմիսարիատից այդպես էլ մի ամբողջ օր զանգ չի ստանում․ «Ինքնակամ վերցնում եմ իմ բոլոր իրերն ու գնում եմ Մուրացան հոսպիտալ»,-հիշում է Գերցինան։
«Մենք Ձեզ կզանգենք»,-հիմա էլ լսում է հիվանդանոցում։ Բայց այլևս տուն չի գնում․ «Գնում եմ միանգամից ընդունարան»,- ասում է Գերցինան,հետո թերապիայի բաժանմունք, վիրաբուժարան, վերակենդանացման բաժանմունք․ բուժքույր Գերցինան ամենուր էր։
Մի միամիտ հարց էլ Գերցինային ենք տալիս․ դժվա՞ր օրեր էին, ինչպե՞ս էր ավելի քան մեկ ամիս դիմանում․ «Եթե ես չունենայի իմ մեծ լավատեսությունը, կարծում եմ, հիմա կարող էի հոգեբանորեն շատ լուրջ տրավմաների առաջ կանգնած լինել»։

«Առաջին էմոցիաները․ սառել էր ամեն ինչ, ոչ մի լաց, մաքսիմալ քիչ էինք խոսում»։ Իսկ լացը զսպելը երբեմն շատ դժվար էր․ «Որովհետև աշխատանքի ընթացքում զանգում ասում են մանկությանդ ընկերն է զոհվել, դու ինքդ ես կարդում պատահաբար։ Բայց ես գիտեի, որ պիտի անեմ իմ գործը, որ այն մյուս զինվորի կյանքը փրկենք»,- ասում է Գերցինան, հետո նորից ապրում ու վերապրում կորստի ցավը։
Գերցինան անգամ ամենածանր օրերին տեսել է Աստծո հրաշքը։ Պատմում է իր հերթապահության օրերից մեկի մասին․ «Վերակենդանացման բաժանմունքում պառկած էին 2 զինվոր՝ Վահագնը և ևս մեկ զինվոր։ Ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում։ Մահվան ու կյանքի սահմանագծին»։
Ու Գերցինան լսում է վերակենդանացման սենյակում Վահագնի մայրիկի խոսքերը․ «Բալես, դու պարտավոր ես ապրել, դու պարտավոր ես երջանիկ լինել,ես հավատում եմ քեզ, դու իմ ուժեղն ես»։
«Ես վստահ եմ, որ Վահագնը անգամ այդ վիճակում լսել է մոր խոսքերը։ Այսքան ժամանակ անց Վահագնը չգիտի, որ ես էլ ամեն ինչը լսել եմ։ Առաջին անգամ եմ պատմում»,- ասում է Գերցինան։
Առավոտյան բժիշկներն արձանագրում են Վահագնի կողքին պառկած զինծառայողի մահը․ «Երևի, որովհետև նրան խոսքեր ասող չի եղել»։
Բայց ինքը երկուսի համար էլ հավասարապես աղոթել էր․ «Իմ աշխատանքի հաջողությունը կախված է նրանից, որ ես հավատով լի եմ։ Վահագնի դեպքում ես տեսա Տիրոջ հրաշքը»։
Իսկ հրաշքներ Գերցինան էլի է տեսել ու որպեսզի այդ հրաշքները չլքեն վերակենդանցման սենյակները Գերցինան Աստծու հետ շատ էր խոսում․ «Տղաները, որ քնած էին լինում մենք ուրախանում էինք, որ դեղորայքը ազդում է։ Իրենք գիշերները հաճախ տագնապային վիճակով արթնանում էին քնից»։ Հետո Գերցինան բժշկի ու քրոջ հոգատարությամբ իր աղոթքներում հիշում էր բոլոր այն տղաների անունները, ում պատերազմի տագնապը խանգարում էր հանգիստ քնել։
«Հոսպիտալի երկրորդ հարկում Ներսես Շնորհալու անունը կրող անկյուն կար, աղոթում էի, լացում էի, իմ հանգստի անկյունն էր»,-անկեղծանում է Գերցինան ։ «Իմ համազգեստը շատ «աղի էր»։ Արցունքի հետքեր կային»,- պատմում է Գերցինան։
Եթե վիրավոր զինծառայողներից Վահանը իմանար, որ Գերցինան լաց է եղել՝ հաստատ կբարկանար․ «Չտեսնեմ դու լացես, կամ արցունքներ նկատեմ։ Ասում էի լավ, որ դու ես ասում, լսում եմ»,- հիշում է Վահանի խոսքերը Գերցինան։ Արկի պայթյունից Վահանը դեմքի փափուկ հյուսվածքների ծանր վնասվածք էր ստացել․ «Փափուկ հյուսվածքները ականի պայթյունից քայքայվել էին։ Միասին ենք այդ շրջանը հաղթահարել, նորից խոսել սովորել»։

Վահանը ուժեղ մարդու օրինակ է Գերցինայի համար․«Վահանին սկսել եմ կերակրել ներարկիչով։ Խյուս էի սարքում, դնում լեզվին, ինքը կուլ էր տալիս։ Բայց մի ամիս հետ արդեն «քյաբաբ» էր ուտում»,- ժպիտով ու ցավով հիշում է բուժքույրը։
Տեսնելով ու զգալով անպատմելին՝ Գերցինան մի բան է հասկացել․ «Լինելով Գերմանիայում ծնված, մեծանալով այնտեղ, հետ գալով հայրենիք, ես հետադարձի ճանապարրհ չեմ տեսնում, այստեղ է իմ ծառայությունը, իմ առաքելությունը»։
«Ես այսպես եմ ապրում, որ Միքայելս, Վահես, Նարեկս, Արեգս բոլորը հպարատանան։ Ուզում եմ, որ երկնքից տեսնեն ու ասեն՝ արժեր մյուսներին ապրելու հնարավորություն տալ»։
Մարիամ Մկրտչյան