Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արտակարգ իրավիճակներում բնակչության արագ արձագանքելու կարողությունները զարգացնելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքում և մարզերում պարբերաբար անցկացնում է հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, վարժանքներ, սեմինար-դասընթացներ։
Հրշեջ-փրկարարական ջոկատները դպրոցներում անցկացրել են արտակարգ իրավիճակներում վարքականոնների և ազդարարման վերաբերյալ դասընթացներ։ Մասնակիցներին տրամադրվել են աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց-բուկլետներ։
Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել համայնքապետարաններում, հյուրանոցային համալիրներում, ուսումնական հաստատություններում, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում։
Ուսումնավարժությունների նպատակը անձնակազմի մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելն էր:
Մարզերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքներ» թեմայով վարժանքներ։ Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվել են արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ վարքականոնները:
Անցկացվել են հատուկ շտաբային ուսումնավարժություններ. քննարկվել են ջրամբարների պատվարի հնարավոր փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման հարցեր։
Հրամանատարական պատրաստության պարապմունքներ են անցկացվել մարզպետարանների և համայնքների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ՝ վտանգավոր տարածքներից բնակչության և նյութական արժեքների տարհանման և բնակչության կենսաապահովման կազմակերպման վերաբերյալ:
Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները սեմինար-դասընթացներ են անցկացվել նաև առևտրային ընկերությունների, բիզնես կենտրոնների, նախակրթարանների, մսուր-մանկապարտեզների անձնակազմերի հետ։
Արտակարգ իրավիճակներում աշխատակիցների և այցելուների տարհանման օպերատիվ կազմակերպման ուղղությամբ օբյեկտային վարժանքներ են անցկացվել գործարաններում և բժշկական կենտրոններում:
ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար անցկացվող բազմաբնույթ միջոցառումները նպաստում են անձնակազմի պատրաստվածությանը, բնակչության իրազեկվածությանը և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը:


