Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մեր տարածաշրջանում կրկին ուշադրությունը սևեռեց սեյսմիկ անվտանգության և պաշտպանության խնդիրների վրա: Հայաստանի նման երկրի համար, որը 1988 թվականին տեսել է Սպիտակի երկրաշարժ, խնդիրն ավելի արդիական է:

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, շուրջ 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ, 500 հազարը մնաց անօթևան, երկիրը կրեց ավելի քան $ 13 միլիարդի տնտեսական վնաս:
Դեռ խորհրդային ժամանակներից ժառանգած շենք-շինություններն այսօր հին են և խարխլված: Մասնագետների դիտարկմամբ` հնարավոր բարձր բալային երկրաշարժի դեպքում այդ շենքերը չեն դիմանա: Թե, ընդհանուր առմամբ, քանի վթարային շենք-շինություն կա Հայաստանում, պետությունն ինչ ծրագրեր ունի դրանք ամրացնելու կամ նորերով փոխարինելու վերաբերյալ, և թե ինչ սեյսմակայունություն ունեն նորակառույց շենքերը, այս հարցերի պատասխանները ստանալու համար Zarkerak.am-ը զրուցել է պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո ամենակարևոր բանն արվել է՝ գոտին փոխվել է ամբողջ Հայաստանի համար. «Առաջ Հայաստանում 7-8 բալանոց գոտի էր, երբ նոր նորմերն ընդունվեցին, արդեն Երևանը 9 բալ է, բացի դա նաև 2020 թվականին ընդունված նոր նորմերով 10 բալանոց գոտի էլ ունենք և հետևաբար շենք-շինությունները, որ կառուցվում են համապատասխան գոտիում, այդ նվազագույն պահանջները պահպանվում են նախագծման փուլում, դա ամենակարևորն է, այսինքն արդեն նախագծվում է այն վտանգի համար, որը գոյություն ունի: Ունեցանք Սպիտակ նրա համար, որ սեյսմիկ ռիսկը թերագնահատված էր, այսինքն, կար ավելի բարձր վտանգ, բայց նախագծվում էր ավելի ցածրի համար, ամենակարևորը սա է»:

Սոս Մարգարյան
Մարգարյանի խոսքով՝ այսօր Երևանը գտնվում է 9 բալի գոտում և հետևաբար շենք-շինությունները պետք է համապատասխանեցվեն այս բալին. «Մենք ունենք խոցելիության խնդիր, քանի որ շենքերի 70 տոկոսից ավելին կառուցվել է նախկին Խորհրդային Միության ժամանակ, կառուցվել է այդ ժամանակի բալային համակարգի համապատասխան, այստեղից էլ առաջանում է այդ բարձր խոցելիությունը: Այսօր շենքերը կառուցվում են նորմերին համապատասխան, ճիշտ են նախագծվում, դա շատ կարևոր է»,- նշեց Մարգարյանն ու հավելեց, որ այսօր սեյսմիկ բարձր ռիսկ ունենք հենց հին շենք-շինությունների պատճառով:

Խորհրդային ժամանակներից ժառանգած բնակֆոնդ
Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցը սկսեց շենքերի անձնագրավորման գործընթացից. «Շենքերի անձնագրավորման գործընթացի հետ կապված մենք օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել Կառավարություն և առաջին հերթին օրենքը, որի լիազորող նորմերն արդեն ԱԺ-ում են, հենց հաստատվի, արդեն կարգը ևս կընդունվի, որի հիման վրա նոր կմեկնարկի գործընթացը»: Անձնագրավորման արդյունքում պարզ կլինի, թե ի՞նչ վիճակում են հանրապետության շենք-շինությունները, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տևողության ի՞նչ փուլում են գտնվում և այլն:
Ի դեպ, օրեր առաջ Zarkerak.am-ի հետ զրույցում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը նշել էր. «Երևանում ունենք մոտ 2300 շենք՝ 5 և ավելի հարկ ունեցող, որոնք 9-ը բալին հաստատ չեն դիմանա՝ իսկ Երևանում սեյսմիկ վտանգն 9-ը բալ է, պետք է այդ ռիսկերը նվազեցվեն»:

Տանյա Արզումանյան
Խոսելով առկա բնակֆոնդի մասին՝ Արզումանյանը նշեց. «Մենք ունենք անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդ և ունենք բնակֆոնդ, որը թեև անբավարար չէ, բայց մեր նորմերի վերանայման արդյունքում դրանք կարող են չհամապատասխանել նորմատիվային պահանջներին: Սպիտակի երկրաշարժից հետո մեր նորմերը վերանայվել են երկու անգամ և ավելի խիստ պահանջներ են սահմանվել: Այսինքն, մենք ունենք անբավարար, իրենց կյանքի տևողության մի մասն ապրած շենքեր և հատկապես խորհրդային տարիներին կառուցված շենքեր, դրանք նոր նորմերին կարող են չհամապատասխանել: Մենք արդեն Կառավարության քննարկմանն ենք ներկայացրել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու մասին որոշման նախագիծ և այդ համակարգը ներդրվելու դեպքում մեզ հնարավորություն կտրվի ակտուալ ժամանակահատվածում արդիական տվյալներ ունենալ բնակարանների տեխնիկական վիճակի վերաբերյալ»:

Անդրադառնալով վթարային շենք-շինությունների թվային տվյալներին՝ Տանյա Արզումանյանն ասաց, որ իհարկե տվյալներ կան, բայց դրանք անցյալ տարվա ցուցանիշներն են. «Այս պահին մեր տվյալները հավաքագրված են մարզերից և Երևանից, հավաքագրվել են անցյալ տարվա դրությամբ: Ամբողջ հանրապետությունում բազմաբնակարան շենքերի թիվը շուրջ 19 հազար է, որոնցից 614-ն ունեն տեխնիկական վիճակի եզրակացություն, որով ֆիքսված է, որ անբավարար վիճակում են գտնվում, դա կազմում է բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Անբավարար ասելով մենք նկատի ունենք երկու վնասվածության աստիճան, մեկը՝ երրորդ, որի հետագա շահագործումը ցուցված է կոնկրետ ուժեղացման աշխատանքներ կատարելու դեպքում, և չորրորդ, որով ցուցված է՝ քանդում, եթե դա պատմամշակութային որևէ արժեք չի ներկայացնում: 614 շենքից 524-ը երրորդ աստիճանի վնասվածության շենքերն են, որոնց հետագա շահագործումը ուժեղացման, վերականգնման աշխատանքներով պետք է ուղեկցվի և այդ դեպքում էլ իհարկե պետք է դիտարկվի այդ ուժեղացման, վերականգնման նպատակահարմարությունը, այսինքն, ինչքան գումար է պետք դա անելու համար և արդյոք այդքան գումարը ծախսելուց հետո մենք կունենանք այն վիճակի շենքեր, որոնք կբավարարեն մեր անհրաժեշտ պահանջները և եթե կպարզվի, որ ոչ, ապա դրանց մի մասն էլ կարող են գնալ դեպի քանդում: 90 շենքերն էլ ցուցված են քանդման: 614-ից 120-ը Երևանում է, Երևանում գտնվող շենքերից 113-ը երրորդ աստիճանի վնասվածություն ունեն, 7-ը՝ չորրորդ աստիճանի»:

Պետության առաջարկած ծրագրերը
«Պետությունը խնդիրն առաջադրել է հետևյալ ուղղությամբ՝ արդեն վատ վիճակում գտնվող շենքերի խնդրի լուծում և մի ուրիշ փուլ, որը կկանխարգելի մնացածների ավելի վատթարացումը: Վատ վիճակում գտնվող բնակֆոնդի հետ կապված պետության աջակցության քաղաքականությունը մշակող որոշում ունենալու համար անցյալ տարի մեր կողմից մշակվել և ԱԺ-ի կողմից հաստատվել է Կառավարության համար լիազորող նորմերը: Այդ որոշումների շրջանակը հետևյալն է լինելու, մեկն ինչպես նշեցի բնակֆոնդի տեղեկատվական համակարգի հետ կապված Կառավարության որոշման ընդունումն է: Ցանկացած որոշում կայացնելու համար այս համակարգի առկայությունը խիստ կարևոր է: Հաջորդը՝ ուժեղացման, վերականգնման ենթակա բնակֆոնդի ուղղությունն է, այսինքն, նման շենքերի դեպքում պետությունն ինչ ձևով, ինչ չափով է մասնակցում, բնակիչն ինչ ձևով, նույնը չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի համար է:
Պետք է ասել, որ 2021 թվականին ընդունված հայեցակարգի համաձայն հստակ արձանագրվել է, որ այն տարածքներում, որտեղ կա ներդրումային հետաքրքրություն, միանշանակ պետք է խնդիրը դիտարկել ներդրումային ծրագրի շրջանակում: Այս մոտեցմամբ արդեն Երևան քաղաքը մի քանի կետային նմանատիպ նախաձեռնություններ ունի, այսինքն, երբ ներդրողը կառուցում է շենք, վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնում է իր կողմից կառուցված շենքի մի մասում, փոխարենը քանդում է վթարային շենքը, նորն է կառուցում և հաջորդ շենքն է վերաբնակեցնում: Երևանի դեպքում արդյունքներն արձանագրելուց հետո, հույս ունենք սա տարածել նաև մարզերում: Մոտեցումներ են մշակվել նաև քանդման կամ վերակառուցման ժամանակահատվածում մինչև այդ խնդրի լուծումը, ինչպես պետք է աջակցել բնակիչներին, որպեսզի իրենք ժամանակավոր վերաբնակեցման ընթացքում կարողանան մարդավայել տեղավորվել: Սրանք մեր համակարգային լուծումներն են, որն արդեն պետք է այս տարի ավարտենք և 2024 թվականից աստիճանաբար մեկնարկենք ծրագրերը՝ ըստ առաջնահերթության»:

Տանյա Արզումանյանն անդրադարձավ նաև ներկայում իրականացվող ծրագրերին. «Մինչ այդ մենք արդեն ունենք ընթացքի մեջ պետական ծրագրեր, Ապարան քաղաքում արդեն ավարտվեց մեկ բազմաբնակարան շենքի շինարարություն, որի բնակարանների հատկացմամբ կլուծվի այդ քաղաքի 2 չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակիչների հարցը: Երկրորդը՝ Սպիտակ քաղաքում է կառուցվում, այս տարի կավարտվի արդեն, Սպիտակում երկու վթարային շենք կար, այդ շենքերն արդեն քանդվել են և մեկ բազմաբնակարան շենք է կառուցվում՝ շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով, նաև մեծ ծրագիր կա Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում, այդտեղ 20-ից ավելի բազմաբնակարան շենքեր են, դրանց փոխարեն նոր թաղամաս պետք է կառուցվի, նույն տիպի խնդիր մենք ունենք Շիրակի մարզի Աշոցք համայնքում»:

Նորակառույցների սեյսմակայունությունը և դրանց համապատասխանեցումը ներկայիս նորմերին
«Ընդհանրապես, շինարարությունը երկու փուլի է բաժանվում՝ նախագծման և կառուցման: Երբ նախագիծը պատրաստ է լինում, դա անցնում է պարզ փորձաքննություն լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կողմից, կախված օբյեկտների ռիսկայնության աստիճանից ավելի բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտների մասով պարզ փորձաքննության հետ միասին ամբողջական փաթեթը եզրակացության հետ ներկայացվում է Քաղաքաշինության կոմիտե, որտեղ անցնում է համալիր փորձաքննություն: Այն ներառում է բոլոր պատասխանատու մարմիններին, ուսումնասիրում են փաթեթը և եթե կան թերություններ, ապա այդ մասին արձանագրվում է ու վերադարձվում սեփականատիրոջը՝ թերությունները շտկելու համար: Երկրորդ հիմնական փուլը՝ շինարարության փուլն է, որտեղ արդեն տեխնիկական հսկողներն են հետևում շինարարության ընթացքին, դա էլ է տեղի ունենում մասնագիտացված կազմակերպությունների կողմից»:

