«Պատիվ ունեմ» խմբակցությունը սեպտեմբերի վերջին կկազմակերպի խորհրդարանական լսումներ, որի նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ այդ լսումների ընթացքում ներկայացնելու են վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ իրենց ծրագրի մասին։ Այս հայտարարությունը թերևս հերթական ապացույցն է, որ ընդդիմադիր դաշտը մնում է գաղափարական դատարկության և քաղաքական հաշվարկների գերին։
2018-ի հեղափոխությունից անցել է ավելի քան վեց տարի, բայց այս ընթացքում ձևավորված ընդդիմադիր դաշտը դեռ չի կարողացել ձևակերպել որևէ համապարփակ օրակարգ, որը դուրս գա «իշխանափոխություն» լոզունգից։ Այդ ուժերի քաղաքական գոյության առանցքում մնացել է միայն իշխանության վերադարձի մոլուցքը՝ անկախ հանրային պահանջից, իրադրությունից կամ անգամ սեփական օրակարգից։
Քաղաքական ճգնաժամերի, պատերազմների, աշխարհաքաղաքական ցնցումների միջով անցած Հայաստանը պետք է ունենար նոր մտածողությամբ և նոր պատասխանատվությամբ ընդդիմություն։ Բայց այն, ինչ մենք ունենք այսօր, լավագույն դեպքում՝ հնագույն դեմքերի նոր փաթեթավորում է, իսկ վատագույն դեպքում՝ հնագույն սխալների կրկնության փորձ։
2020-ի պատերազմից հետո ընդդիմադիր դաշտը մի քանի անգամ փորձեց փողոցային պայքար սկսել՝ հղում անելով պետության փրկության անհրաժեշտությանը։ Սակայն այդ պայքարները հասարակության լայն շրջանակների արձագանք չստացան։ Մարդիկ չէին գալիս հրապարակ՝ ոչ այն պատճառով, որ գոհ էին իշխանություններից, այլ որովհետև չէին վստահում «բեմում» կանգնածներին։
Ովքե՞ր էին այդ դեմքերը․ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ, որոնց իշխանության տարիները հասարակությունը համարում է հենց այն ճահիճը, որից դուրս գալու համար էլ եղավ 2018-ի պայթյունը։
Ընդդիմության՝ պարբերաբար կազմակերպվող բողոքի ակցիաները, չկարողացան ձևավորել քաղաքական օրակարգ։ Դրանցից որևէ մեկը չի վերածվել զանգվածային շարժման։ Պատճառը պարզ է՝ ոչ բովանդակություն կա, ոչ վստահություն, ոչ թարմ ուժեր։
Նույն դեմքերով, նույն խոսքերով ու նույն մեթոդներով հանդես գալը տարիների ընթացքում վերածվել է քաղաքական իներտության և մաշվածության։
Ընդդիմության քարոզչության ամբողջ տրամաբանությունը կառուցված է հին բարոյալքված մոտեցման վրա․ աղմկել՝ որքան հնարավոր է շատ, խոսել՝ որքան հնարավոր է հուզական, իսկ թե ինչ անել հետո՝ թող բաց մնա։
Ազգային ժողովում՝ «իմպիչմենտի» վերաբերյալ լսումներ անցկացնելու գաղափարն ըստ էության ընդդիմության հաջորդ հուսահատ փորձն է՝ իշխանությունը փոխելու։ Սակայն այս գործընթացը քաղաքականապես ընկալվում է ոչ թե որպես լուրջ ու ծրագրային քայլ, այլ նիրհող ընդդիմության հերթական ցատկը՝ իր գոյությունը հիշեցնելու համար։
Իսկ այս ամբողջ գործընթացի զավեշտն այն է, որ հենց այս նախաձեռնության նկատմամբ հակասական վերաբերմունք են ցուցաբերում նախկին նախագահների թիմակիցները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը խիստ հակասական մոտեցում ունեն իմպիչմենտի վերաբերյալ, ինչը խոսում է ընդդիմադիր դաշտում առկա ներքին պայքարի մասին։ Մրցակցություն՝ ով ավելի «իշխանափոխական» է, ով՝ ավելի «ճիշտ ընդդիմություն»։ Իսկ այս խզվածությունը քաղաքականության մեջ վերածվում է ֆարսի՝ երբ ոչ թե իշխանությունն է խոցելի, այլ ընդդիմությունն է ինքն իրեն «իմպիչմենտ» է անում։
Այս լսումները չունեն հաջողության ռեալ հիմքեր։ Փոխարենն ունեն միայն մեկ ֆունկցիա՝ դառնալ ընդդիմադիրների համար հերթական հարթակ՝ միմյանց ցուցադրելու, թե ով ավելի անկեղծ է Փաշինյանի դեմ պայքարում։
Հայաստանյան ընդդիմությունը դեռ չի հաղթահարել սեփական անցյալի բեռը։ Այն պայքարում է ոչ թե ապագայի համար, այլ վերադարձի։
«Իմպիչմենտի» այս նոր փուլը, իր լսումներով հանդերձ, դառնում է ոչ թե համակարգային փոփոխության ուղի, այլ ապացույց, որ քաղաքական սնանկությունը երբեմն պարզապես նոր փաթեթավորում է ստանում, բայց չի փոխվում։
Քաղաքական հասունությունը սկսվում է սեփական ձախողումը գիտակցելուց։ Մինչդեռ մեր ընդդիմությունն այդ գիտակցությանը ոչ մոտ է, ոչ՝ պատրաստ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


