Իսկ ձեր կյանքում կա՞ն գործողություններ, որ թիվ ու հաշիվը կորցրել եք, թե քանի անգամ եք կրկնել։ 2012 թ-ից գործունեություն ծավալող Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր Տիգրան Վարագի համար էլ անհաշիվ են հայկական սարերն ու գագաթները գրավելու հաջողված փորձերը։ Հայկական լեռնաշխարհի տարածքում 3000 քայլարշավ և լեռնային վերելք իրականացրած Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադրի հետ Zarkerak.am-ը զրուցել է «հին» ու «նոր» սարերի, քայլել սիրող զբոսաշրջիկներին գրավելու, լեռնային տուրիզմի չիրացված հնարավորությունների, Հայաստանի բնության ներուժի մասին՝ գեղեցիկ և ․․․ երբեմն փնթի։

Տիգրան Վարագ
Գրավի՞չ են հայկական գագաթները
«Ընդհանուր առմամբ, Հայաստանում տուրիզմը գնալով զարգանում է», - արձանագրում է Տիգրանը և մասնավորեցնում․ «Քայլարշավային տուրիզմում պրոգրեսը շատ մեծ է, կրկնակի կամ եռակի չէ, քսանաապատիկ ավելացել է։ Հաստատ կարելի է ասել, որ ոլորտը գնալով առաջընթաց է ունենում, մասնավորապես՝ հայաստանցիների ներգրավվածության առումով»։
Տիգրանը մասնագիտական տեսանկյունից բացատրում է նաև, որ Հայաստանի պարագայում առավել գրագետ է օգտագործել արշավ բառը լեռնագնացության փոխարեն․ «Հայաստանում լեռնագնացություն ասվածը մի քիչ հարաբերական է, մեզ մոտ ավելի շատ լեռնային տուրիզմ է, արշավներ, քան լեռնագնացություն։ Լեռնագնացային սարեր չունենք Հայաստանում»,- Տիգրանի խոսքով՝ լեռնագնացությունը ենթադրում է տեխնիկապես առավել բարդ ճամփորդություններ։
Հետաքրքվողներին արդեն շուրջ տասը տարի հայաստանյան լեռներին ու սարերին ծանոթացնող Տիգրանը թվերով է խոսում․ «Եթե տարիներ առաջ ամեն շաբաթ Երևանից երեք խումբ էր շարժվում տարբեր ուղղություններով, միջինում, ասենք 60-70 մարդ, հիմա հազարավոր մարդիկ են ամեն կիրակի գնում քայլարշավի»։

Նա նկատում է՝ այսօրվա աշխարհում արշավասերներին գրավելու համար առանձնահատուկ դեր ունեն սոցիալական ցանցերը, որոնք հայաստանյան սարերին ու գագաթներին մոտիկից ճանաչելու հարմար հարթակ են, դրանք նախ գրավում են, հետո արդեն հրավիրում, իրենք էլ այս գործիքը մշտապես օգտագործում են․ «Մարդիկ նոր վայրեր են տեսնում, ուզում են այցելել։ Հատկապես նրանք, ովքեր ամենահայտնի սարերն արդեն բարձրացել են, նրանց առավել հետաքրքրում են նոր ուղղությունները»։
Մեր լեռներն էլ հյուրընկալ են․ շատ կամակոր չեն՝ միջին ֆիզիկական վիճակ ունեցողի համար հարմար են․ «Կարելի է ասել՝ բոլորին հասանելի են, ինչ-որ հատուկ բարդություններ չկան»։

Ովքե՞ր են ճանապարհ բռնում դեպի մեր սարեր
Տիգրան Վարագին հարցնում ենք՝ իր հետ հայաստանյան գագաթները բացահայտող օտարեկրացիները շա՞տ են․ «Դրսից եկողների ստատիստկիա չունեմ։ Բայց քայլարշավային տուրիզմ հիմնականում ռուսներն են նախընտրում, նաև եվրոպական երկրներից մասնակիցներ ունենք, որոնց համար լեռնագնացությունն ապրելակերպի մի մաս է»,- նրա խոսքով՝ Հայաստան այցելող տուրիստների ազգությունների առումով էլ հետաքրքիր տարբերություններ կան․ կան ազգեր, որ սիրում են «ուտել-խմել» և կան ազգեր,որ նախընտրում են քայլել։
Ընդ որում, Տիգրանը կարևորում է արտասահմանցի արդեն փորձառու արշավականների կարծիքը Հայաստանի և հայաստանյան լեռնային միջավայրի մասին, քանի որ հաճախ հատկապես եվրոպացիների համար Հայաստանը հերթական և ոչ թե առաջին հասցեն է տուրիզմի այս տեսակով զբաղվելու առումով, հետևաբար՝ համեմատելու շատ բան կա։

Տիգրանն ընդգծում է՝ սա այն ոլորտն է, որի զարգացումը՝ զբոսաշրջիկներին գրավելու տեսանկյունից, էապես կախված է արտաքին գործոններից․ «Օրինակ՝ քաղաքական իրավիճակից, իսկ քանի որ տարածաշրջանն անկայուն է, մի տեսակ չես կարողանում հասկանալ՝ օտարեկրացիների ներգրավվածության տեսանկյունից գրավչությունն աճում է, թե ոչ։ Եթե իրավիճակը ստաբիլ լիներ, առավել հստակ կհասկանայինք պատկերը»։
Տիգրանը նաև ընդգծում է՝ ռազմական վերջին իրադարձությունները չէին կարող շրջանցել լեռնագնացության ոլորտը, քանի որ, բառի բուն իմաստով, իրավիճակն անցել է հայկական գագաթների կողքով․ «Իհարկե, տուժել է լեռնագնացությունը, ու հենց այս ոլորտը, ոչ թե տուրիզմը, որովհետև ՀՀ արևելյան հատվածը, որը հիմա դարձել է սահմանային գոտի, այդ տարածքում լեռնագնացությամբ էլ հնարավոր չէ զբաղվել։ Այսինքն՝ մենք մեր լեռնագնացության պոտենցիալի մոտ 30 տոկոսը կորցրինք հենց սահմանային իրավիճակի պատճառով»։
Գագաթների հինն ու նորը
«Արագած, Աժդահակ, Խուստուփ, Արայի լեռ․ սրանք երկար տարիներ է՝ մշտապես ակտուալ ուղղություններ են»,- քայլարշավների նախընտրելի «հասցեների» մասին խոսելիս Տիգրան Վարագը նախ ներկայացնում է «հին»՝ բոլորիս հայտնի սարերը։

Բայց արդեն հայտնի «հասցեների» կողքին կան նաև «նոր» սարեր․ ««Նոր» սարերի ցանկում, որոնք այս վերջին մի քանի տարում են ակտուալ դարձել, կան այնպիսները, որոնք առավել նախընտրելի են դարձել։ Դրանցից է Դիմաց լեռը, որ հիմա շատ հայտնի է և թիվ մեկն է այցելությունների թվով։ Նման «նոր» սարեր էլի կան՝ Ապակեքարը, Մեծ Փարախադեմ լեռը, Այրիքարը»։

Թե Տիգրանի հետաքրքրասիրությունը չլիներ, գուցե այսօր էլ դեռ լսած չլինեինք Այրիքար լեռան մասին․ «Մենք գնացինք, լուսանկարներ տեղադրեցինք և այս լեռը հայտնի դարձավ, այս պահին չեմ հիշում, բայց շատ ուղիներ են եղել, որ գնացել և բացահայտել ենք»։

«Առաջ, այսպես ասած, բացահայտումների բանաձև ունեինք, բարձրանում էինք ամեն լեռնաշղթայի ամենաբարձր կետը, որոշ գագաթներ հետաքրքիր էին լինում ակտիվ տուրիզմի տեսանկյունից։ Գագաթներ կային, որ ուղղակի որպես բարձր կետ գնում էինք, բայց տուրիզմի տեսանկյունից հետաքրքրություն չէին ներկայացնում»,- ասում է Տիգրանը և հավելում, որ բացահայտումների գործում պատահականությունն էլ մեծ դեր ունի․ «Պատահական սկզբունքով քարտեզը բացում եմ, նայում եմ ու որոշում, որ ինչ-որ գագաթը հետաքրքիր է, այդտեղ պետք է գնամ։ Կան նաև գագաթներ, որոնք սկզբում գրավում են զուտ իրենց տեղադիրքով, անունով կամ բարձրությամբ»։
Հայաստանի գագաթների չիրացված հնարավորությունների պատճառները
Թեև Տիգրանը վերջին տարիներին իր աչքով է տեսնում լեռնային տուրիզմի զարգացումը, բայց նրա համար պակաս տեսանելի չեն ոլորտում առկա բացերն ու խնդիրները․ «Լեռնային երկրի իմիջ ստեղծելու ծրագիր չկա, որ լեռնագնացությունը զարգանա։ Պետությունը դիրքավորվել է ավելի շատ մշակութային տուրիզմի զարգացման ուղղությամբ»,- թեև ջանքերն ի սպառ չեն բացակայում այս հարցում, բայց և․ «Հայաստանի վրա հատուկ շեշտ չի դրվում որպես լեռնային, արշավային երկիր, բայց Հայաստանը հաստատ կարող է դիրքավորվել որպես այդպիսին։ Հնարավորություններ կան, որովհետև բնության պոտենցիալը շատ մեծ է, մենք ունենք սարեր, արշավային ուղղություններ, որոնք շատ սիրուն են․․․ նաև շատ փնթի են»։

Տիգրանը նկատում է՝ քայլարշվային ուղղություններին նկատվող աղտոտվածությունը և անկարգությունը լեռնային տուրիզմի զարգացման համար իրական մարտահրավեր են։ Ընդ որում, այս խնդիրները տեսնում է ոչ միայն Տիգրանը, այլ օտարերկրացի զբոսաշրջիկը ու նաև հարցեր տալիս, որոնց պատասխանելն այդքան էլ հեշտ չէ։
Տիգրանը նկատում է՝ այն տարածքները, որտեղ հնարավոր է իրացնել լեռնային տուրիզմի պոտենցիալը՝ երբեմն ակնհայտ բարձիթողի վիճակում են․ «Շատ տեղեր ուղղակի շատ փնթի են, արշավային երթուղիների վրա կարելի է հանդիպել աղբ, կամ օրինակ՝ Դիլիջան ազգային պարկում կարող ես հանդիպել տարբեր շինություններ, անհատների կողմից ցանկապատերով փակած այգիներ, մեկը օրինակ կով է պահում՝ վերցրել փակել է այդ տարածքը։ Քայլարշավային ուղղությունների վրա կան մեքենայի ճանապարհներ, որտեղ անարգել մարդիկ կարողանում են ամենագնացներով մուտք գործել, երաժշտություն միացնել, աղմկել։ Այսինքն՝ չի վերահսկվում այդ ամենը»։

