Բազմաթիվ ֆակուլտետներ՝ առանց դիմորդների. որ մասնագիտություններն իրենց տեղը չեն զիջում, ինչ է պահանջում աշխատաշուկան. Սերոբ Խաչատրյան Zarkerak - Բազմաթիվ ֆակուլտետներ՝ առանց դիմորդների. որ մասնագիտություններն իրենց տեղը չեն զիջում, ինչ է պահանջում աշխատաշուկան. Սերոբ Խաչատրյան
Zarkerak Zarkerak - Բազմաթիվ ֆակուլտետներ՝ առանց դիմորդների. որ մասնագիտություններն իրենց տեղը չեն զիջում, ինչ է պահանջում աշխատաշուկան. Սերոբ Խաչատրյան
Բազմաթիվ ֆակուլտետներ՝ առանց դիմորդների. որ մասնագիտություններն իրենց տեղը չեն զիջում, ինչ է պահանջում աշխատաշուկան. Սերոբ Խաչատրյան

Բազմաթիվ ֆակուլտետներ՝ առանց դիմորդների. որ մասնագիտություններն իրենց տեղը չեն զիջում, ինչ է պահանջում աշխատաշուկան. Սերոբ Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս տարի երկու փուլի արդյունքում բուհ է ընդունվել 10970 դիմորդ՝ 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում, դուրս է մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել, նախորդ տարվա համեմատ (10720 դիմորդ) գրանցվել է աճ»,- այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ-ից:

Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար և 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։

«Ունենք Արցախից բռնի տեղահանված երիտասարդներ, պայմանավորված նաև այս հանգամանքով՝ վերջին երկու տարիներին դիմորդների թվի մի փոքր աճ կա, բայց միտումները մնում են նույնը: Միակ բանը, որ այս տարի նախորդ տարիների համեմատ տարբեր էր, այն է, որ շատ ավելի մեծ թվով դիմորդներ կարողացան ընդունվել այն մասնագիտությամբ, որին իրենք հայտ էին ներկայացրել հիմնական փուլում: Բազմաթիվ ֆակուլտետներում տեղերը կրճատվել են: Օրինակ՝ հիմնական փուլում դիմորդը դուրս է մնացել Բժշկական համալսարանից, թափուր տեղերի ժամանակ փորձում է ընդունվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, բայց քանի որ այստեղ էլ փորձել են տեղերը կրճատել, այդ դեպքում արդեն դուրս մնացածները պետք է ընդունվեն Մանկավարժականի կենսաբանության ֆակուլտետ, այսինքն՝ տեղերի կրճատման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այն բուհերը, որոնք ունենում էին մեծ թվով թափուր տեղեր՝ Ագրարային համալսարան, Մանկավարժական համալսարան՝ ավելի համալրվեն: Սակայն իհարկե, ընդհանուր տենդենցը չփոխվեց, էլի այդ բուհերում մեծ թվով թափուր տեղեր մնացին»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Ըստ փորձագետի՝ տեղերի կրճատումը որոշ առումով նաև խնդիր է առաջացնում. «Մենք հիմա ունենք մասնագիտություններ, որտեղ ծիծաղելի թվով տեղեր են հատկացվում, օրինակ՝ 10-15 տեղ, չի կարելի այդքան քիչ թվով տեղեր հատկացնել, մանավանդ, որ այդտեղ կարող են ավելի շատ ընդունվել: Օրինակ՝ Փիլիսոփայության համար հատկացվել է 3 անվճար, 12 վճարովի տեղ: Նույն Փիլիսոփայությունում երկրորդ փուլում մնացել է 5 թափուր տեղ և դիմել է 40 մարդ: Մասնավոր համալսարաններում ավելի ծիծաղելի վիճակ է, ունենք մասնագիտություն, որի համար հատկացված է մեկ անվճար 4 վճարովի տեղ, ինչպես կարելի է պատկերացնել 5 հոգանոց կուրս: Պետք է այնպես անենք, որ գոնե բուհերում կուրսերը 20-25 հոգուց պակաս չլինեն»:

Այն, որ անվճար թափուր տեղեր ևս մնացել են՝ Խաչատրյանը մտահոգիչ համարեց. «Մենք Հայաստանում ունենք այնպիսի մասնագիտություններ, որտեղ անվճար տեղերը մնացել են թափուր, դրանք հիմնականում Ագրարային, Ճարտարագիտական, Մանկավարժական համալսարաններում են: Սա լուրջ խնդիր է, որովհետև առանց այդ էլ անվճար տեղերը ՀՀ բուհերում քիչ են, այդ տեղերը թափուր մնացին, որովհետև նախընտրող չկար: Դրական ստացած դիմորդների մի մասը չի ուզում այլ ֆակուլտետ ընդունվել, կարող է հեռակա դիմել կամ մեկ տարի սպասել ու նորից դիմել: Այս տարի թափուր տեղերի մրցույթի ժամանակ որոշ ֆակուլտետներում անցողիկ շեմը շեշտակի բարձրացել էր, որովհետև օրինակ՝ 3 թափուր տեղ էր մնացել, բայց 50 անձ դիմել էր»:

Այս տարի պետական բուհերում 25, իսկ ոչ պետական բուհերում 96 մասնագիտության գծով դիմորդներ չեն եղել: Պետական բուհերում՝ մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, պարենամթերքների տեխնոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն և ֆակուլտետներ։ Ոչ պետական բուհերում՝ հոգեբանության, իրավագիտության, ֆինանսների, ինֆորմատիկայի ֆակուլտետներ։ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ոչ պետական բուհերը հիմնականում չեն կարողանում մրցակցել պետականների հետ. «Կարող է ոչ պետական բուհում իրավագիտությունից թափուր տեղ լինի, բայց մարդը չդիմի, որովհետև չի վստահում ոչ պետական բուհի կրթությանը, ինքը գերադասում է ընդունվել պետականի հեռական: Դա մտահոգիչ է, բայց խնդիրն էլ այն է, որ մեզ մոտ ոչ պետական բուհերի թիվը շարունակում է շատ մնալ: Պետական բուհերն ունեն շատ առավելություններ, հնարավորություններ և նրանց հետ մրցակցելը շատ բարդ է»:

Առաջատար բուհերը շարունակում են մնալ ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ՀԱՊՀ-ն: Չնայած այն հանգամանքին, որ օրինակ՝ Ագրարային համալսարանի մի շարք բաժիններ ընդունվելու դեպքում պետությունը կրթաթոշակ է հատկացնում, միևնույնն է դիմորդները կրկին չեն նախընտրել այդ բաժինները:  Ըստ Խաչատրյանի՝ կրթաթոշակների տրամադրումը ֆունդամենտալ լուծում չէ, այլ՝ ժամանակավոր. «Դա իհարկե, որոշակի դրական տեղաշարժի բերեց, բայց հասկանալի է, որ ոչ բոլոր են պատրաստ միայն կրթաթոշակի համար գնալ Ագրարային, որովհետև եթե մարդն ուզում է դառնալ իրավաբան կամ բժիշկ, ինչու պետք է կրթաթոշակի համար գնա այլ բաժին: Մարդիկ նայում են նաև աշխտաշուկայում այդ աշխատանքն ինչպես է վարձատրվում, նայում են այդ աշխատանքը հեշտ է, թե դժվար: Օրինակ՝ այսօր ուսուցիչը, եթե ատեստավորում անցնի, կարող է մինչև 400 հազար աշխատավարձ ստանալ, բայց մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ այն պատճառով, որ այդ աշխատանքը շատ դժվար է, դրա համար մարդն ասում է՝ ինչու ես գնամ Մնակավարժական, ուսուցիչ դառնամ ու հետո նյարդերս քայքայեմ, ավելի լավ է գնամ մենեջեր, ծրագրավորող, իրավաբան դառնամ, որ հետո ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնեմ և ավելի հանգիստ աշխատեմ»:

Դիմորդները շարունակել են նախընտրել իրավագիտությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, բժշկական մասնագիտությունները: Սերոբ Խաչատրյանը նշեց, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդիկ նայում են՝ աշխատաշուկայում որն է նախընտրելի. «Ծրագրավորողները, մարկետոլոգները մարդկանց վրա վաճառում են պրոբլեմներ, մենք դա գնում ենք ու դառնում ենք դրանցից կախված, հետո գալիս են բժիշկները, հոգեբանները, իրավաբանները, որոնք ասում են՝ դուք պրոբլեմներ ունեք, եկեք մենք լուծենք: Հենց վերը նշված մասնագիտություններն են ամենապահանջվածը, որովհետև առաջինները խնդիրներ են ստեղծում, մնացածն այդ խնդիրները լուծում են: Արդեն մնացած մասնագետներն այս խաղից դուրս են, դրա համար էլ մարդիկ նշված մասնագիտություններն են նախընտրում: Պետք է հասարակական կյանքը փոխվի, դա արդեն կրթության խնդիրը չէ: Օրինակ՝ Ֆիզիկայի բաժին սկսել են դիմել, որովհետև տարկետում տրվեց, հասարակական կյանքում փոփոխություն մտցվեց, ասվեց՝ ով ընդունվի ֆիզիկա, ռադիոֆիզիկա, իրենց բանակ չեն տանի, դիմորդները միանգամից շատացան: Ուզում ենք օրինակ՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում ամենալավ մասնագետներին բերենք, միևնույնն է դիմորդների թիվը չի շատանալու, որովհետև աշխատաշուկայում չկա պահանջարկ»։

 

Աննա Բզնունի

14 Օգոստոս, 2025 13:36
Վեր