Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ Zarkerak - Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ
Zarkerak Zarkerak - Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ
Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ

Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ

Ադրբեջանը վաղուց իր նավթն ու գազը վաճառում է տասնյակ երկրների՝ այդ թվում այն պետություններին, որոնք բացարձակ չեն կիսում նրա քաղաքական գիծը։ Ադրբեջանական SOCAR-ը միջազգային կորպորացիա է՝ բազմաշերտ փայատերերով, օտարերկրյա կապիտալով, եվրոպական ու ասիական շուկաներում գործող պայմանագրերով։

SOCAR-ը միաժամանակ հանդիսանում է աշխարհի խոշորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային էներգետիկ ծրագրերի ակտիվ մասնակից։ Այն ներգրավված է Կասպից ծովի ամենախոշոր նավթային նախագծերից մեկում՝ Azeri–Chirag–Gunashli (ACG) կոնսորցիումում, որտեղ գործակցում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հունգարիայի, Թուրքիայի և Հնդկաստանի առաջատար էներգետիկ ընկերությունների հետ։ Բացի այդ, SOCAR-ը առանցքային դեր ունի Բաքու–Թբիլիսի–Ջեհյան (BTC) միջազգային նավթատարի նախագծում, որը միավորում է Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի խոշոր էներգետիկ դերակատարներին և հանդիսանում է Կասպյան նավթի արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Գազային ոլորտում SOCAR-ը ներգրավված է Shah Deniz հանքավայրի շահագործման և Հարավային գազային միջանցքի ամբողջ շղթայի (SCP, TANAP, TAP) մեջ՝ գործակցելով Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի խոշոր ընկերությունների հետ, ինչի արդյունքում ընկերությունը դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ։

Աշխարհը վաղուց հասկացել է մի պարզ բան․ էներգակիրները չեն շարժվում հայրենասիրական լոզունգներով, այլ՝ շահերի հաշվարկով։

Այս ֆոնին հարց է առաջանում․ ինչո՞ւ Հայաստանը պետք է հրաժարվի մի հնարավորությունից, որը տարեկան մոտ 100 միլիոն դոլարի տնտեսում է ապահովում իր տնտեսության համար։

Եթե Հայաստանի տնտեսությունը կարող է ավելի էժան վառելիք ստանալ, նվազեցնել բիզնեսի ծախսերը, մեղմել գնաճային ճնշումները և թեթևացնել քաղաքացիների բեռը, դա դավաճանությո՞ւն է, թե՞ պատասխանատու տնտեսական քաղաքականություն։

Որոշ շրջանակներ փորձում են տնտեսական որոշումները վերածել բարոյական դատաստանի՝ «ով ինչից է գնում, ումից է գնում» տրամաբանությամբ։ Բայց եկեք անկեղծ լինենք․ նույն մարդիկ հանգիստ օգտագործում են թուրքական, ռուսական, չինական ապրանքներ, նստում են արևմտյան բենզինով աշխատող մեքենաներ, օգտվում են գլոբալ շուկայի բոլոր բարիքներից, իսկ երբ հարցը հասնում է Հայաստանին շահավետ գործարքի՝ սկսում են քար նետել։

Տնտեսությունը պատերազմի շարունակություն չէ, և պետության ղեկավարումը ֆեյսբուքյան էմոցիաներով չի արվում։ Եթե Ադրբեջանը նույն վառելիքը վաճառում է Իտալիային, Իսրայելին, Վրաստանին, եվրոպական խոշոր խաղացողներին, ապա Հայաստանը հրաժարվելով դրանից չի «պատժում» Ադրբեջանին․ պարզապես պատժում է ինքն իրեն։

100 միլիոն դոլարը գաղափարախոսություն չէ։ Դա ճանապարհներ են, աշխատավարձեր են, սոցիալական ծրագրեր են, կրթություն ու անվտանգություն են։ Դա գումար է, որը մնում է երկրի ներսում և աշխատում է Հայաստանի համար։

Իսկ ովքեր այսօր ամենաշատն են գոռում «չի կարելի», վաղն առաջինն են լինելու դժգոհ գնաճից, վառելիքի թանկացումից ու տնտեսության կանգից։

Պետական մտածողությունը սա է: Թշնամանքն ու հիշողությունը պահվում են պատմության մեջ, իսկ տնտեսությունը ղեկավարում են սառը հաշվարկով։ Մնացածը՝ աղմուկ է։

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

23 Դեկտեմբեր, 2025 20:22
Վեր