Իսկ ի՞նչ է պետք է անել այս ուղղությամբ, Տիգրանի տարիների փորձը նրան հուշում է՝ ոլորտային խնդիրների լուծման համար «հեծանիվ հորինել պետք չէ», համակարգային լուծումներն էլ բավարար են․ «Ամենակարևոր քայլերից մեկը արշավային ուղիները գծելն է և դրանք պահպանելը։ Կան օրենքներ, որոնք արդեն մշակված են և դրանք պետք է ուղղակի պահպանել։ Օրինակ, Ազգային պարկի տարածքում իրավունք չունեն ծառ կտրելու, որս անելու, տնտեսական գործունեություն ծավալելու, տաղավարներ դնելու»,- թվում է, թե սրանք պարզապես քայլարշավի ճանապարհին հանդիպող խնդիրներ են, բայց հենց դրանք են, որ, իր վերջո, ձևավորում կամ ավելի շուտ խանգարում են, որ ձևավորվի մեր երկրի տուրիստական իմիջը․ «Ու այսպիսի բազում խնդիրներ կան, որոնց բախվում ենք։ Օրինակ, գյուղի աղբը տանում են թափում գյուղի վերևում, իսկ այդ տարածքով զբոսաշրջիկներ են քայլում»։
Դրական տեղաշարժերը ճանապարհի՞ն են
«Իհարկե, լեռնային տուրիզմն ունի հնարավորություններ, և այնպես չէ, որ քայլեր չեն իրականացվում, մեզ մոտ բավական զարգացում կա, բայց իհարկե դեռ անելիքներ շատ կան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը և ընդգծում, իհարկե, հաշվի առնելով բնության տված հնարավորությունները լեռնային տուրիզմի ոլորտում առավել մեծ զարգացում կարող էինք ունենալ։

Ապրեսյանը, սակայն, չի շրջանցում արդեն ունեցած հաջողությունները․ «Մեզ մոտ լեռնագնացությունը տարբեր ուղղություններով զարգանում է։ Կա լեռնագնացություն,ժայռամագլցում, clean climbing (քլին քլայմբինգ) ասվածը, երբ առանց ժայռերը վնասելու բարձրանում են, ունենք լեռնադահուկային սպորտ»։
Իսկ եթե պետությունը չի ցանկանում բավարարվել ունեցած հաջողություններով, ապա, փորձագետի խոսքով, ոլորտը ինստիտուցիոնալացնել է պետք․ «Սա անհրաժեշտ է, եթե ուզում ենք հասնել իրականում կայուն զարգացման, մեր պոտենցիալը ամբողջությամբ և ռացիոնալ օգտագործել և դրանից առավելագույն օգուտ քաղել՝ իրականում ոլորտը դնելով կայուն հիմքերի վրա»։
Հենց այս նպատակով էլ Ապրեսյանի խոսքով, Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ քննարկվում է և շրջանառության մեջ է դրվել Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխությունները և լրացումները կարող են էապես ազդել ոլորտի զարգացան ընթացքի վրա։
![]()
Օրենքի ընդունմամբ, ըստ փորձագետի էական դրական տեղաշարժեր կլինեն լեռնային տուրիզմի ոլորտում․ «Քայլարշավային զբոսավարները, ուղեկցորդները պետք է լիցենզավորվեն, նրանց գործունեության նկատմամբ պետք է չափանիշներ սահմանվեն։ Նրանք պետք է ունենան նաև համապատասխան մասնագիտական կրթություն»,-ընդգծում է Ապրեսյանը՝ խիստ կարևորելով ոլորտով զբաղվող կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցը։

Մեկ այլ խնդիր է քայլարշավային երթուղիների մշակման գործընթացը և դրա ստանդարտները․ «Սա ևս պետք է լինի համակարգված։ Ամեն մարդ չի կարող այս երթուղիները մշակել, դրա նկատմամբ նույնպես պետք է սահմանվեն չափորոշիչներ»։
Մեխակ Ապրեսյանը նշում է, որ ոլորտի վերաբերյալ նոր օրենքի մշակմանն ուղեկցող քննարկումներում կարևոր տեղ է հատկացվում զբոսաշրջային ծառայություններ մատուցողների, տուր օպերատորների գործունեության չափանիշների մշակմանը, ինչը լեռնային տուրիզմի համար ևս խիստ կարևոր է ։
«Սա երկրի իմիջի հարց է, նշածս հարցերը քննարկվում են և կարծում եմ, որ պետությունը նույնպես մեզ հետ համակարծիք է, և հուսանք,որ բոլորս միասին հետևողական կլինենք», - ընդգծում է Մեխակ Ապրեսյանը և հավելում, որ տուրիստական երկրի իմիջի ձևավորումն ու զարգացումը երկկողմ աշխատանք է, որտեղ պահանջվում են թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի ջանքերը։
Մարիամ Մկրտչյան