Տարածաշրջանում վերջին շրջանում գրանցվում են բարձր ուժգնությամբ երկրաշարժեր: Հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով փլուզումներ էին եղել՝ կային զոհեր և տուժածներ:
Այսօր գիշեր Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 7,8 մագնիտուդ: Երկու երկրներից էլ հայտնում են ավերածությունների, զոհերի և տուժածների մասին: Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել այսօր ժամը 14:24-ին՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Zarkerak.am-ը տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի ու Հայաստանում առկա ռիսկերի մասին զրուցել է ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ:

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյան
Նրա խոսքով, մեր տարածաշրջանը Ալպ-Հիմալայան սեյսմիկ գոտու ամենաակտիվ հատվածներից մեկն է, որտեղ տեղի են ունենում մինչև 11 բալ՝ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր:
«Մեր տարածքը երկու սալերի բախման գոտի է, խիստ բեկորացված տարածք է և այդ բեկորների սահմաններում միշտ տեղի են ունենում երկրաշարժեր: Մեկը հյուսիս անատոլիականն է, որն այսօրվա Հայաստանի տարածք չի մտնում՝ Վանա լճի հյուսիսով գնում է դեպի Սև ծովի մոտ, ապա դուրս է գալիս Ստամբուլի մոտից և մտնում Էգեյան ծով: Դա ամենաակտիվ բեկվածքն է, որը ծնում է ամենաուժեղ երկրաշարժերը, իսկ արևելքում այն անցնում է Թավրիզի մոտով, Իրանի հյուսիսային մասով գնում է դեպի արևելք:
Մյուս խոշոր բեկվածքը, որ տարածաշրջանում կրկին բարձր ուժի երկրաշարժեր կարող է ծնել՝ արևելաանատոլիականն է: Այն սկսում է Միջերկրական ծովի հյուսիս արևելյան ծոցից, դուրս է գալիս Դիարբեքիրով և էլի Հայաստան չի մտնում, երկու խոշոր բեկվածքներն էլ Հայաստան չեն մտնում»,-նշում է Սերգեյ Նազարեթյանը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետի խոսքով, ընդհանրապես, կարևոր են երկրաշարժերի խորությունը, այսինքն, եթե 100 կմ խորության վրա լինի նույնիսկ ամենաուժեղ երկրաշարժը, այն երկրի մակերեսին քիչ ավերածություններ կառաջացնի, ավելի վտանգավոր են 5-10 կմ խորության երկրաշարժերը:

«Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժը` մոտավորապես 10 կմ են գնահատում, դրա համար ավերածություններ են եղել երկրի մակերեսին, ըստ լրատվամիջոցների՝ մագնիտուդն էլ 7,7 է, ուրեմն ավերածությունները մեծ մասշտաբների կհասնեն: Զոհերի թիվը վերջին տվյալներով 500 են ասել, բայց դա հաստատ քիչ է, որովհետև այդ ուժի դեպքում դա` մոտավորապես 10 բալից ավել է՝ մոտենում է 11 բալին»,- ասում է նա ու հիշեցնում, որ 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը 7 մագնիտուդ էր՝ մոտավորապես 10 բալ: Նա ընդգծում է, որ դրանից հետո միշտ ակտիվ է Սպիտակի երկրաշարժի գոտին՝ 1988 թվականից առ այսօր հետցնցումները չեն դադարել, արդեն ավելի քան 14 հազար հետցնցում է գրանցվել:
Տարածաշրջանում երկրաշարժերի ակտիվության վերաբերյալ Նազարեթյանն ասում է, որ նորմալ ֆոնը Հայաստանի և շրջակա տարածքների համար պահպանվում է և անհանգստացնող ինչ-որ բաներ չկան:
Հարցին, արդյոք հիմա շատացել է երկրաշարժերի թիվը, թե ավելի բարձր ուժգնության պատճառով ենք զգում, երկրաբանական գիտությունների դոկտորի խոսքով, չեն շատացել.
«Այդպիսի բան լինի մենք աղմուկ կբարձրացնեինք, մենք անընդհատ հետևում են տարածքի սեյսմիկ ռեժիմին:
Մի երկու տարի առաջ սկսեցին ակտիվանալ Շորժայի մոտ երկրաշարժերը, Երևանի մոտ եղան երկրաշարժեր, մենք անընդհատ հետևում ենք: Սպիտակի համար չենք անհանգստանում, որովհետև Սպիտակի օջախային գոտում ինչքան էլ շատ ցնցումներ հայտնվեն՝ անհանգստացնող չէ, որովհետև բացառվում է նոր ուժեղ երկրաշարժը Սպիտակի երկրաշարժի գոտում: Իսկ մնացած տեղերում, հատկապես, երբ նոր տեղում են սկսում հայտնվել թույլ երկրաշարժերը, մենք ամբողջ ուշադրությունը բևեռում ենք այդ օջախի վրա, որպեսզի կարողանանք մի բան անել կանխատեսման տեսակետից»,- նշում է նա:

