Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարից առաջ որոշել է փոխել իր մարտական մականունը։
Հայտնի լրագրող Արիել Հելվանիին տված հարցազրույցում նա հայտնել է, որ այսուհետև ամերիկյան պրոմոուշենի օկտագոն դուրս կգա «Բեթմեն» անվան տակ։
Նախկինում Ծառուկյանը հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականվամբ՝ ի պատիվ իր ծննդավայրի՝ Վրաստանի Ախալքալաք քաղաքի։ Եթե հին տարբերակն ընդգծում էր մարտիկի ծագումն ու արմատները, ապա նոր տարբերակը շեշտը դնում է ավելի գլոբալ, հնչեղ և ճանաչելի կերպարի վրա։
UFC 331 մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։ Երեկոյի երկրորդ գլխավոր մենամարտում Ծառուկյանի մրցակիցը կլինի դիվիզիոնի 7-րդ համար Մաուրիսիո Ռուֆին։
Նշենք, որ ի սկզբանե հայ մարտիկը պետք է մրցեր բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, սակայն վերջինս անձնական պատճառներով հրաժարվել է մենամարտից։
«Բեթմենի» համար սա առաջին մենամարտը կլինի 2025 թվականի նոյեմբերից ի վեր, երբ նա վստահ հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ։ Շատ փորձագետներ, այդ թվում՝ հայտնի մարտիկ Ջասթին Գեյջին, Արմանին համարում են թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու գլխավոր հավակնորդներից մեկը:

