Թրամփն անկանխատեսելի է և նրա համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ երկրորդական պլանում է. Արեգ Քոչինյան Zarkerak - Թրամփն անկանխատեսելի է և նրա համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ երկրորդական պլանում է. Արեգ Քոչինյան
Zarkerak Zarkerak - Թրամփն անկանխատեսելի է և նրա համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ երկրորդական պլանում է. Արեգ Քոչինյան
Թրամփն անկանխատեսելի է և նրա համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ երկրորդական պլանում է. Արեգ Քոչինյան

Թրամփն անկանխատեսելի է և նրա համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դեռ երկրորդական պլանում է. Արեգ Քոչինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս պահի դրությամբ հստակություն չկա: Թրամփը բավականին անկանխատեսելի նախագահ է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի յուրահատկությունները»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ դիրքորոշմանը՝ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թրամփը երկրորդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը՝ դառնալով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։

Քոչինյանի խոսքով՝ Հայաստանի հետ տարվող քաղաքականությունը կապված է տեղի ունենալիք մի քանի կարևոր իրադարձությունների հետ. «Առաջինը՝ ինչպիսին կլինեն այս թեմայով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտեցումները: Մենք գիտենք, որ Ռուբիոն՝ որպես սենատոր, բավականին լավ տեղյակ է տարածաշրջանից և բավականին պրոհայկական դիրքորոշում ունի մի շարք հարցերում: Հիմա պետք է սպասենք նրա առաջին հայտարարություններին և գործողություններին: Երկրորդ և ոչ պակաս կարևոր հարցը՝ ով կփոխարինի Օ'Բրայենին, որովհետև հիմնականում քաղաքականության իրացումը տեղի է ունենում հենց այդ մակարդակով: Մի բան է ակնհայտ, որ այն բոլոր մոտեցումները, որոնք ապոկալիպտիկ կամ մաքսիմալ պրոադրբեջանական իրավիճակ են խոստանում, ինձ թվում է դեռևս մի փոքր շուտ են սկսվել»:

Միանշանակ է, որ Թրամփի համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման դեռ երկրորդական պլանում է՝ նշեց Քոչինյանը. «Դա այս պահին առաջնային հարց չէ, ինչը չի նշանակում, որ չի կարող դառնալ առաջնային: Ադմինիստրացիան դեռ իր մոտեցումները մեր տարածաշրջանի վերաբերյալ չի արտահայտել: ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր պետությունն է և եթե ԱՄՆ-ի համար դա դառնա հարց, որի լուծումը հրամայական է, իհարկե, դա կարող է անել: Այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ ո՛չ տարածաշրջանը, ո՛չ կոնֆլիկտը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն այն նշանակությունն ԱՄՆ-ի համար, որպեսզի մենք խոսենք առաջնահերթության և դրա համար լուծումների գնալու մասին»:

Մեր այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Քոչինյանը նշեց, որ կարող է, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն դա կանի. «Հավանականությունը քիչ է, որովհետև այո, ադմինիստրացիա է փոխվել, բայց նախորդ ադմինիստրացիան, որին շատերը ՀՀ-ում անվանում են պրոհայկական ադմինիստրացիա, անգամ նրանք նման ռեսուրսներ ծախսելու ցանկություն չունեցան, այո, շատ բան արվեց հայ-ամերիկյան օրակարգում, բայց ասել, որ ԱՄՆ-ն ամեն գնով փորձում էր ստանալ խաղաղության պայմանագիրը, կամ ամեն գնով փորձում էր Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ՝ սխալ կլինի: Հիմա սպասել, որ նոր ադմինիստրացիան հենց առաջին օրից այդ հարցերով ավելի ակտիվորեն կսկսի զբաղվել՝ դժվար է հավատալ»:

Քոչինյանը կարևորեց նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը և ընդգծեց. «Հայ-ամերիկյան հարաբերություններն արդեն իսկ բոլորովին նոր մակարդակի վրա են բարձրացված: Այս առումով շատ կարևոր են լինելու առաջիկա մեկ ու կես տարիները, մենք կտեսնենք, թե ստորագրված խարտիայի որ կետերը և ինչպիսի ինտենսիվությամբ են իրացվում»:

Քոչինյանը խոսեց նաև պատերազմներին վերջ տալու Թրամփի հայտարարության մասին. «Կարծում եմ, որ Թրամփի մոտեցումն այս հարցում կոնկրետ է, այն վերաբերում է երկու հիմնահարցերի՝ դա Սիրիան է և Իսրայելը: Երբ նա խոսում է հակամարտությունների դադարեցման մասին, առաջին հերթին նկատի ունի այս երկու ուղղությունները, որտեղ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն հսկայական ռեսուրսներ է ծախսում: Ակնհայտ է, որ Թրամփը բավական հետաքրքրված է գլոբալ փոփոխությունների հեղինակ լինելու հնարավորություններով, ինչպես նաև խաղաղություն բերելու հնարավորություններով: Կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում խաղաղության իր նպատակները կարող են տեսականորեն տարածվել նաև Հարավային Կովկասի վրա»:

Ինչ վերաբերում է ներգաղթյալների հետվերադարձի վերաբերյալ հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց. «Թրամփի հայտարարությունը չի վերաբերում մեր շրջանակներին, դա ավելի շատ վերաբերում է Հարավային Ամերիկայից և Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ ապօրինի ներգաղթած մարդկանց: Իհարկե, ԱՄՆ-ի հայության մեջ էլ կան ապօրինի ներգաղթյալներ, ովքեր հատկապես վերջին տարիներին գումար էին վճարում, գնում էին Մեքսիկա, այնտեղից սահման էին անցնում և փախստականի կարգավիճակ էին ստանում ԱՄՆ-ում: Այս մարդկանց դա կարող է վերաբերել, բայց ինչքանով ես եմ հասկանում՝ ԱՄՆ-ում ապրող հայության մեջ սա չնչին տոկոս է կազմում»:

 

Աննա Բզնունի

23 Հունվար, 2025 15:50
Վեր