Անդրադառնալով կանխատեսման կարևորությանը Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ դրա համար միանշանակ մեթոդիկա, տեխնոլոգիաներ չկան:
«Մեր կայաններով տարբեր տիպի՝ երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլն, անընդհատ գրանցում ենք տարբեր բնութագրեր: Այդ բոլորի հիման վրա փորձում ենք կանխատեսում անել: Կանխատեսման խնդիրը լուծված չէ, բայց փորձեր պետք է արվի։ Որ երկրում սեյսմիկ ռիսկը, այսինքն երկրաշարժի հնարավոր հետևանքները ծանր են, շատ կարևոր է, որ թեկուզ փոքր հավանականության դեպքում զբաղվեն կանխատեսմամբ, որովհետև կան երկրաշարժի կետեր, որոնք իրենց ցույց են տալիս:
Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, եթե մենք ունենայինք այսօր ունեցած հնարավորությունները՝ կանխատեսել հնարավոր էր: Սպիտակի երկրաշարժից առաջ՝ Նոյեմբերյանում մենք ունենք արտեզյան՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխության կայան, որտեղ Սպիտակի երկրաշարժից մեկ շաբաթ առաջ գետնի տակի ջրերի մակարդակը 1,93 սմ-ով բարձրացել էր, օրական փոփոխություններն այստեղ 1-2 սմ էին: Սա ակնհայտ նախանշան է, որ երկրաշարժի վտանգ կա: Այդ կայանը շատ լավն է, որովհետև արձագանքել է նույնիսկ 1999 թվականի Ստամբուլի մոտ եղած Իզմիթի երկրաշարժին»,- շեշտում է նա ու հավելում, որ կան երկրաշարժեր, որոնք իրենց ցույց են տալիս, սակայն լինում են նաև այնպիսիք, որոնք առանց նախանշանների են լինում և ոչինչ անել հնարավոր չէ:

Խոսելով Հայաստանում սեյսմիկ առումով վտանգավոր հատվածների մասին, Սերգեյ Նազարեթյանն ընդգծում է, որ ամենամեծ վտանգը Երևանում է: Ասում է, օրինակ Սպիտակի երկրաշարժի գոտին համեմատաբար ցածր ռիսկային է համարվում:
«Հանձնարարություն ստացա գնահատել բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիությունն ու ռիսկը՝ պատկերը շատ վատն է: Երևանում ունենք մոտ 2300 շենքեր՝ 5 և ավելի հարկ ունեցող, որոնք 9-ը բալին հաստատ չեն դիմանա՝ իսկ Երևանում սեյսմիկ վտանգն 9-ը բալ է, պետք է այդ ռիսկերը նվազեցվեն:
Այսինքն, այն շենքերը, որոնք կարող է չդիմանան 9-ը բալ ուժգնություն ունեցող երկրաշարժին, պետք է կամ քանդել, կամ ամրացնել, որովհետև երկրաշարժը կարող է լինել ցանկացած պահի»,-նշում է նա: Ամենակարևորն այն է, որ պատրաստ լինենք, սեյսմիկ ռիսկը ցածր լինի, հատկապես շենքերի սեյսմիկ խոցելիությունը նվազեցվի, որ զոհեր չլինեն:
Արաքսյա Փաշոյան


