Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում սկսվում է կարևոր փուլ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Ըստ տեղեկատվությունների, նախատեսվում է, որ թուրք բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի ցամաքային ճանապարհով՝ Ալիջան-Մարգարա անցակետով։ Նշվում է, որ առաջին անգամ տեղի ունենալիք երկկողմ պատվիրակությունների հանդիման ժամանակ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշումներ են ընդունվելու։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններն արդեն ավելի քան երեք տասնամյակ մնում են առանց դիվանագիտական կարգավորման։ Չնայած աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, հարաբերությունների նորմալացումը շարունակում է հանդիպել ինչպես պատմական, այնպես էլ քաղաքական բարդությունների։ Սակայն վերջին տարիներին կողմերը ցուցաբերում են առաջ շարժվելու որոշակի պատրաստակամություն՝ թեկուզ փոքրու զգուշավոր քայլերով։
Թուրքիան եղել է առաջին երկրներից մեկը, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին, սակայն դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն հաստատվել։ Սահմանը փակ է 1993-ից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետ։ Այս փակ շրջանը շարունակվում է մինչև այսօր՝պայմանավորված ինչպես պատմական հիշողություններով, այնպես էլ ընթացիկ քաղաքական օրակարգերով։
Պատմության ընկալումները դեռևս ստվերում են երկխոսության հնարավորությունները։ Հայոց ցեղասպանության հարցը, թեև առկա է հանրային և քաղաքական դիսկուրսում, սակայն այն ներկայիս բանակցային գործընթացներում ուղղակիորեն առաջնային թեմա չէ։ Կողմերը հիմնականում կենտրոնանում են պրագմատիկ խնդիրների վրա՝ տնտեսական, ենթակառուցվածքային և հաղորդակցային ուղղություններում։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքնանպատակ չէ Հայաստանի համար, բայց այն կարող է ստեղծել որոշակի ռազմավարական հնարավորություններ, եթե ընթացիկ գործընթացները զարգանան հավասարության և փոխադարձ շահերի հիմքով։
Սահմանների բացումը կարող է բարելավել Հայաստանի առևտրային և տրանսպորտային դիրքը տարածաշրջանում։ Թուրքիայի շուկան մեծ է և հասանելի՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը։ Դա նաև կարող է խթանել ներդրումներ և տնտեսական գործակցություն՝ հատկապես զբոսաշրջության, լոգիստիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։
Հայկական կողմի համար կարևոր է լինել տարածաշրջանային հաղորդակցային և տնտեսական նախագծերի մասը։ Թեև այս նախագծերը երբեմն ներկայացվում են խնդրահարույց ձևակերպումներով, բանակցային գործընթացի միջոցով հնարավոր է ապահովել ազգային շահերի պաշտպանություն՝ միաժամանակ բաց չթողնելով զարգացման հնարավորությունները։
Նորմալացված հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և Հայաստանին թույլ տալ վարել ավելի կանխատեսելի ու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ առանց բացառիկ կախվածության որևէ մեծ խաղացողից։
Չնայած որոշակի դրական ազդակներին՝ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել արագ կամ միակողմանի գործընթաց։ Հասարակական ընկալումները, ներպետական քաղաքական զարգացումները, ինչպես նաև արտաքին ազդեցությունները լուրջ ազդեցություն ունեն բանակցությունների ընթացքի վրա։ Հայաստանի համար կարևոր է հետևողականորեն պաշտպանել իր շահերը, առանց փակելու երկխոսության դռները։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է երկար և բարդ գործընթաց լինել, սակայն այն հնարավորություն է՝ դուրս գալու մեկուսացվածության շրջանակից և ձևավորելու նոր որակի հարաբերություններ հարևանների հետ։ Դա պահանջում է սառը հաշվարկ, ամուր դիրքորոշում և պատրաստակամություն՝ ներգրավվելու խորը, բայց իրատեսական երկխոսության մեջ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


