Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչու շատ ավելի չի մեծացել մեր առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ, ես չեմ կարծում, որ շեշտակի բարձր է եղել ներմուծման մաքսատուրքը: Մեզ մոտ ի՞նչն է խանգարում, տրանսպորտային կոմունիկացիանե՞րն է, ի՞նչ խնդիր ունենք մենք, ուղղակի չվստահե՞լն է, թե՞ այլ երկրներ մեզ ավելի հարմար է արտահանելը: Մենք պետք է շատ տարբեր ապրանքներ արտահանեինք դեպի ԱՄԷ, և այնտեղից ես միշտ այդ կարգի մտքեր եմ լսել, որ ասել են ինչու՞ չեք ավելի լայն ապրանքներ ներկրում ԱՄԷ: Նրանք միշտ պատրաստ են ընդունելու, հիմա էլ, որ արդեն օրենքի ուժ ենք տալիս համաձայնագրի վավերացման արդյունքում, ունե՞ք հաշվարկ, թե ինչքան կարող ենք օգտակար լինել, որպեսզի ավելի մեծ ծավալներ գնա, որովհետև դա կբերի դիվերսիֆիկացման, ու այդ կողմ արդեն կսկսենք արդեն որոշակի ապրանքներ արտահանել»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով «ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների մի կողմից և ԱՄԷ -ի միջև մյուս կողմից տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, նա իր հարցերն ուղղեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանին:
Ըստ փոխնախարարի, Ծոցի երկրները շարունակում են մնալ դիվերսիֆիկացիայի առումով երկրորդ ամենահետաքրքիր շուկաներից մեկը.«Մենք ԱՄԷ-ի հետ բավականին լավ առևտրաշրջանառություն ունենք, 2026-ի հունվարին կազմել է 7,5 միլիոն դոլար»,- ասաց նա:
«Երեկ կառավարությունը ոսկերչական իրերի պատրաստման առումով բավականին լավ պայմաններ տվեց մեր ոսկերիչներին, նշանակում է մեր ոսկերչական ապրանքն առավել մրցունակ կլինի, հաշվարկ ունե՞ք, թե այդ մրցունակի արդյուքնում ինչքան կարտահանվի որպես պատրաստի ապրանք»,- հարց ուղղեց Սուքիասյանը, Հովակիմյանն էլ արձագանքեց, որ վստահ է այդ հաշվարկը կա, բայց իր մոտ հիմա չկա:


