Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս օրերին սոցիալական մեդիայում շրջանառվում է կալանավոր Ստեփան Սամվելյանի մասին տեղեկատվություն, որը ստացել է հանրային լայն հնչեղություն: Zarkerak.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությամբ էր հանդես եկել, որ այցելել են նրան: Կխնդրենք տեղեկատվություն տրամադրել անձի առողջական վիճակի մասին, քանի որ սոցիալական մեդիայի հարթակներում տարբեր կարծիքներ են շրջանառվում: Այո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցին մասնակցել եմ նաև ես, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ եմ: Կխնդրենք նկատի ունենալ, որ այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն, քանի որ առողջական վիճակին վերաբերող տեղեկատվությունն իր էությամբ բժշկական գաղտնիք է պարունակում: Միայն կարող ենք նշել, որ ազատությունից զրկված Ստեփան Սամվելյանի առողջական վիճակին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն արձագանքել է դեռևս նախքան քրեակատարողական հիմնարկ այցելելը։ Մասնավորապես՝ պահանջվել և ուսումնասիրվել են Ստեփան Սամվելյանի առողջական վիճակին վերաբերող առկա բոլոր բժշկական փաստաթղթերը։
Հիմնվելով ստացված տեղեկությունների և ուսումնասիրությունների վրա՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչն անհապաղ կապ է հաստատել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ՝ ընդգծելով Ստեփան Սամվելյանին շտապ քաղաքացիական բժշկական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նույն օրը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի ավարտին, Մարդու իրավունքների պաշտպանի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում Ստեփան Սամվելյանին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանությանը՝ անհրաժեշտ բոլոր միջոցներով նպաստելով նրան պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու ապահովմանը։


