«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչն անդրադարձել է ցեմենտի ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագծին Zarkerak - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչն անդրադարձել է ցեմենտի ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագծին
Zarkerak Zarkerak - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչն անդրադարձել է ցեմենտի ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագծին
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչն անդրադարձել է ցեմենտի ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագծին

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչն անդրադարձել է ցեմենտի ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագծին

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ առաջարկվեց ընդունել օրենքի նախագիծ, որով ցեմենտի ներկրման տուրքն այս պահին գործող 14 հազար դրամի փոխարեն կսահմանվի 2 հազար դրամ:

Հիշեցնենք, որ օրենիք նախագծի առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել էր, որ 14 հազարի փոխարեն նախատեսվում է սահմանել 9 հազար դրամ ներկրման տուրք: Այսօր պատգամավորն ասաց, որ լրացուցիչ ուսումնասիրություններ են արվել, որի արդյունքում առաջարկվում է այդ գինը 2 հազար ՀՀ դրամ սահմանել:

«Թվերն անգամ ցույց են տալիս, որ կարելի էր տուրքն ընդհանրապես հանել, բայց որոշվել է այդ 2000 դրամը, այդուամենայնիվ, հօգուտ տեղական արտադրողի պահել»,- նշել է Թունյանը և հավելել, որ այդ որոշմամբ ցեմենտի շուկան կվերադառնա հավասարակշիռ վիճակի:

Նախկինում ցեմենտի շուկայում ներմուծման տուրք ընդհանրապես սահմանված չէր: 2019 թվականին իրանական արժույթի արժեզրկման հետևանքով իրանական ցեմենտի ներկրումը բավականին էժանացել էր, որը խոչընդոտ էր հանդիսանում հայաստանյան գործարարների աշխատանքին ու ցեմենտի մրցակցությանը՝ իրանականն ավելի մրցակցային է եղել:

Տեղական արտադրողին պաշտպանելու համար 2019-ին սահմանվեց ցեմենտի տուրք:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցեմենտի տուրքին նշեց, որ այդ դրա սահմանումից հետո իրանական ցեմենտը սկսեց չգալ Հայաստան: Արդյունքում, 2 տարիների ընթացքում ցեմենտի գինը սկսեց շեշտակի աճել՝ մոտավորապես 30 տոկոս:

Նրա խոսքով, տուրքի նվազեցումը նպատակ ունի իրանական ցեմենտի գնագոյացումն այնպես կառուցել, որ 1 տոննան դառնա մոտ 48-50 հազար դրամ, որ ինչ-որ առումով ձեռնտու ու մրցակցային լինի ներմուծելը:

«Բայց, իմ կարծիքով, օրենք փոխելը ճիշտ չէ: Դա անընդհատ փոփոխվող պրոցես է, այսինքն ռեալի նկատմամբ եթե փոխվեց դոլարի գինը, կամ ռեալի գինը դոլարի նկատմաբ, մեզ մոտ ցեմենտն ավելի էժանանալու է, այդ ժամանակ էլ 2000 դրամը պետք է  փոխեն 5000 դրամի: Կամ, կուրսը փոխվելու դեպքում կարող է դառնալ 1000 դրամ: Օրենքով մեկ անգամ պետք է նախատեսեն, որ ներմուծման տուրքը սահմանում է կառավարությունը և ելնելով իրավիճակից կառավարությունն ավելի ճկուն կգտնվի: Պայմանական՝ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ կառավարությունը կարող է վերանայել, որպեսզի շուկայում բալանսը պահպանի՝ ներմուծողի և արտադրողի գների հարաբերակցությունը»,- նշում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամը:

Ինչ վերաբերում է տուրքի նվազեցման արդյունքում սպասվող դրական միտումներին, Արմեն Սաքապետոյանը նշում է՝

«2000-ը խիստ հարաբերական է, որովհետև ցանկացած ներմուծման գործընթաց տևում է առնվազն 2-3 ամիս: Գործարանի հետ պայմանագիր կնքելը, պատվերի ընդունումը, գումարի վճարումը, ապրանքի տեղափոխումը և դրա շուկա մտնելը կարող է տևել 2-3 ամիս: Օրինակ, պայմանական այս պահին 1 տոննա ցեմենտը 30 դոլար արժի Իրանում, իրենք դա վաճառում են ռեալով, ոչ թե դոլարով: Վաղը մյուս օրը եթե ռեալի կուրսը փոխվեց դոլարի նկատմամբ, ցեմենտը կարող է դոլարով դառնալ 25 դոլար, կամ 45 դոլար, դա մի շաբաթ հետո՝ իրենց մոտ էլ է կուրսն անընդհատ տատանվում: Այսինքն, մեր ցեմենտի գնի մեջ ունենք 3 բաղադրիչ՝ ցեմենտի գինը, տեղափոխման ծախսերը, մեր մոտ մաքսազերծման ծախսերը: Տեղափոխման գինը և մաքսազերծման ծախսերը հաստատուն թվեր են, իսկ ցեմենտի գինն անընդհատ տատանվում է, կապված ռեալի կուրսի հետ:

Եթե այսօր սահմանեցին 2000 դրամ, մեկ շաբաթից ռեալը մի քիչ արժևորվեց, ցեմենտի գինը դարձավ, օրինակ՝ 40 դոլար, այդ դեպքում այս 2000-ն էլ ձեռ չի տալու որևէ մեկին բերելու համար: Իսկ եթե հակառակը եղավ՝ ռեալն արժեզրկվեց, այդ ցեմենտը 20-30 դոլարի փոխարեն դառնալու է 15 դոլար: Ինքնարժեքը լինելու է Հայաստանում ոչ թե 46 հազար դրամ, այլ՝ 40 հազար դրամ»,- ընդգծում է Սաքապետոյանը:

Ինչ վերաբերում է շուկայում առկա ցեմենտի որակի հետ կապված կառուցապատողների բողոքներին, որի մասին օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Սաքապետոյանը հաստատեց խնդրի առկայությունը: Հարցին, թե ինչ խոչընդոտներ են առաջացել կառուցապատողների մոտ, նա ասաց, որ երկու հիմնական հանգամանք կա՝ որակը և մատակարարաման հնարավորությունները: Բացի դա, նրա խոսքով, ակնհայտ է, որ  կառուցապատվող մակերեսները շատացել են, հետևաբար, ցեմենտի պահանջարկն էլ է շատացել:

«Մեր Արարատի գործարանը չէր հասցնում մատակարարումը բետոն պատրաստող հանգույցներին: Երկրորդը՝ որակի խնդիրն էր, որ այդ ծավալի արտադրության մեջ սկսում էր որակի խնդիրներ ունենալ: Մենք, կոնկրետ, 2-3  դեպք ունեցել ենք, երբ հարկի ծածկը լցրել ենք, դրանից հետո չափումներ են իրականացվում պարբերաբար՝ 7 օր, 14 օր, 28 օր և 40 օր, այդ ժամանակ մեզ մոտ էլ բացահայտվել են ցեմենտի որակի խնդիրները՝ բետոնի որակի խնդիրներ»,- ընդգծում է Արմեն Սաքապետոյանը:

 

Արաքսյա Փաշոյան

04 Հոկտեմբեր, 2022 18:58
Վեր