Ի՞նչ գործառույթներ ունի նոր ձևավորված քաղաքաշինական խորհուրդը,  ոլորտի որ խնդիրներն է խորհուրդը գնահատում հրատապ լուծում պահանջող, ինչպես են գնահատում ՀՀ-ում կառուցապատման գործընթացը, ինչ խնդիրներ են առկա Zarkerak - Ի՞նչ գործառույթներ ունի նոր ձևավորված քաղաքաշինական խորհուրդը, ոլորտի որ խնդիրներն է խորհուրդը գնահատում հրատապ լուծում պահանջող, ինչպես են գնահատում ՀՀ-ում կառուցապատման գործընթացը, ինչ խնդիրներ են առկա
Zarkerak Zarkerak - Ի՞նչ գործառույթներ ունի նոր ձևավորված քաղաքաշինական խորհուրդը, ոլորտի որ խնդիրներն է խորհուրդը գնահատում հրատապ լուծում պահանջող, ինչպես են գնահատում ՀՀ-ում կառուցապատման գործընթացը, ինչ խնդիրներ են առկա
Ի՞նչ գործառույթներ ունի նոր ձևավորված քաղաքաշինական խորհուրդը,  ոլորտի որ խնդիրներն է խորհուրդը գնահատում հրատապ լուծում պահանջող, ինչպես են գնահատում ՀՀ-ում կառուցապատման գործընթացը, ինչ խնդիրներ են առկա

Ի՞նչ գործառույթներ ունի նոր ձևավորված քաղաքաշինական խորհուրդը, ոլորտի որ խնդիրներն է խորհուրդը գնահատում հրատապ լուծում պահանջող, ինչպես են գնահատում ՀՀ-ում կառուցապատման գործընթացը, ինչ խնդիրներ են առկա

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդ: Ընդհանուր առմամբ, քաղաքաշինության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց հոկտեմբերի 4-ի Ազգային Ժողովի նիստում անդրադարձավ Քաշաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը. «Մարզերից և Երևան քաղաքից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող  ավելի քան 600 բազմաբնակարան  շենք կա։  Առկա տվյալների համաձայն՝ անբավարար վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը։ Հանրապետության բնակավայրերում առկա են նաև քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով»:

Քաղաքաշինական խորհրդի գործառույթների  և  ոլորտում առկա խնդիրների շուրջ Zarkerak.am-ը զրուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի հետ:

«Քաղաքաշինական խորհուրդը բաղկացած է ավելի քան 30 անդամից: Նրանք հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ և բնագավառի այլ մասնագետներ են: Կազմում ընդգրկված են նաև Ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարները, և իհարկե, Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան մասնագետները, կոմիտեի նախագահի տեղակալը:   Խորհրդի առաջին նիստին  քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին՝ դիտարկումները գրավոր ներկայացնելու համար»:

Նունե Պետրոսյանի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում խնդիրները տարաբնույթ են և վերաբերում են ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ մարզերին. «Ունենք մայրաքաղաքի և խոշոր քաղաքների մաշված բնակելի ֆոնդ, որը համալիր արդիականացման կարիք ունի: Այդ նպատակով մշակվում են քաղաքների հատակագծային միավորների՝ թաղամասերի արդիականացման գործընթացի կազմակերպման առավել արդյունավետ առաջարկներ։ Իհարկե, քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալողների համար առանցքային նշանակություն ունի թույլտվությունների տրամադրման համակարգի պարզեցումը: Նշեմ, որ գործընթացի կանոնակարգումը Քաղաքաշինության կոմիտեի մշտական ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ համալիր միջոցառումներ են ձեռնարկվում՝ օրենսդրական կարգավորումներից մինչև էլեկտրոնային համակարգերի ներդրում և գործընթացների տեղափոխում թվային հարթակ»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձավ նաև մարզերում տիրող իրավիճակին. «Մարզերում քաղաքաշինական խնդիրների կարգավորման նպատակով կոմիտեն, ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, մշակում է համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, որոնցով առաջնորդվելով համայնքներում կկարողանան ճիշտ օգտագործել տարածքի հնարավորությունները և կազմակերպել քաղաքաշինական գործունեությունը: Մանրամասն սահմանվում են կառուցապատումներին ներկայացվող պահանջները՝ անգամ շենքերի զբաղեցրած մակերեսի, հարկայնության, տանիքների, նյութերի վերաբերյալ: Դրանց հիման վրա ծրագրեր իրականացնելու դեպքում բնակավայրերում կձևավորվեն մարդկանց կենսագործունեության՝ բնակության, աշխատանքի, ժամանցի հարմարավետ, անվտանգ և գեղեցիկ միջավայրեր»,- ասաց նա և հավելեց, որ այս բոլոր խնդիրները կներկայացվեն քաղաքաշինական խորհրդի քննարկմանը:

Նունե Պետրոսյան

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն էլ անդրադառնալով առկա խնդիրներին՝ ասաց. «Ավելի հաճախ հանդիպող խնդիրները, որոնց բախվում են կառուցապատողները վերաբերում են ժամկետների գործընթացներին: Մեր կողմից կատարվել են հաշվարկներ, թե որքան է տևում կառուցապատման ժամանակահատվածը՝ ըստ օրենքի և փաստացի իրական կյանքում ինչքան են դրանք տևում, իրականում շուրջ 2.5 անգամ ավել ժամանակ է հարկավոր աշխատանքներն ավարտելու համար: Այսինքն գերկարևոր խնդիրը, որն ունեն կառուցապատողները՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում կառուցապատման ծրագրի ընթացքում իրականացվող գործընթացների տևողություններն են»:

Գուրգեն Գրիգորյանը շեշտեց, որ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական նորմեր կան, որոնք պետք է պահպանվեն, ինչպես նաև հավելեց, որ համայնքն է շինթույլտվություն տրամադրողը և հետևողը, որ այդ նորմերը պահպանվեն:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը երկրորդ խնդիրը համարում է քաղաքաշինությանը, կառուցապատմանը խթան հաղորդելու անհրաժեշտությունը. «Ինչպես գիտենք եկամտային հարկի հետվերադարձի օրնսդրական կարգավորումներն աստիճանական հիմունքներով պետք է դուրս գան մինչև 2025 թվականը: Որպեսզի քաղաքաշինությունը նոր տեմպերով զարգանա և կառուցապատումները շարունակվեն, պետությանն առաջարկել ենք մի շարք ծրագրեր ներդնել: Դրանցից ամենակարևորը վերաբերում է հնամաշ բնակարանային ֆոնդի ռենովացիային: Այսինքն՝ հին, վթարային շենքերը, շենքերից բաղկացած թաղամասերն աստիճանաբար քանդվում են, այդ թաղամասերի փոխարեն կառուցվում են նոր թաղամասեր, նոր շենքեր: Առաջարկում ենք տվյալ թաղամասերի բնակիչներին անվճար հիմունքներով նույն քառակուսի մետրին համարժեք, նույն պարմետրերին համարժեք բնակարան  տրամադրել: Այս առաջարկն այժմ գտնվում է քննարկման փուլում, այն Էկոնոմիկայի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և նաև փոխվարչապետի մակարդակով է քննարկվելու»:

Գուրգեն Գրիգորյան

Անդրադառնալով ասոցիացիայի արած հաջորդ առաջարկին՝ Գրիգորյանն ասաց. «Հաջորդը վերաբերում է հիփոթեքային վարկերի տոկոսների իջեցմանը: Հիմնավորումներով հանդերձ ներկայացրել ենք, թե ինչ մեխանզիմներով կարելի է հասնել նրան, որ հիփոթեքային վարկերի տոկոսներն էականորեն իջեցվեն, այս կապակցությամբ ևս քննարկումներ տեղի են ունեցել ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ Էկոնոմիկայի նախարարության հետ, այս հարցը ևս ընթացքի մեջ է: Արել ենք ևս մեկ կարևոր առաջարկ՝ դա գույք-կարգավիճակի դիմաց սկզբունքն է: Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրներ կան, որտեղ ընդհուպ քաղաքացիություն են տալիս մարդկանց՝ որոշակի սահմանաչափով գույք ձեռք բերելու համար: Մենք առաջարկում ենք ոչ թե քաղաքացիություն, այլ ընդամենն ինչ-որ կարգավիճակ տալ, թեկուզ կեցության կարգավիճակ»:

Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ այս ամենով հանդերձ պետք է  ապահովվի բարձր ներդրումային գրավչություն, որպեսզի պոտենցիալ ներդրողը շահագրգռված լինի ներդրումներ կատարելու և հայրենական քաղաքաշինությունը զարգացնելու ուղղությամբ: Նա ընդգծեց, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիան շարունակելու է առաջարկներով հանդես գալ՝ ոլորտը բարելավելու ուղղությամբ:

Աննա Բզնունի

06 Հոկտեմբեր, 2022 17:40
Վեր