Մեզ հետ զրույցում նորակառույցների սեյսմակայունությանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը. «Նորակառույցներն անհամեմատ ավելի սեյսմակայուն են, քանի որ մեր նոր նորմերով ավելի խիստ են պահանջները և ավելի բարձր է գնահատված սեյսմիկ ռիսկը, այս առումով ավելի շահեկան վիճակում են նորակառույցները: Նորմերը չպահպանելու մի քանի գործոններ կարող են լինել: Իհարկե, արձանագրվում են որոշակի խախտումներ, բայց այդ խախտումները հնարավորինս փորձում ենք վերացնել, մենք մեր լիազորությունների շրջանակում, լիցենզավորված ընկերությունն իր լիազորության շրջանակում: Մենք այս տարի արդեն 3 ընկերության լիցենզիա կասեցրինք, որովհետև չէին համապատասխանում սահմանված նորմերին ու պահանջներին»:

Դավիթ Գրիգորյան
Գրիգորյանի խոսքով՝ այժմ մոտ 60 լիցենզավորված կազմակերպություն կա, որն իրականացնում է փորձաքննություն. «Փորձաքննությունները հենց նրա համար են, որ եթե ինչ որ խնդիրներ կան նախագծում, լրամշակվեն, մինչ այսօր իհարկե բազմաթիվ նման դեպքեր են եղել: Եթե նախագծում լինում են թերություններ, փորձագետն այն հետ է տալիս լրամշակման և ասում՝ ես չեմ կարող տալ դրական եզրակացություն, քանի որ քո նախագծում առկա են այս-այս թերությունները: Բացի պարզ փորձաքննությունը՝ նշեցի, որ կա նաև համալիր փորձաքննություն: Նախագծի համալիր փորձաքննության ընթացքում կոմիտեն ընդունում է նախագծի հայտն ու ուղարկում է բոլոր շահագրգիռ պետական մարմիններին և ՀԿ-ներին, բոլորից հավաքում է կարծիքները և միայն բոլորի դրական եզրակացության դեպքում կոմիտեն տալիս է դրական եզրակացություն, եթե թեկուզ մեկը բացասական է արտահայտվում, ապա նախագիծը հետ է գնում լրամշակման»:

Խոսելով Երևանի սեյսմիկ ռիսկի մասին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշեց. «ՀՀ տարածքը բաժանված է երեք սեյսմիկ գոտու: Երևանը միջին զոնայում է գտնվում, մենք ունենք 0.3g, 0.4g, 0.5g գրունտի տատանման արագացումներ: 2021 թվականին փոխվեց մեր նորմը, եթե մինչ այդ մենք ունեինք 0.2g, 0.3g, 0.4g, այս նոր գնահատմամբ մենք 0.1g-ով ավելի բարձր գնահատեցինք ռիսկը և նոր նորմերով՝ 0.3g, 0.4g, 0.5g է: Եթե փորձենք բալային թվով ներկայացնել մոտավորապես, եթե այն ժամանակ ունեինք 6,7,8 համապատասխանաբար բալային համակարգ, հիմա մոտեցանք 7,8,9 բալայնության, Երևանը 0.4g է»:

Նորակառույցների սեյսմակայունության պահպանման հարցի վերաբերյալ Zarkerak.am-ը զրուցեց նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ. «Կարծում եմ՝ բոլոր նորակառույցները պահպանում են այդ պահաջը, ուժեղ տեխնիկական հսկողություն է իրականացվում, պետությունը խստագույնս ուսումնասիրության առարկա է դարձնում՝ արդյոք այդ նորմերը պահպանվում են, թե՝ ոչ, բազմաթիվ լաբորատոր փորձաքննություններ են կատարվում, կառուցապատողն անգամ ճողոպրելու հնարավորություն չի կարող ունենալ: Սա, ընդհանուր առմամբ եմ ասում, մեր շուկայի խաղացողների գերակշիռ մեծամասնությունը պահպանում են քաղաքաշինական նորմերը՝ այդ թվում սեյսմիկ առաջարկվող պահանջները: Պետական լիազոր մարմինները կառուցապատման գործունեության ամբողջ ընթացքում, շինաշխատանքների ընթացքում ունեն հսկողություն իրականացնելու լիազորություններ՝ պարզելու համար՝ արդյոք պահպանվում են քաղաքաշինական նորմերը, թե՝ ոչ: Քաղաքաշինական նորմերը ճիշտ պահանջներ են առաջ քաշում կառուցապատողների համար և սեյսմիկ անվտանգության տեսանկյունից բավականին բարձր դիրքերում են գտնվում: Կառուցապատողները պահպանում են նորմերն ու կանոնները, որովհետև գիտակցում են, որ հակառակ դեպքում չեն ստանա քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթ»:

Գուրգեն Գրիգորյան
Գրիգորյանը մեկ կարևոր հանգամանք առանձնացրեց. «Մեկ խիստ կարևոր հանգամանք կա, հարևան երկրում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը դիտելիս պարզ երևում է, որ շենքերի հիմնական մասը պանելային շենքեր են, երբ փլուզումը տեղի է ունենում խաղաթղթի սկզբունքով՝ շենքի հատվածները մեկը մեկի վրա են պառկում, հայրենական քաղաքաշինության մեջ այսօր լայնորեն տարածում ունի երկաթ-բետոնյա կոնստրուկցիայով իրականացվող կառուցապատումները, իսկ դա ենթադրում է մեկ ամբողջություն, երկրաշարժի դեպքում այն ոչ թե կքանդվի, այլ առավելագույնը, որ կարող է լինել, շենքն ամբողջապես շուռ կգա, կտորների չի բաժանվի: Խոսքը վերաբերում է նոր կառուցվող շենքերին, սակայն բոլորիս է հայտնի, որ ունենք հնամաշ բնակֆոնդ, որի մեջ մեծ մաս է կազմում նաև պանելային շենք-շինությունները»:

Անդրադառնալով Կառուցապատողների հայկական ասոցիացիայի Կառավարությանը ներկայացրած նախագծին, որը վերաբերում է հնամաշ բնակարանային ֆոնդի ռենովացիային, Գրիգորյանն ասաց. «Էկոնոմիկայի նախարարությունում, Քաղաքաշինության կոմիտեում ունեցել ենք մի շարք հանդիպումներ, քննարկումներ այս թեմայով: Շահագրգիռ մարմինների և մեր ակտիվ ջանքերով մշակվել են մի շարք հայեցակարգային սկզբունքներ, թե ինչպես ենք պատկերացնում հնամաշ բնակարանային ֆոնդի ռենովացիայի գործընթացը, ինչպես ենք պատկերացնում քանդման ենթակա շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ներդրումային ծրագիր իրականացնելու քայլերի հաջորդականությունը: Մեր ծրագիրը վերաբերում է նրան, որ պետությունը ստեղծի շահավետ պայմաններ, որ մասնավոր ներդրողները ցանկություն ունենան ներդրումներ կատարել»:

Գուրգեն Գրիգորյանը ներկայացրեց նախագծի իրականացման ընթացքը. «Ընտրվում է կոնկրետ թաղամաս, համայնքն է ասում, որ քաղաքի այս ինչ հատվածում կա վթարային կամ հնամաշ շենք, առաջինը դիտարկվում է Աջափնյակ վարչական շրջանը, տվյալ հատվածում կա 10-ը 5-հարկանի շենք, թույլ են տալիս կառուցապատողին այդ շենքերը քանդել, 10-ը հատ 5-հարկանի շենքի փոխարեն կառուցել օրինակ 8 հատ 14-հարկանի շենք իր կանաչապատ զոնաներով, ստորգետնյա ավտոկայանատեղիներով և այլն: Բնակիչների հետ կառուցապատողը կնքում է առանձին պայմանագրեր, մարդկանց 3 տարով վարձակալական հիմունքներով տներով է ապահովում, այդ նույն վայրում կառուցում են շենքեր, մարդկանց իրենց գույքին համարժեք գույք է հետվերադարձ արվում, կառուցումից հետո մարդիկ գալիս նորից ապրում են իրենց տներում, այսինքն, ավել կառուցած հարկերը կառուցապատողը վաճառում է ու կարողանում է իր շահույթը գեներացնել: Նախագծի իրականացման համար բազմաթիվ սցենարներ կան, որոնք դեռևս քննարկման փուլում են»:

Աննա Բզնունի